ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


​Համայնքների խոշորացման հետևանքով ՏԻՄ-երում ընդգրկված կանանց թիվը կիսով չափ նվազել է

10:18, հունվարի 16, 2018

Համայնքների խոշորացման հետևանքով կրճատվել է կանանց ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման գործընթացներում։ «Կինը և հասարակությունը» տեղեկատվական-վերլուծական հարթակի հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականին համայնքապետների 2,02 տոկոսը կանայք էին (793 համայնքապետներից 17-ը կամ յուրաքանչյուր 46-րդ համայնքի ղեկավարը), մինչդեռ 2017-ի տվյալներով՝ համայնքապետների 1,4 տոկոսն են կանայք (502 համայնքապետներից 7-ը կամ յուրաքանչյուր 72-րդ համայնքի ղեկավարը)։ Խոշորացման հետևանքով նվազել է նաև ավագանիների կին անդամների թիվը. մինչ խոշորացումը ավագանիների կազմում կանանց ներկայացվածությունը 12 տոկոս էր, իսկ խոշորացումից հետո՝ 5,5 տոկոս։ Այսինքն՝ խոշորացման հետևանքով կանանց ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման մարմիններում նվազել է կեսից ավելի։ Գենդերային հարցերի փորձագետ Լիլիթ Զաքարյանի կարծիքով՝ նման ցուցանիշները կանխատեսելի էին։ «Երբ առաջին անգամ խոշորացման մասին խոսք եղավ, մենք կանխատեսեցինք, որ այդպես էլ կլինի»,- ասում է Զաքարյանը և մեկնաբանում, որ կանայք առավել հաճախ փոքր համայնքներում են ընտրվում, ինչն իր բացատրությունն ունի. փոքր համայնքներում ռեսուրսները սահմանափակ են, և տղամարդիկ շահագրգռված չեն սուր պայքար մղել ընտրվելու համար։ Փորձագետը նշում է, որ վիճակագրության համաձայն՝ առավել հաճախ ընտրվում են այն կանայք, որոնք կրթության (ուսուցիչ, դպրոցի տնօրեն) կամ բժշկության (բժիշկ, բուժքույր) ոլորտում երկարամյա փորձ ունեն, որպես մասնագետ ճանաչված ու հարգված են իրենց համայնքում և իրենք էլ քաջատեղյակ են համայնքի խնդիրներին։ «Երբ համայնքները խոշորանում են, գենդերային կարծրատիպերն ուժեղանում են։ Հարևան համայնքներում նրանց որպես մասնագետ չեն ճանաչում և նայում են միայն որպես կնոջ»,- ասում է Զաքարյանը՝ բացատրելով, թե որն է ՏԻՄ-երում կանանց ներկայացվածության նվազման պատճառը։ Գենդերային հարցերով փորձագետը նշում է, որ համայնքների խոշորացման պարագայում տղամարդիկ ևս տուժում են. համայնքային կառավարումից դուրս են մնում նաև փոքր համայնքների ներկայացուցիչ տղամարդիկ, սակայն, ամեն դեպքում, կարծրատիպը հօգուտ տղամարդկանց է գործում։ Զաքարյանն ասում է, որ ըստ բնակավայրերի ներկայացուցչական մոդելի կիրառման պարագայում կանայք, հնարավոր է, դուրս չմնային համայնքների կառավարումից։ Նրա խոսքով՝ հարցումների արդյունքներով պարզվել է, որ կանանց դուրսմղման պատճառներից է նաև այն, որ ներկայացուցչական սկզբունքի կիրառման ակնկալիքի պատճառով կանայք կորցրեցին խոշորացված համայնքում հայտնի դառնալու, ընտրարշավ ծավալելու և ընտրապայքար մղելու ժամանակը և հնարավորությունը։ Երրորդ պատճառը, նրա կարծիքով, կանանց ինքնախտրական մոտեցումն է. շատ համայնքներում կանայք պարզապես չեն համարձակվել առաջադրվել։ «Իրենց համայնքում նրանք ճանաչված են, հարգված են, և համայնքում նրանց լավ են զգում, մինչդեռ խոշորացված համայնքում պետք է արդեն ակտիվություն դրսևորեն, ընտրապայքար վարեն իրենց համար անհայտ տղամարդկանց հետ»,- ասում է նա։ Հարցին, թե որն է խնդրի լուծումը ստեղծված պայմաններում, Զաքարյանն ասում է, որ համամասնական ընտրակարգը, ինչպես Երևանում, Գյումրիում և Վանաձորում է, կնպաստի կանանց ներգրավվածության աճին ավագանիում, հետևաբար և համայնքային կառավարմանը. այս ընտրակարգի պայմաններում կգործեր սեռերի բաշխվածությունը կարգավորող քվոտան։ Նա նշում է, որ 1995-ին, երբ նոր էր մշակվում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, համամասնական ընտրակարգով ընտրության առաջարկը մերժվեց, քանի որ ՏԻՄ-երի քաղաքականացման մտավախությունը կար։ «Համայնքի կառավարումը պետք է անկախ լինի քաղաքական իշխանություններից։ Սակայն 2005-ից ի վեր իրավիճակը փոխվել է. ՏԻՄ-երը, այսպես թե այնպես, կուսակցականացված են։ 2005-ի հետազոտության տվյալներով՝ կին համայնքապետների շատ փոքր տոկոսն էր որևէ կուսակցության անդամ։ 2006-ին այդ նույն անկուսակցական գրեթե բոլոր կանայք դարձան ՀՀԿ անդամ։ Այսինքն՝ իրավիճակն այնպիսին է, որ համամասնական ընտրակարգով ընտրություններն արդարացված են»,- ասում է նա։ Զաքարյանը նշում է՝ քանի որ ավագանու պարագայում ռեյտինգային ընտրակարգը չկա, քվոտան արդյունավետ է գործում։ Հարցին, թե ինչպես է հնարավոր ընդլայնել կանանց քաղաքական իրավունքների իրացումը, Զաքարյանն ասում է, որ հեծանիվ հայտնաբերելու կարիք չկա, գոյություն ունի տարբեր երկրների հաջողված փորձը։ «Առաջինը քվոտան է, որը ժամանակավոր միջոց է, մինչև գենդերային կարծրատիպերը հաղթահարվեն։ Բելգիան, օրինակ, վերջերս հրաժարվեց քվոտայից, քանի որ կանայք արդեն առանց քվոտաների էլ ընտրվում են»,- ասում է նա։ Զաքարյանը համայնքի որոշումների կայացման մակարդակում կանանց ներգրավվածության մեծացման գործում կարևորում է նաև առաջնորդության դպրոցների, ընտրարշավի կազմակերպման, ԶԼՄ-ների հետ ճիշտ շփման և նմանատիպ թեմաներով դասընթացների դերը։ «Շատ մեծ դեր կարող են կատարել ԱԺ կին պատգամավորները, Երևանի ավագանու կանայք։ Քանի որ նրանք տեսանելի են` նրանց ճիշտ և արդյունավետ վարքը բերում է կառավարման մեջ ներգրավված կանանց իմիջի բարձրացում հասարակությունում»,- ասում է նա։ «Կա մի այսպիսի օրինաչափություն. յուրաքանչյուր տղամարդու նույնացնում են միայն իր հետ, իսկ յուրաքանչյուր կնոջը նույնացնում են սեռի հետ։ Հետևաբար յուրաքանչյուր հաջողված պատմություն կանանց իմիջին է նպաստում։ Որոշումների կայացման մակարդակի համար դա կարևոր է»,- ասում է Զաքարյանը: Զաքարյանը նաև նշում է, որ մեծ անելիք ունեն հասարակական կազմակերպությունները և կուսակցությունները. կանանց ներուժը պետք է պատրաստ լինի, որպեսզի քվոտաների բարձրացման դեպքում կադրային բաց չառաջանա։ «Տղամարդիկ մրցակցությանը սովորում են փողոցում։ Կանայք կրթություն են ստանում ֆորմալ ինստիտուտներում, որտեղ նման գիտելիքներ չեն հաղորդվում։ Այդ պատճառով էլ չափազանց կարևոր են լիդերության դպրոցները, դասընթացները, ծանոթությունը միջազգային փորձին»,- ասում է Զաքարյանը։ Նա նաև նշում է, որ կարծրատիպերը ձևավորվել են դարերով, հետևաբար դրանց դեմ պայքարը պետք է հետևողական լինի. «Փորձը ցույց է տալիս, որ կարճաժամկետ ժամանակահատվածում կարող են հաղթահարվել կարծրատիպերը, բայց եթե հետևողական աշխատանք չի տարվում, դրանք նորից գլուխ են բարձրացնում»:

Աղբյուրը՝  Ankakh.com

​Համայնքների խոշորացման հետևանքով ՏԻՄ-երում ընդգրկված կանանց թիվը կիսով չափ նվազել է http://www.ankakh.com/article/88505/%E2%80%8Bhamaynqnyeri-khvoshvoratsman-hyetyevanqvov-tim-yerum-endgrkvats-kanants-thive-kisvov-chap-nvazyel-e

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ