ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Համայնքային ծառայության հարցերով աշխատանքային քննարկում ՀՀ ՏԿԵ նախարարությունում

04:42, հոկտեմբերի 07, 2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել համայնքային ծառայության հարցերով քննարկում, որին ներկա են գտնվել ՏԿԵ գլխավոր քարտուղարին փոխարինող Համլետ Բատիկյանը, ՀՀ մարզպետարանների տեղական ինքնակառավարման և ՀԳՄ հարցերով վարչությունների, Երևանի քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում առանձնակի ուշադրության են արժանացել մի շարք հարցադրումներ, որոնք մասնավորապես վերաբերվում են համայնքապետարանների աշխատակազմի կառուցվածքի հաստատմանը, հաստիքացուցակ կազմելու գործընթացներին, պաշտոնյայի դրույքաչափերի համամասնության սահմանմանը: Քննարկվել են նաև «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունները, հանրային ծառայությանը և հանրային պաշտոններին առնչվող մի շարք հարցեր:
Կարեն Իսախանյանը ընդգծել է քննարկման կարևորությունը համայնքային խնդիրների բարձրաձայնման և դրանց արմատական լուծումներ տալու տեսանկյունից: Վերջինիս խոսքերով՝ նմանօրինակ քննարկումները նպաստելու են ոլորտում առկա խնդիրների ախտորոշմանը, համայնքային ծառայության ինստիտուտի կայացմանն ու համայնքային ծառայողի դերակատարման բարձրացմանը:

Նախարարի տեղակալը հորդորել է բնագավառի ինսիտուցիոնալ կարողությունների հզորացման նպատակով պարբերաբար միջմարզային քննարկումներ և փորձի փոխանակումների միջոցով խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել:
Հանդիպման վերջում Իսախանյանը տեղեկացրել է, որ նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով քննարկումները կրելու են պարբերական բնույթ՝ փորձելով լուծում գտնել մարզերի և համայնքների ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվող բոլոր հարցերին:

Համայնքային ծառայության հարցերով աշխատանքային քննարկում ՀՀ ՏԿԵ նախարարությունում

0



Օրացույց


Տվյալներ չկան