ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


https://factor.am/38634.html

10:31, մարտի 05, 2018

Արարատը այն  երկու (հաջորդը Արմավիրն է) մարզերից մեկն է, որտեղ  դեռևս համայնքների խոշորացում  չի իրականացվել։ Համայնքների խոշորացումն ավարտվել է միայն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, իսկ մյուսներում այն մասնակի է իրականացվել։ Մեր տրամադրության տակ է հայտնվել Արարատի մարզում սպասվող համայնքների խոշորացման փնջային բաշխվածությունը: Մինչ այդ փնջերը ներկայացնելը և դրանց ձևավորման հնարավոր տրամաբանությանն անդրադառնալը նկատենք, որ Հայաստանի մարզերում համայնքների խոշորացման մասին մեր հանրությունը, որպես կանոն, տեղեկանում է գործընթացի վերջին փուլում, երբ ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով խորհրդարանին է ներկայացվում Վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու համապատասխան նախագիծը: Իսկ օրենքի ընդունումից հետո անմիջապես խոշորացվող համայնքներում նշանակվում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ: Այսպիսով, Արարատի մարզի 99 բնակավայրերից, որոնք ներկայումս ընդգրկված են 95 համայնքներում, առաջիկայում կազմավորվելու են 9 խոշոր համայնքներ: Հատկապես Արարատի մարզի աշխարհագրական առանձնահատկությունն այն է, որ բնակավայրերից յուրաքանչյուրը մի քանի այլ գյուղի հետ է սահմանակից: Ասել կուզի, խոշորացվող համայնքների փնջերը բազմաթիվ տարբերակներ կարող էին ունենալ: Սակայն, դրանք արդեն իսկ գծագրված են և համապատասխան փաստաթուղթը գտնվում է Արարատի մարզպետարանի ղեկավարության տրամադրության տակ:  Այլ մարզերում արդեն իսկ տեղի ունեցած խոշորացումների փորձը ցույց է տվել, որ միավորվող համայնքների փնջերը, որպես կանոն,  կազմավորվել են մեկ քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի նախասիրություններով: Այլ կերպ ասած, ամեն դեպքում համայնքները այնպես են միավորվել, որպեսզի խոշորացումից հետո տեղական իշխանությունը լինի բացառապես ՀՀԿ-ի ձեռքում: Արարատի մարզի առանձնահատկությունն այն է, որ այստեղ բազմաթիվ այլախոհ գյուղեր կան: Հատկապես ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո,  իշխող կուսակցության դիրքերն այս մարզում էապես թուլացան: Նախկին վարչապետի ազդեցության տակ գտնվող մի քանի համայնքների նկատմամբ ՀՀԿ-ն վերահսկողությունը կորցրեց: Ստորև բերված չորս աղյուսակներում ներկայացված են Արարատի մարզում սպասվող համայնքների խոշորացման փնջերը, դրանցում ընդգրկված համայնքների ընտրողների թիվը՝ անցած տարվա ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ, ընտրողների մասնակցության ցուցանիշը և ՀՀԿ-ի ձայները:   Արարատ-1 Արարատ-2 Արարատ–3 Արարատ–4 Փաստացի, բացառությամբ 3-րդ փնջի, մյուս երեքում պատկերը նույնական է: Փնջերից յուրաքանչյուրում միավորվող մեկ տասնյակից ավել համայնքների շարքում կան 4-ից 5 այլախոհ համայնքներ, որոնցում ՀՀԿ-ի ազդեցությունը շատ թույլ է, բայց ընդհանուր փնջի մեջ նրանք շատ չնչին ազդեցություն կունենան: Այլ կերպ ասած, ըստ գծագրողների, նման բաժանման տարբերակում ընդդիմությունը հնարավորություն չի ունենան խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման ղեկը իր վերահսկողության տակ վերցնել: Իսկ ինչ վերաբերվում է  վերը նշված  3-րդ փնջին, ապա այս դեպքում առաջին հայացքից կարող է թվալ, որ գծագրողները  թերացել են: Իրականում այս փունջը առանձնահատուկ նպատակով է ձևավորվել. այն իր մեջ ներառում է Հովիկ Աբրահամյանի հայրենի Մխչյան գյուղը, որտեղ ՀՀԿ-ն ԱԺ ընտրություններում նվաստացուցիչ ցածր արդյունք էր արձանագրել՝ 5 տոկոս: Այս փնջում ընդգրկված  համայնքների թվերից ակնհայտ է դառնում, որ գծագրողները որոշել են նախկին վարչապետին ծաղրել: Փաստացի Մխչյանի փնջում չկա մեծությամբ նրան համարժեք գյուղ և բացառված չէ, որ հենց այդ բնակավայրն էլ կլինի խոշորացված համայնքի այսպես կոչված շրջկենտրոնը: Ուստի, եթե ՀՀԿ-ին հաջողվի՝ հնազանդ փոքր գյուղերի միջոցով Մխչյանը վերցնել Հովիկ Աբրահամյանի ձեռքից, ապա դա նրա համար շատ վիրավորական ապտակ կլինի: Ստորև բերված ցանկում ներկայացված են Արարատի մարզում սպասվող համայնքների խոշորացման՝ մյուս հինգ փնջերը:   Արարատ–5 Արարատ–6 Արարատ–7 Արարատ–8 Արարատ–9 Հարկ է նկատել, որ ՀՀ իշխանությունները Արարատի մարզի համայնքների խոշորացման նախապատրաստական փուլը նախատեսում են ավարտել այս տարվա աշնանը: Ենթադրվում է, որ տարեվերջին համապատասխան օրենսդրական նախագիծը կներկայացվի խորհրդարան և եկող տարվա գարնանը՝ միավորված համայնքներում տեղի կունենան առաջին միասնական ՏԻՄ ընտրությունները:  
Վահագն Հովակիմյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/38634.html 

© factor.am

Արարատի մարզի 99 բնակավայրերից կկազմավորվի 9 խոշոր համայնք https://factor.am/38634.html

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ