ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտերի ընդունման հրավեր Ինֆոտուն ստեղծելու նպատակով

06:31, հունիսի 13, 2019

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում հրավիրում է Արագածոտնի մարզային ՀԿ-ներին դիմելու մրցույթի՝ Ինֆոտուն ստեղծելու նպատակով:

«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագիրը վեցամյա գործընթաց է, որի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությանը արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:

Ինֆոտների ցանցը ձևավորվել է 2011 թ-ին ԵՀՀ կողմից իրականացվող  «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի ավարտից հետո Ինֆոտները շարունակել են իրենց ինքնուրույն գործունեությունը թե՛ ԵՀՀ աջակցությամբ, և թե՛ այլ ծրագրերի միջոցով։ 2014թ-ից «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում սկիզբ դրվեց Ինֆոտները որպես «Ինֆոտուն» սոցիալ-նորարարության կենտրոններ վերափոխելու գործընթացին:

ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում Ինֆոտների գլխավոր նպատակն է` դառնալով քաղաքացիների համար տեղեկատվություն մշակելու և տարածելու համար անհրաժեշտ մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հագեցած ռեսուրս-կենտրոններ, նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացի մասին տեղեկացվածության և հանրային մասնակցության բարձրացմանը: Ինֆոտների հիմնական գործառույթներն են՝ մեդիա ոլորտին վերաբերող դասընթացների, վավերագրական տեսաֆիլմերի դիտումների և քննարկումների, մամուլի ասուլիսների կազմակերպումը, երիտասարդության, առողջապահության, կրթության, քաղաքացիական հասարակության, կառավարման ոլորտներում առկա հիմնախնդիրների վերաբերյալ նյութերի պատրաստումը և դրանց տեղադրումը առցանց տիրույթում, համայնքային խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը և այլն:

Սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել  նոր ինֆոտուն  Արագածոտնի մարզում: Ինֆոտուն ստեղծելու և գործարկելու համար նախատեսված դրամաշնորհի գումարը կազմում է 3,800,000 ՀՀ դրամ։ Դիմող կազմակերպությունը տրամադրվող գումարին պետք է հավելի 10% սեփական ներդրում։ Այս գումարը տրամադրվում է նոր Ինֆոտան ձևավորման (կարող է ներառել գրասենյակի ձևավորման, սարքավորումների ձեռք բերման ծախսեր), գրասենյակի պահպանման, աշխատանքի վարձատրության, գործուղման ծախսերի, ինչպես նաև ՀաՄաՏեղ ծրագրի առաքելությունից և նպատակներից բխող գործողությունների իրականացումը, որոնք կարող են ներառել, բայց սահմանափակված չեն հետևյալ գործողություններով՝

  • ՏԻ ոլորտի և մասնակցային գործիքների մասին իրազեկում
  • Բնակիչ-ՏԻՄ կապի ամրապնդում
  • ՏԻՄ և համայնքային ենթակայության տակ գտնվող հաստատությունների աշխատակազմերի կարողությունների զարգացմանն ուղղված գործողությունների իրականացում
  • Բնակիչների՝ որպես ինֆոտան առաջնային շահառուների մասնակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված կարողությունների զարգացում
  • Աջակցություն մասնակցային գործիքների օգտագործմամբ հանրային նախաձեռնությունների իրականացմանը
  • ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում կազմակերպվող  մարզային միջոցառումների նախապատրաստում,
  • Ծրագրի կողմից պատրաստված նյութերի և տեղեկատվության տարածում

Նոր Ինֆոտունը հնարավորություն կստանա մասնակցելու ԵՀՀ կողմից կազմակերպվող վերապատրաստման միջոցառումներին, ինչպես նաև այլ Ինֆոտների հետ միասին մասնակցելու տարեկան գործողությունների ծրագրի մշակմանը։

Ծրագրի նախատեսված տևողությունը 2019թ․ հունիսի 15-ից 2020թ․ օգոստոսի 31-ն է:

Այժմ գործող Ինֆոտներն են.

  1. Արմավիրի զարգացման կենտրոն՝ «Արմավիր ինֆոտուն»
  2. Սախարովի անվան մարդու իրավունքների ՀԿ Շիրակի մասնաճյուղ՝ «Գյումրի ինֆոտուն»
  3. Մարտունու կանանց համայնքային խորհուրդ՝ «Մարտունի ինֆոտուն»
  4. Գորիսի Մամուլի ակումբ՝ «Սյունիք ինֆոտուն»
  5. ՀԿ կենտրոն ՀԿ Լոռու մասնաճյուղ՝ «Վանաձոր ինֆոտուն»
  6. ԵՀՀ Հյուսիսային մասնաճյուղ՝ «Իջևան ինֆոտուն»
  7. Քոլսոն ՀԿ՝ «Արարատ ինֆոտուն»
  8. Աշխատանք և Հայրենիք ՀԿ՝ «Վայք ինֆոտուն»
  9. Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն ՀԿ՝ «Հրազդան ինֆոտուն» (Ինֆոտան պաշտոնական բացումը դեռ չի եղել)

Համապատասխանության չափանիշերը․

Դիմող կազմակերպությունը պետք է՝

  1. Հանդիսանա ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություն, կամ հիմնադրամ.
  2. Գրանցված լինի Արագածոտնի մարզում.
  3. Ունենա հնարավորություն գործունեություն ծավալել ողջ մարզի տարածքով.
  4. Գրասենյակ ունենա մարզի բնակավայրերի համար հասանելի բնակավայրում, ցանկալի է մարզկենտրոնում կամ մարզի այլ խոշոր բնակավայրում։

Ծրագրային առաջարկի փաթեթը

Ծրագրային առաջարկի փաթեթը պետք է ներառի՝

  1. ԻնֆոՏուն դառնալու ցանկությունը հիմնավորող հետաքրքրության նկարագրություն և վերը նշված սկզբունքների վրա հիմնված ծրագրային առաջարկ (մինչև 4 էջ),
  2. Կազմակերպության առաքելության և գործունեության նկարագրությունը (0.5 էջ),
  3. Կազմակերպության գրանցված աշխատակիցների վերաբերյալ տեղեկություններ (քանակը, մասնագիտությունը, տարիքային խումբը) (0․5 էջ),
  4. Կազմակերպության փորձը տեղական ինքնակառավարման, հանրային իրազեկման և քաղաքացիական մասնակցության խթանման ոլորտներում, ինչպես նաև կազմակերպության կողմից վերջին երեք տարիների ընթացքում իրականացված ծրագրերի համառոտ նկարագրությունները (մինչև 2 էջ)
  5. Տեղեկատվություն կազմակերպության թիրախ խմբերի և մարզային ծածկույթի և շահառուների ընդլայնման վերաբերյալ կազմակերպության ծրագրերի մասին (0.5 էջ),
  6. Ինֆոտան բյուջեն համաձայն կից (բյուջև և բյուջեի բացատրագիր) ձևաչափի `վարչական, ծրագրային, մարդկային ռեսուրսների և ձևավորման համար առանձին բյուջետային տողերով։

Հայտերի ներկայացման պայմանները

Հետաքրքրված կազմակերպություններն իրենց հայտերը կարող են ներկայացնել էլեկտրոնային տարբերակով ուղարկելով փաստաթղթերի փաթեթները ԵՀՀ աշխատակից Տաթև Փափազյանին tpapazyan@epfound.am հասցեով։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս․թ․ հունիսի 24-ն է։ 

Լրացուցիչ հարցերի համար կարող եք կապվել Տաթև Փափազյանին, 093 25 15 96 հեռախոսահամարով կամ tpapazyan@epfound.am հասցեով։


0



Օրացույց


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ