ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինչ են ցույց տալիս ՏԻՄ ընտրությունները համայնքների խոշորացումից հետո

12:27, նոյեմբերի 07, 2017

Երեկ համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ անցկացվեցին թվով 69 համայնքում: Երեք համայնքում էլ  կայացան արտահերթ ընտրություններ: Ընտրություններին մասնակցել է  243335 ընտրող, կամ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 50,06 %-ը։

Ընդհանուր առմամբ 69 համայնքում գրանցված էր ընտրելու իրավունք ունեցող 486106 քաղաքացի։

Նախանական տվյալներով 52 համայնքից 38-ում հաղթել են Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, 2-ական համայնքներում ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, իսկ 10-ում՝ անկուսակցականներ:

Ընդ որում, ընտրված 10 անկուսակցական համայնքապետերից 1-ն առաջադրված էր ՀՀԿ-ի, 1-ը՝ ԲՀԿ-ի կողմից:

 

 
Երեկ կայացած ՏԻՄ հերթական եւ արտահերթ ընտրություններին մասնակցել է 243335 ընտրող, կամ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 50,06 %-ը։ Ընդհանուր առմամբ 69 համայնքում գրանցված էր ընտրելու իրավունք ունեցող 486106 քաղաքացի։ Ամփոփելով երեկվա ընտրությունները՝ մեզ հետ զրույցում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց.

«Ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցել են հանդարտ եւ առանց անհանգստացնող միաջադեպերի»:

ԿԸՀ քարտուղարն ընտրությունները գնահատեց որպես մրցակցային, հատկապես՝ խոշորացված համայնքներում: Այս մասով, սակայն, բոլորովին տարբեր է Համայնքաների միության նախագահ Էմին Երիցյանի կարծիքը: Ըստ նրա՝ երեկվա ընտրություններում ընտրողների արձանագրված մասնակցությունը բավականին ցածր էր:

«Սա տարեցտարի արդեն երեւացող մի տենդենց է, որն ունի իր օբյեկտիվ պատճառները նաեւ՝ անկախ նրանից, թե  թեկնածուները ինչքանով են վայելում բնակչության աջակցությունը, ինքը վտանգավոր երեւույթ է, որովհետեւ տեղական իշխանության լեգիտիմության խնդիրն է ու բնակչության հետ կապի հարցը»:

ԿԸՀ-ի քարտուղար Արմեն Սմբատյանը, սակայն, չի կիսում նման գնահատականը:

«ՏԻՄ ընտրությունների ժամանակ ցածր է մասնակցությունը այն համայնքներում, որտեղ մրցակցություն չի լինում եւ ես դա չէի կապի խոշորացված լինելու հետ: Իսկ այն համայնքներում, որտեղ մրցակցությունը բարձր է, ավելին՝ ավելի բարձր մասնակցություն է գրանցվել, քան, օրինակ, ԱԺ ընտրություններին»:

Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի գնահատմամբ, մինչդեռ, ակտիվություն ասվածը տվյալ պարագայում միջինացված գնահատական է: Նրա դիտարկմամբ՝ այս ընտրություններում ակտիվության գործոնները մի քանիսն էին: Հատկապես այն համայնքներում, որտեղ միաժամանակ նաեւ ավագանու ընտրություններ էին գրանցվել է ակտիվություն, իսկ այն համայնքներում, որտեղ միայն համայնքի ղեկավարի ընտրություններ էր՝ մասնակցության թիվն ակնհայտ ցածր  էր:

էմին Երիցյանը նաեւ նկատեց, որ այն դեպքերում, երբ խոշոր համայնքների միացել են փոքր համայնքները, վերջիններիս ձայները կորում են: Այսինքն՝ փոքր համայնքները ներկայացվածություն չունեն այլեւս տեղական մարմիններում:

Այսօր մեզ հայտնի դարձավ, որ հենց այդ հողի վրա Վայոց ձորի Շատին գյուղում մեծ լարվածություն է առաջացել: Շատինցի մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ երեկվա ընտրություններից հետո գյուղացիներն այսօր փակել են միջպետական ճանապարհը:

 Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը չհերքեց, որ խոշոր համայնքների՝ միմյանց միանալու դեպքում մրցակցություն առկա է, սակայն, փոքր համայնքների՝ խոշորներին միացումը բերել է պասիվության:

«Դիսբալանսը ակտիվության ու պասիվության բավականին կտրուկ տարբեր է: Ես չէի գնահատի այս ակտիվությունը որպես բավարարելի: Բնակչության մասնակցության այս մակարդակը համարվում է ցածր»:

Էմին Երիցյանի դիտարկմամբ՝ նաեւ բավականին պասիվ էր  այս ընտրություններում կուսակցությունների դերակատարությունը եւ կրկին ընտրությունն ավելի շատ անձերով էր պայմանավորված: Նրա ձեւակերպմամբ՝ ՏԻՄ երեկվա ընտրությունների մյուս առանձնահատկությունն էլ այն էր, որի մասին կարելի է խոսել, խոշորացված համայնքների եւ ընտրական համակարգի խնդիրն է:

«Խոշորացումը եւ ընտրական համակարգը պիտի փոխկապակցված լինեն: Այս ընտրությունները միանգամայն փաստեցին, որ խոշորացման գործընթացքում եւ տեղական մակարդակում ընտրական համակարգում ռեֆորմների կարք կա»:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, սակայն, նկատեց, որ ԸՕ-ը ՏԻՄ ընտրություններում, ըստ էության, առաջին անգամ գործարկվեց ամբողջապես եւ, նրա գնահատմամբ, բավականին հաջող, ինչի համար կարելի է նույնիսկ միմյանց շնորհավորել:

Ինչ են ցույց տալիս ՏԻՄ ընտրությունները համայնքների խոշորացումից հետո https://www.armradio.am/hy/2017/11/06/tim/

0



Օրացույց

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ