ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Դավիթ Լոքյան. «Համայնքի ոչ մի նախաձեռնություն չի իրականանա, եթե նորմալ բյուջետային գործընթաց չիրականացվի»

10:12, հոկտեմբերի 04, 2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի նախագահությամբ նախարարությունում տեղի է ունեցել աշխատաժողով՝ որտեղ ներկայացվել են ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում ծրագրային բլուջետավարման մեթոդաբանությունը, ծրագրային բյուջեի և հակիրճ բյուջեի ձևանմուշները: Աշխատաժողովին մասնակցել են «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, ՀՀ խոշորացված համայնքների ղեկավարները, ՏԿԶՆ աշխատակիցներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Ծրագրային բյուջետավարումը ներառված է ՀՀ կառավարության 2017-2023թթ ռազմավարությունում, որի համաձայն ՀՀ համայնքները պետք է աստիճանաբար անցնեն ծրագրային բյուջետավարման: Մշակված մեթոդաբանության նպատակն է աջակցել համայնքներին սահուն անցում կատարելու ծրագրային բյուջետավարմանը, ինչն իր հերթին կնպաստի համայնքների ֆինանսական արդյունավետ կառավարմանը:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նախարար Լոքյանը շնորհակալություն է հայտնել նախարարության միջազգային գործընկերներին՝ նման ձեռնարկ պատրաստելու համար: «Տեղյակ եք, որ 2019 թ-ից երկիրն անցնելու է բյուջետային ծրագրային ֆինանսավորման և խոշորացված համայնքներում այս մոդելն արդեն փորձ է արվում ներդնել: Համայնքի ոչ մի նախաձեռնություն չի իրականանա, եթե նորմալ բյուջետային գործընթաց չիրականացվի: Այս տարի համայնքների բյուջեների կազմման աշխատանքերին մենք ևս խորհրդատվական կարգով մասնակցություն կունենանք »,-ասել է Դ. Լոքյանը: Նա հայտարարել է նաև, որ այսօր արդեն 15 մլն դոլարի չափով վարկային ծրագիր է մշակվել, որն ուղղվելու է հիմնականում խոշորացված համայնքներին և այդ գումարով իրականացված համայնքային տնտեսական ծրագրերը դառնալու են համայնքի սեփականությունը: Նախարարը մանրամասնությամբ խոսել է նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում նախատեսվող փոփոխությունների, համայնքների ֆինանսավորման ընդհանուր մոտեցումների մասին: «Մենք որդեգրել ենք հետևալը. գումարներ կհատկացվեն այն համայնքներին, որոնք ծրագրեր կիրականացնեն: Եթե համայնքն իր միջոցներից ֆոնդային բյուջեով ծախսերի համար գումար կներդնի, պետությունը պատրաստ կլինի նույնքան ներդրում կատարել»,-ասել է նախարարը, տեղեկացնելով, որ այսօր քննարկվում է նաև որոշ ծառայություններ համայնքներին փոխանցելու հնարավորությունները:

Ծրագրային բլուջետավարման մեթոդաբանությունը մշակել է Հայաստանի ֆինանսիստների միավորումը՝ (ՀՖՄ) Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ:


«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, ասել է, որ բյուջետավարումը և աշխատանքային պլանները պետք է սերտորեն փոխկապակցված լինեն: «Վերջին 2-3 տարիներին GIZ-ը աջակցում է համայնքներին՝ ծրագրային բյուջետավարման անցում կատարելու համար, ինչն էլ բերեց այս մոդելի մշակմանը: Մենք 40 համայնքում արդեն պիլոտային մոդելների փորձարկում արել ենք , և դրանցից շատերն արդեն իսկ խոշորացված համայնքների բնակավայրերից են: Մտադրված ենք ծրագրային բյուջետավարման մոդելը ներդնել խոշորացված 18 համայնքում: Պատասխանատու բեռ է դրված ձեր ուսերին, քանի որ դուք եք այս առաջադեմ բարեփոխումների համար օրինակ ծառայելու»,-ասել է Քաթրին Շեֆերը:
Աշխատաժողովում ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը ներկայացրել է ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությունը, իսկ դրան հաջորդած քննարկմանը նախարար Դ. Լոքյանը, աշխատաժողովի կազմակերպիչները սպառիչ պատասխաններ են տվել համայնքապետերին հուզող հարցերին: 


Դավիթ Լոքյան. «Համայնքի ոչ մի նախաձեռնություն չի իրականանա, եթե նորմալ բյուջետային գործընթաց չիրականացվի» http://mtad.am/hy/news/item/2017/10/02/mtadtsragir/

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ