ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է 2019թ. ձեռքբերումները

05:01, դեկտեմբերի 24, 2019

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր իր տարեվերջյան մամուլի ասուլիսին լրագրողներին է ներկայացրել 2019թ. ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից կատարված աշխատանքները, ձեռքբերումները և գալիք տարի նախատեսված ծրագրերը։

Ասուլիսը մեկնարկել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում իրականացված ծրագրերի ամփոփումով։ Նախարարը, մասնավորապես, ներկայացրել է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի կատարողականի վերաբերյալ փաստացի ցուցանիշներ։

«2018թ. մեկնարկած, 2019 թ. խորացված և արդեն իսկ միս ու արյուն ստացած սուբվենցիոն ծրագրերը 2020թ․ բյուջետային կարգավորումների արդյունքում կունենան 10 մլրդ դրամ համաֆինանսավորում պետական բյուջեից, ինչն աննախադեպ ձեռքբերում է նախորդ տարիների համեմատ: Սուբվենցիոն ծրագրերը իրենց էությամբ պետություն-համայնք և արդեն իսկ մեր ջանքերով մասնավոր համագործակցության կարևոր արձանագրում են։ Այս ճանապարհով համայնքներում բնակվող մեր հայրենակիցները հնարավորություն ունեն իրենց ունեցած ռեսուրսները համայնք-պետության համագործակցության շրջանակներում ծառայացնել իրենց բնակավայրի շենացմանը՝ ի շահ համայնքի և բնակչի: Այսպես, 2019 թվականին հաստատված 483 սուբվենցիոն հայտից կյանքի է կոչվել շուրջ 462 ծրագիր, մնացած մասը մեկնարկել է և կավարտվի 2020 թ․», -ասել է նախարարը և հավելել,որ խոսքը 16.4 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրերի մասին է, որի կառուցվածքում համայնքային ֆինանսավորումը կազմել է 6.8 մլրդ դրամ, իսկ պետական մասնաբաժինը՝ 9.6 մլրդ դրամ։

Այնուհետև նախարարը, ըստ ծրագրային ուղղությունների, ներկայացրել է 2019թ․ կատարված լայնածավալ շինարարական աշխատանքները։ Նշվել է, որ համայնքային համաֆինանսավորմամբ, պետական և մասնավոր աջակցությամբ ասֆալտապատվել և բարեկարգվել է ներհամայնքային 112 կմ ճանապարհ։ Նախարարի բնորոշմամբ՝ հանրապետության համար ջրային ենթակառուցվածքների խնդրաշատ ոլորտում այս տարի սուբվենցիոն բաղադրիչով 41 համայնքներում իրականացվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի ցանցի, 32 համայնքների 39 բնակավայրերում ոռոգման ցանցի բարելավմանն ու արդիականացմանն ուղղված աշխատանքներ:

Խոսելով գազիֆիկացման ծրագրերից՝ նախարարը նկատել է․ «Թեպետ ՀՀ-ն եղել է և հռչակվել է ամենագազիֆիկացված երկրներից մեկը, փաստ է, որ մեր համայնքների մի զգալի հատված, և, մասնավորապես, անտառամերձ համայնքները զուրկ են գազիֆիկացումից: Չնայած նրան, որ կառավարությունն առավել միտված է շեշտադրումը կատարել այլընտրանքայյին էներգիայի աղբյուրների վրա, այնուամենայնիվ, գազիֆիկացման ցանկություն ունեցող համայնքները անտարբերության չեն մատնվել : Եվ այս ճանապարհին 16 համայնքում սուբվենցիոն ծրագրերով անցկացվել է գազիֆիկացման համակարգ՝ 243 մլն ՀՀ դրամ պետական համաֆինանսավորմամբ։

Շարունակելով՝ նախարարը լրագրողներին տեղեկացրել է նաև, որ հանրապետությունում այս տարի հաջողվել է վերանորոգել և հիմնանորոգել 25 մանկապարտեզ, 58 համայնքներում կառուցվել են փողոցային լուսավորության համակարգեր, ընդ որում՝ էներգախնայող, 15 համայնքներում վերանորոգել են բազմաբնակարան շենքերի տանիքներ, արդիականացվել են վերելակներ։
Այնուհետև նախարար Պապիկյանն անդրադարձել է երկրում ընթացող վարչատարածքային բարեփոխումներին և համայնքների միավորման գործընթացին։

«Միայն 2019 թ. խոշորացված համայնքներին տրամադրվել է 57 միավոր տեխնիկա, խոսքը վերաբերում է գյուղատնտեսության և քաղաքային տնտեսության մեջ կիրառվող մեքենասարքավորումներին։ Այսօր մենք ունենք բավականին արդիականացված տրակտորային և սանմաքրման պարկեր խոշորացված համայնքներում: Վերջիններս աչքի են ընկնում նաև քաղաքացիների սպասակման գրասենյակներով՝ ՔՍԳ-ներով։ 2019 թ. հիմնվել են դրանցից թվով 6-ը։ Այս համակարգի շնորհիվ քաղաքացին իր անձնագրով կարող է մոտենալ ՔՍԳ և մի քանի րոպեի ընթացքում ստանալ այն փաստաթղթերը, որի համար նախկինում կարող էր այցելել մի շարք գրասենյակներ: Այսինքն, դեռևս չխոշորացված համայնքների բնակիչների դժգոհություններն ու մտահոգությունները, որ խոշորացման արդյունքում բախվելու են փաստաթղթային քաշքշուկների, փարատվում են այս արդիական համակարգի ներդրմամբ»,-ընդգծել է նախարարը։

Հաջորդիվ Սուրեն Պապիկյանը մանրամասնել է աղբահանության ուղղությամբ տարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները․ «Աղբահանությունն այն կարևոր ուղղություններից է, որը 2020 թ. լինելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և, ընդհանրապես, մեր հանրության ամենակարևոր մարտահրավերներից մեկը: Մենք խնդիր ունենք հանրության մտածողության մեջ փոփոխություն կատարելու, ինչպես նաև նախարարության կողմից այս տարի մշակված աղբահանության ռազմավարությունը 2020 թ. գործնականում իրագործելու: Եթե ավելի առարկայական խոսեմ, պետք է նշեմ, որ հաճախ բախվում ենք դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է պարտավորություններ, ներգրավել է հսկայական քանակությամբ, միլիոնավոր դոլարների վարկեր, արդյունքում դրանց պայմանագրային ժամկետներն ավարտվել են, բայց աշխատանքներն արված չեն: Մենք շուրջ 1.5 տարի լծված ենք եղել այդ վարկերը վերախմբավորելուն, արդիականացնելուն, նորացնելուն և դրանց արդիականությունը գնահատելուն: 2020 թ. լինելու է այն տարին, երբ կյանքի են կոչվելու մի շարք չիրացված ծրագրեր: Դրանցից մեկը նաև Կոտայք-Գեղարքունիք խոշոր աղբավայրի կառուցումն է: Աղբահանությունը բավականին ընդգրկուն ոլորտ է, և 2020թ. ընթացքում ձեզ հետ միասին մեծ անելիք ունենք հանրությանն իրազեկելու և մեր հանրության հետ լայնամասշտաբ աշխատանք կատարելու, որովհետև մեր միջավայրում աղբն անելիք չունի։ Մենք ապրելու ենք անաղբ և մաքուր հայրենիքում:

Ներկաների ուշադրությունը հրավիրելով էներգետիկ հիմնախնդիրների ուղղությամբ՝ նախարարն ասել է, որ այս բնագավառում կատարված հսկայածավալ աշխատանքը հանրության համար այնքան էլ տեսանելի և շոշափելի չէ, այդուհանդերձ, ըստ նրա, 2019 թ. իրականացվել են մի շարք կարևոր քայլեր, որոնց շնորհիվ առաջիկայում Հայաստանը վերածվելու է էներգետիկ հաբի, ինչը հնարավորություն կտա հարավը, այն է ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը և հյուսիսը՝ Վրաստանի Հանրապետությունը և ԵԱՏՄ երկրներ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով կապել միմյանց՝ դարձնելով Հայաստանը տարանցիկ երկիր:

Գերատեսչության ղեկավարը նաև հայտնել է, որ ընդերքօգտագործման բնագավառում նախարարության կողմից վերջին 6 ամսվա ընթացքում կատարվել են ոլորտի օրենսդրական բարեփոխումներին և թափանցիկության բարձրացմանն ուղղված մեծ քանակությամբ աշխատանքներ։ Սուրեն Պապիկյանի խոսքերով՝ նախարարության կողմից 2019 թ. գրավոր նկատողություն է տրվել շուրջ 204 կազմակերպությունների, զգուշացումների արդյունքում այս պահին շուրջ 501 մլն դրամ ապառք է վճարվել ՀՀ բյուջե, դադարեցվել է շուրջ 21 ընդերքօգտագործման իրավունք։ «Այս ամենը ենթադրում է, որ ավանդաբար պետական բյուջեի համար մեծ ֆինանսական միջոցներ ապահովող ընդերքօգտագործումը Հայաստանում այսուհետ լինելու է բնապահպանության բարձր չափանիշների ներքո»,- ընդգծել է նախարար Պապիկյանը։

Անցնելով ճանապարհային ենթակառուցվածքների ընթացիկ տարվա ուշագրավ և հանրային մեծ հնչեղություն ստացած արդյունքներին՝ նախարարն ուրախությամբ փաստել է, որ տարվա մեկնարկին նախանշված 330 կմ-ի նշաձողը հաջողվել է գերազանցել և դեկտեմբերի 1-ի դրությամբ ունենալ շուրջ 360 կմ նորոգված ճանապարհ։ Նախարարը նաև արձանագրել է ոլորտում ի հայտ եկած խնդիրները, միաժամանակ կարևորել գրանցված հաջողություններում ճանապարհաշինարարների ունեցած առանցքային ներդրումը։ «Միևնույն ժամանակ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բարեխիղճ կապալառուներին, որովհետև առանց նրանց քրտնաջան աշխատանքի, զօրուգիշեր աշխատանքին նվիրվելու մենք չէինք կարող արձանագրել այս արդյունքները։ 2020 թ. այս ուղղությունը շարունակելու է լինել հեղափոխական, որովհետև մենք թե՛ ստանդարտացման, և թե՛ որակի բարձրացման հարցում մեծ աշխատանքներ ունենք անելու: Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ մենք պլանավորել ենք շուրջ 502 կմ ճանապարհ նորոգել, և սա շարունակական է լինելու Հայաստանում, որովհետև մեր կառավարության ստանձնած պարտավորությունների շրջանակում է հանրապետության ճանապարհների 70%-ը դարձնել բարվոք, անցանելի և արդիական:

Նախարարն անդրադարձել է նաև ՏԿԵ նախարարության ենթակա մարմինների՝ Միգրացիոն ծառայության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի 2019թ․ ձեռքբերումներին, այնուհետև պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչներին հուզող հարցերին։

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է 2019թ. ձեռքբերումները http://mtad.am/hy/news/item/2019/12/23/mtad23.12.7/

0