ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Արմավիրում համայնքների խոշորացում սպասվում է 2020թ-ին

10:42, օգոստոսի 08, 2019

Արմավիրի մարզում այս տարի աշնանը նախատեսվում էր համայնքների խոշորացում: Նախնական տվյալներով մարզի 97 համայնքը միավորվելու է 20 փնջում: Փնջերի մասին համայնքների ղեկավարներից քչերն են տեղեկացված: Քննարկումներին նրանց մի մասը չի հրավիրվել:

Խոշորացվող համայնքներում կազմակերպվելու են  քննարկումներ և լսելու են բնակիչների առաջարկները: Արմավիրի մարզում համայնքերի խոշորացումը նախատեսել են իրականացնել 2020 և 2021թթ-ին: 

Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի համայնքների խոշորացման գործընթացն ավարտելուց հետո հերթը հասնելու է Արմավիրին: Մյուս մարզերի բնակավայրերի համեմատությամբ Արմավիրի մարզի գյուղերն ավելի խիտ են բնակեցված և թվում էր, թե Արմավիրը դուրս է մնալու խոշորացման գործընթացից: 

Համայնքների վարչատարածքային բարեփոխումներն անցած տարիներին կազմակերպվել են առանց հաշվի առնելու համայնքների բնակիչների կարծիքները: Հիմա կառավարության մոտեցումն այլ է՝ կազմակերպվելու են  հանրային լսումներ, Արմավիրի զարգացման կենտրոնում «Մեդիա» կենտրոնի կազմակերպած համայնքների խոշորացման վերաբերյալ քննարկմանն ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

«Ինչ կհասցնենք ԱԺ տանել, որ համայնքներում կհասցնենք քննարկել, բնակիչների կածիքները լսել, այդ համայնքներին էլ կտանենք: Արմավիրի մարզում, եթե լինի, ապա մեկ-երկու համայնք: Հիմնականում 2020-2021թթ-ին կարող է լինել»:

Մինչև փնջերի ձևավորումը համայնքների խոշորացման նախնական ճանապարհային քարտեզ էր գծել Արմավիրի զարգացման կենտրոնը՝ հանդիպելով իրենց կազմած փնջերի համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Լսել են առաջարկություններն ու փնջերը  վերջնական տեսքի բերել, ներկայացրել կառավարություն: Արմավիրի զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանն առաաջարկեց հաշվի առնել համայնքներն իրար կապող ճանապարհները: Դիտարկման կետում նաև  Բաղրամյանի տարածքի գյուղերն էին:

«Բաղրամյանում կառավարության կողմից առաջարկվում էր 2 փունջ, բայց մեր քննարկումների արդյունքում, Բաղրամյանում առաջարկվում էր ստեղծել 3 փունջ: Ասում էին՝ եկեք, միասին գնանք, անցնենք այդ ճանապարհները, որ դուք տեսնենք, թե որ գյուղերը կարող են իրար հետ կապնվել, և որը չէ»:

Համայնքների ղեկավարների և բնակիչների առաջարկությունները լսելով Արմավիրի զարգացման կենտրոնն Արմավիրի տարածքում ձևավորել է 7 փունջ՝ 3-4 համայնքների միավորմամբ:

Նաիրա Առաքելյանին մտահոգում էր Արմավիրի մարզի  խոշորացվող համայնքներում ծրագրերի ներդրումները,  որոնք իրականացվել են առաջին փուլում խոշորացված համայնքներում: 

Համայնքների խոշորացման ընտրական գործընթացը փոխվելու է, ընտրական օրենսգրքում նոր փոփոխություններ են սպասվում: Համամասնական ընտրությունների ձևաչափը ներդրվելու է նաև ՏԻՄ ընտրություններում, որն այժմ կիրառվում է միայն Երևանում, Վանաձորում և Գյումրիում:

Մեծամասնական ընտրակարգը կկիրառվի մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում, դրանից բարձրում կլինեն համամասնական ընտրություններ:  Կա ևս մեկ նորություն՝ քաղաքացիական նախաձեռնություն: Սա արվում է կուսակցական ազդեցություններից դուրս գտնվող մարդկանց համար, նույն սկզբունքով՝ ինչ կուսակցությունների դեպքում :Նոր խոշորացվող համայնքներում արդեն կկիրառվի այս ձևաչափը:

Համայնքների ղեկավարները դեմ էին Արմավիրի մարզի համայնքների խոշորացմանը, անունների փոփոխությանը, համամասնական ընտրություններին: Լուկաշին համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության  անդամ  կարեն Մկրտչյանը պատրաստ է լիազորությունները վայր դնելուն և դեմ է խոշորացմանը.

«Եթե համամասնական ընտրակարգով գնում ենք ընտրությունների, բնակչության մեծ թվով համայնքներում ավագանին ավելի շատ ներկայություն կունենա, բնականաբար փոքր համայնքներում էլ ոչ մի ծրագիր չի իրականացվի, ավագանին կողմ կլինի միջոցներն ուղղել իր բնակավայրի զարգացմանը»:

Այգեշատ համայնքի դաշնակցական ղեկավար Արամայիս Մխիթարյանը  նույնպես դեմ է խոշորացմանը և հիշեցրեց ներկա իշխանությունների խոսքը համայնքների միավորման  նպատակով   բնակիչների կարծիքները հաշվի առնելու վերաբերյալ է եթե բնակիչը, հանրաքվեով դեմ է խոշորացմանը, ապա չի լինի:

Ընտրական օրենսգրքի ներկայացված փոփոխություններն Այգեշատ համայնքի ղեկավարի կարծիքով  խորացնելու է  ճգնաժամը, մինչդեռ նա կողմ է համայնքների համաչափ իրական զարգացմանը: 

Բուռն քննարկումներ ծավալվեցին Արմավիր գյուղական համայնքի կենտրոնի անունը փոխելու շուրջ: Արմավիր գյուղական համայնքի ղեկավար Ռաֆիկ Մարգարյանն առաջարկեց  Արմավիր կոչել հետագայում խոշորացվող համայնքի  անունը, որ լինելու է նաև վարչական կենտրոն:

«Լրիվ հանրաքվեի բան է»,- ասաց Գիլոյանը:

Այլ առաջարկություններ էլ եղան, քննարկվեցին համայնքների բյուջեների ծախսերն ու մուտքերը, հարկային պարտավորությունները: Աշոտ Գիլոյանը համայնքների ղեկավարների մտահոգությունները փարատեց համայնքերի հնգամյա զարգացման ծրագրերի իրականացման տեսանկյունից, վստահեցրեց, որ համայնքների վարչատարածքային բերեփոխումներն ուղղված են բոլոր բնակավայրերի  համաչափ զարգացմանը:

 


Արմավիրում համայնքների խոշորացում սպասվում է 2020թ-ին

0



Օրացույց


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ