ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Վարդենիսի համայնքապետարանում այսօր տեղի ունեցավ քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը

11:42, փետրվարի 05, 2020

Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ԱԺ պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ստեֆանո Լազզարոտտոն, <<Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում>> ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, համայնքի ավագանու անդամները, համայնքապետարանի աշխատակազմը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Ներկաներին պարային ելույթով ողջունեցին Վարդենիսի <<Սասուն>> ազգագրական պարի համույթի սաները:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները:
Համայնքապետարանում և ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն "Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն" ՀԿ կողմից մշակված "Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի" (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը թույլ է տալիս ապահովել համայնքապետարանի աշխատանքների արդյունավետ կառավարում, բնակիչներին մատուցել վարչական ծառայություններ անմիջապես բնակավայրում և առցանց, հետևել դիմումների և գրությունների ընթացքին: Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության բարելավմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը:


Վարդենիսի համայնքապետարանում այսօր տեղի ունեցավ քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը

0