ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Համայնքների խոշորացման թեմայով դասընթաց ՏԺԴ մասնակիցների և Ինֆոտների շահառուների համար

12:18, հունիսի 05, 2020

Համայնքների խոշորացման գործընթացը սկիզբ է առել դեռևս 2017թ-ին։ Ճիշտ է, համայնքների մեծ մասն արդեն խոշորացվել է, սակայն դեռ կան չխոշորացված մի շարք փոքր համայնքներ։ Բացի այդ, քաղաքացիների կարծիքը ոչ միանշանակ է այս բարեփոխման նկատմամբ․ չնայած կառավարության՝ հանրային իրազեկման ջանքերին, խոշորացվելիք համայնքների բնակիչները մեծ մասամբ դեմ են արտահայտվում այս ռեֆորմին։ Հիմնականում բնակիչները նշում են աշխատատեղերի կրճատման, համայնքապետարանի կենտրոնացման և դժվար հասանելիության, ոչ բարիդրացիական հարաբերությունները հարևան համայնքների հետ, ճանապարհների և տրանսպորտի վատ վիճակը և այլ պատճառներ։ Սակայն, քիչ է նշվում, որ եթե նախկինում փոքր համայնքների բյուջեները բավականացնում էին միայն ադմինիստրատիվ ծախսերի համար, ապա համայնքների միավորելուց հետո խոշորացված համայնքը կարողանում է կատարել համայնքի զարգացմանն ուղղված ծախսեր։ Այս և այլ հարցերի քննարկման նպատակով Արագածոտնի Ինֆոտունը մայիսի 26-ին նախաձեռնեց համայնքների խոշորացման թեմայով դասախոսություն-հանդիպում Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանի հետ, որին մասնակցեցին 60-ից ավելի անձինք Հայաստանի տարբեր մարզերից:

 

Ոլորտի մասնագետը դասախոսությունը սկսեց Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման հիմունքներն ու առանձնահատկությունները, երկաստիճան տեղական ինքնակառավարման համակարգն ու միջհամայնքային միավորումների էությունը ներկայացնելով։

Անդրադարձ կատարվեց վերը նշված մի շարք հարցերին և խոշորացման դրական կողմերին։ Նշվեց նաև արդեն խոշորացված համայնքների փորձը սուբվենցիոն ծրագրերի հետ կապված։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ միայն խոշորացված կամ համեմատաբար մեծ բյուջեով համայնքները կարող են նախարարությունից ստանալ սուբվենիցիա, քանի որ կա պարտադիր պայման, որ համայնքը նույնպես պետք է ֆինանսական մասնակցություն ունենա ծրագրի իրականացմանը։

Այնուհետև մասնակիցները ծանոթացան համայնքների խոշորացման միջազգային պրակտիկային, համայնքների բնակչության և բյուջետային ծախսերի միջև եղած կապին, համայնքների խոշորացման օրենսդրական հիմքերին ու սկզբունքներին։

 

Վահան Մովսիսյանը հանգամանալից կերպով անդրադարձավ նաև խոշորացման փնջային և շրջանային տարբերակներին, դրանց առանձնահատկություններին։ Որպես խոշորացման բացասական կողմ նշվեց միայն բնակիչների մասնակցության սահմանափակումը տեղական ինքնակառավարմանը, քանի որ ավագանու նիստերին մասնակցությունը, համայնքապետարան այցերը դառնում են փոքր ինչ ավելի դժվար, քանի նախկինում, երբ համայնքապետարանը շատ ավելի մոտ էր։

Մասնակիցները ծանոթացան նաև ՏԻՄ ընտրական կարգի փոփոխությանը մեծամասնականից համամասնականի։ Նոր օրենքի համաձայն, ընտրվում է ավագանի, իսկ ավագանու անդամներն իրենց միջից ընտրում են համայնքի ղեկավար։ Ավագանու անդամի թեկնածու առաջադրվելու համար թեկնածուն պետք է պատկանի որևէ կուսակցության, որը սահմանափակում է քաղաքացիների ընտրվելու իրավունքը, քանի որ, միգուցե, տվյալ թեկնածուն չի ցանկանում անդամագրվել որևէ կուսակցության։ Բացի այդ, չի թույլատրվում նախաձեռնող խմբերի առաջադրումը՝ որպես կուսակցության այլընտրանք, ինչը ևս օրենքի բացասական կողմերից է։

 

Պետք է նշել, որ հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն Արագածոտնի Ինֆոտան շահառուները, այլ նաև Կոտայքի Ինֆոտունը, Տեղական ժողովրդավարության օնլայն  դպրոցի մասնակիցները, այլ հետաքրքրված անձինք Վայոց ձորի և Սյունիքի մարզերից ևս։ Այս հանդիպումը ցույց տվեց, որ Տեղական ժողովրդավարության դպրոցի շրջանակները գնալով ընդլայնվում են, և այն անձինք, ովքեր չեն հասցրել մասնակցել դպրոցի օնլայն կամ օֆլայն դասերին, մեծ հետաքրքրությամբ միանում են այսպիսի կարևոր թեմաների քննարկմանը։ Բացի այդ, ամրապնդվում է նաև միջինֆոտնային համագործակցությունը օնլայն տիրույթում։

 



0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ