ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ԳՅՈՒՂՀՈՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ – 2018

10:24, հունվարի 30, 2018

Վարչապետ Կարեն Կարապետյանին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները:


Կարեն Կարապետյանը կարևորել է 2018-ի ընթացքում քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող ծառայություններն առավելագույնս հարմարավետ դարձնելու հարցը և նշել. «Կարևորագույն խնդիրներից մեկը գյուղատնտեսության համար հողերի հաշվառումն է, որովհետև մենք չօգտագործվող հողի խնդրին պետք է լուծում տանք: Այս պահին Գյուղատնտեսության նախարարությունը մտածում է՝ ինչպես անել, ակտիվացնել այն սեփականատերերին, որոնք հողը վերցրել են՝ չեն օգտագործում: Ինչպես նաև պետք է քննարկենք չաշխատող գույքի ակտիվացնելու հարցը: Այդ առումով՝ ունեցվածքի գույքագրումը չափազանց կարևոր է»:


Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զեկուցել է, որ վարչապետի բարձրացրած հարցի շուրջ արդեն իսկ աշխատում են Գյուղատնտեսության նախարարության հետ և այժմ քննարկվում են դրա իրականացման մեխանիզմները:

Վարչապետն ընդգծել է, որ պետք է ըստ գոտիների ունենալ գյուղատնտեսական հողատարածքների և առկա անշարժ գույքի թվայնացված քարտեզները:


Տեղեկացվել է, որ մատուցվող ծառայությունների ընդլայնման և սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով քննարկվում են ՀՀ հյուպատոսական հիմնարկներում կադաստրի սպասարկման գրասենյակներին բնորոշ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ միջոցների ստեղծման հնարավորությունները, ինչն էապես կդյուրացնի արտերկրում գտնվող մեր հայրենակիցների կողմից գործարքների իրականացումն ու ծառայությունների ստացումը: Արդեն իսկ Արցախի Հանրապետությունում և Սանկտ Պետերբուրգում ներդրվել է համապատասխան պիլոտային ծրագիր:

ԳՅՈՒՂՀՈՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ – 2018

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ