ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Մարտունի համայնքի կառուցվածքային զարգացման հեռանկարները» վերնագրով հանրային քննարկում Մարտունի քաղաքում

01:16, փետրվարի 07, 2019

Փետրվարի 5-ին Մարտունի քաղաքում տեղի ունեցավ «Մարտունի համայնքի կառուցվածքային զարգացման հեռանկարները» վերնագրով հանրային քննարկումը, որի նպատակն էր քննարկել և ձևակերպել համայնքի զարգացման տեսլականը և ուրվագծել համայնքի զարգացմանն ուղղված կրթական, մշակութային, սոցիալական, տնտեսական ծրագրերը։

Հանդիպումը բաղկացած էր երկու մասից՝ առաջինում կազմակերպիչները ներկայացրեցին միջոցառման նպատակները և օրակարգը, ինչպես նաև Մարտունու համայնքապետարանի տնտեսական զարգացման գծով պատասխանատու Վարազդատ Մհերյանը ներկայացրեց համայնքում առկա ծրագրերի, ռեսուրսների, խնդիրների և հնարավորությունների պատկերը ՏԻՄ ընկալմամբ։

Հանդիպման երկրորդ մասում մասնակցիները «Կրթություն», «Առողջապահություն», «Մշակույթ», «Տնտեսություն» և «Հանրային տարածք/միջավայր» խմբային դիրքերից քննարկեցին ոլորտային զարգացման համար գոյություն ունեցող ռեսուրսներն ու խոչընդոտները, ինչպես նաև փորձեցին ուրվագծել ոլորտային զարգացման տեսլականները համայնքի համար։ Խմբային աշխատանքի ընթացքում քննարկվեց նաև աշխարհի հետ կապը և դրա օգտագործումը համայնքի զարգացման համար, ինչպես նաև գեներացվեցին կոնկրետ զարգացման ծրագրեր։

Խմբային աշխատանքում կիրառվեց քարտեզագրման մեթոդը, որի հիմնական նպատակն էր Մարտունի համայնքի քարտեզի վրա պատկերել վերը նշված քննարկման արդյունքում ձևակերպված ոլորտային զարգացման տեսլականները։ Օրինակ, երևակայել Մարտունի համայնքում հեծանվաուղու համար անհրաժեշտ ենթակառուցվածքի հնարավորությունները կամ քննարկել համայնքը Սևանա լճի հետ կապելու համար անհրաժեշտ կառույցները։ Դա հնարավորություն տվեց ավելի հստակ պատկերացնել առկա և հնարավոր պատկերները և ավելի առարկայական պատկերացում ստանալ անելիքների և անհրաժեշտ ռեսուրսների մասին։

Միջոցառան վերջում բոլոր խմբերը ներկայացրեցին իրենց աշխատանքի արդյունքները։ Առաջիկայում նախատեսվում է ԵՀՀ թիմի, Մարտունի ինֆոտան և հրավիրյալ փորձագետների ներգրավմամբ վերլուծել միջոցառման ընթացքում դուրս բերվածը, մշակել առաջարկների թիրախավորված փաթեթներ ուղղված ՏԻՄ-ին, մասնավոր հատվածին, ակտիվ խմբերին, ինչպես նաև կառավարությանը։ Բոլոր խմբերի քարտեզների համադրման միջոցով դուրս կբերվի Մարտունի համայնքի զարգացման ամբողջական պատկերը։ Միջոցառումը նախադեպ կհանդիսանա նմանատիպ հանրային քննարկումների կազմակերպմանը նաև այլ համայնքներում։
Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում։


0



Օրացույց


Տվյալներ չկան