ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Փակ ու թափանցիկ աշխատող մարզպետարանները

12:32, հունվարի 19, 2018

Դրամական օգնություն ստացած քաղաքացիների ցուցակները չեն հրապարակել Արարատի, Լոռու, Վայոց ձորի մարզպետարանները

Ամեն տարի ՀՀ մարզպետարանները պետական բյուջեից ստացած գումարներից դրամական օգնություն են հատկացնում մարզի սոցիալապես անապահով քաղաքացիներին: Յուրաքանչյուր մարզպետարան ունի սոցիալական/առողջապահական հանձնաժողով/վարչություն, որը քաղաքացիներից ստացված դիմումներն ուսումնասիրում եւ համապատասխան եզրակացություն է ներկայացնում մարզպետին, որի որոշմամբ էլ քաղաքացուն հատկացվում է որոշակի գումար:

«Ասպարեզը» պարզել է, թե 2017 թվականի վերջին յուրաքանչյուր մարզպետարան որքան գումար է հատկացրել դրամական օգնության նպատակով եւ արդյո՞ք մարզպետարանների պաշտոնական կայքերում հրապարակված են դրամական օգնություն ստացած քաղաքացիների ցուցակները:

Պարզվում է` ամենախոշոր գումարը հատկացրել է Շիրակի մարզպետարանը, իսկ ամենաքիչը` Կոտայքինը: Դրամական օգնություն ստացած քաղաքացիների ցուցակները չեն հրապարակել Արարատի, Լոռու, Վայոց ձորի մարզպետարանները:

Մարզպետների` դրամական օգնություն հատկացնելու մասին որոշումները, գումարի չափն ու օգնություն ստացած քաղաքացիների ցուցակները պարտադիր հրապարակվում են ՀՀ մարզպետարանների պաշտոնական կայքերի «Իրավական ակտեր» բաժնի «Մարզպետի որոշումներ» էջում:

Արագածոտնի մարզպետարանի պաշտոնական կայքի հրապարակման համաձայն` 2017-ի վերջին դրամական օգնությունն հատկացվել է մարզպետի նոյեմբերի 24-ի որոշմամբ: 17 քաղաքացու հատկացվել է 565 հազար ՀՀ դրամ, նվազագույնը` 20 հազար ՀՀ դրամ, առավելագույնը` 80 հազար ՀՀ դրամ:

Արարատի մարզպետարանը վերջին դրամական աջակցությունն հատկացրել է նոյեմբերի 3-ին եւ 10-ին: Նոյեմբերի 3-ին, մարզպետի որոշմամբ, 240 հազար ՀՀ դրամ միանվագ օգնություն է հատկացվել, օգնություն ստացողի անուն-ազգանունը հրապարակված չէ, օգնություն ստացողների ցուցակը հրապարակված չէ նաեւ նոյեմբերի 10-ի որոշմանը կից: Այս վերջին որոշմամբ 2 մլն 190 հազար ՀՀ դրամ է հատկացվել քաղաքացիների թվի մասին եւս տեղեկություն չկա, իսկ նախորդ որոշման մեջ կատարվել է փոփոխություն:

Արմավիրի մարզպետարանը 2017-ին վերջին անգամ դրամական օգնություն տրամադրել է մարզպետի 2017 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ: 11 քաղաքացու հատկացվել է 460 հազար ՀՀ դրամ, նվազագույն գումարը եղել է 30 հազար, առավելագույնը` 60 հազար ՀՀ դրամ:

Գեղարքունիքի մարզպետարանում 2017 թվականի վերջին դրամական օգնություն հատկացվել է մարզպետի դեկտեմբերի 5-ի որոշմամբ: 18 քաղաքացու հատկացվել է 465 հազար ՀՀ դրամ, նվազագույնը` 20 հազար ՀՀ դրամ, առավելագույնը` 40 հազար ՀՀ դրամ:

Կոտայքի մարզպետի որոշմամբ 2017-ին վերջին դրամական օգնությունն հատկացվել է նոյեմբերի 28-ին եւ նոյեմբերի 29-ին: Նոյեմբերի 28-ին 50 հազար է հատկացվել 3 քաղաքացու` 15-20 հազար ՀՀ դրամ, իսկ նոյեմբերի 29-ին` 5 քաղաքացու` ընդհանուր` 205 հազար ՀՀ դրամ, նվազագույնը` 15 հազար ՀՀ դրամ, առավելագույնը` 70 հազար:

Լոռու մարզպետի որոշմամբ դեկտեմբերի 25-ին 2 անգամ է հատկացվել դրամական օգնություն:

509-Ա որոշմամբ 85 հազար դրամ է հատկացվել 6 քաղաքացու, իսկ 510-Ա որոշմամբ` 615 հազար ՀՀ դրամ 20 քաղաքացու: Սակայն երկու որոշումներին էլ կցված չեն դրամական աջակցություն ստացած քաղաքացիների ցուցակներն ու գումարների չափը: Լոռու մարզպետարանի կայքում այդպես էլ չհաջողվեց գտնել անգամ մեկ որոշում, որին կից լիներ դրամական օգնություն ստացած քաղաքացիների ցուցակները:

Շիրակի մարզպետարանում 2017 թվականին վերջին դրամական օգնությունը տրամադրվել է մարզպետի դեկտեմբերի 27-ի որոշմամբ: 4 մլն 445 հազար ՀՀ դրամ է հատկացվել 106 քաղաքացու, նվազագույնը` 20 հազար, առավելագույնը 150 հազար ՀՀ դրամ:

Սյունիքի մարզպետարանը վերջին դրամական հատկացումն արել է դեկտեմբերի 21-ին: 80 քաղաքացու հատկացվել է 2 մլն 965 հազար ՀՀ դրամ, յուրաքանչյուրին` 20.000-200.000 դրամ:

Վայոց ձորի մարզպետարանը 2017-ին վերջին անգամ դրամական օգնություն տրամադրել է մարզպետի 2017 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ: 75 հազար ՀՀ դրամ հատկացվել է մեկ քաղաքացու: Իսկ մինչ այս որոշումը Վայոց ձորի մարզպետի 2017 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ 2 մլն 947 հազար ՀՀ դրամ հատկացվել է 125 քաղաքացու: Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված չէ դրամական օգնություն ստացած քաղաքացիների ցուցակը:

Տավուշի մարզպետարանի կայքում դրամական օգնություն հատկացնելու մասին որոշում մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել:

Հետաքրքիր է նաեւ, թե մարզպետարաններն ինչ ժամանակահատվածում են գումարը վճարում անապահով քաղաքացիներին: Պարզվում է` այս վերջնաժամկետը ՀՀ տարբեր մարզերում տարբեր է:

Լոռու մարզպետարանի որոշումներում գումարի վճարման ժամկետ սահմանվել է մեկ ամիսը (որոշումն ուժի մեջ մտնելուց հետո), Սյունիքի մարզպետի որոշումներում գումարի վճարման ժամկետի մասին տեղեկություն չկա: Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզպետարաններում գումարի վճարման ժամկետ սահմանվել է տասն օրը (որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն` որոշման ընդունման պահից հետո): Կոտայքի մարզպետարանում գումարի վճարման ժամկետ սահմանվել է 5 աշխատանքային օրը: Արագածոտնի եւ Արարատի մարզպետարաններում 5-օրյա ժամկետ է սահմանված: Վայոց ձորի մարզպետարանում գումարի վճարման ժամկետ սահմանվել է երեք օրը, իսկ Շիրակի մարզպետարանում` օրենքով սահմանված կարգով:

Անի Մկրտչյան

Փակ ու թափանցիկ աշխատող մարզպետարանները http://www.asparez.am/pak-tapancik_marzpetaranner-hy/#.WmGsu66WaM8

0



Օրացույց

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ