ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Անհասկանալի չափանիշներով միավորված համայնքրեը կարող են փաստի առաջ կանգնել

11:01, մարտի 05, 2018

«Փաստ» օրաթերթը գրում է.

2011 թվականին կառավարության որոշմամբ հաստատված հայեցակարգով հանրապետությունում պետք է համայնքների խոշորացում իրականացվեր: Եվ եթե նախնական փուլում, որպես պիլոտային ծրագիր 18 համայնք ձևավորվեց, որը ինչ–որ տեղ կարելի է հաջողված համարել, ապա անցյալ տարի ձևավորված 34 համայնքները տարերային և անհասկանալի տրամաբանությամբ են ձևավորվել: Եվ քիչ չեն դեպքերը, երբ նույն փնջի մեջ մտած մի համայնքը մյուսից մոտ 50 կիլոմետրից ավելի հեռու է, ինչը չի կարող հետագա բարդություններ չառաջացնել բնակիչների համար:

 

Համայնքների փորձագետ Վահան Մովսիսյանի կարծիքով համայնքների խոշորացումը միանշանակ չի ընթանում նաև այն պատճառով, որ խոշորացմանը զուգահեռ պետք է որոշակի ֆինանսական ներարկումներ լինեն և կառավարման ապակենտրոնացում իրականացվի: Եվ եթե խոշորացած առաջին 18 համայնքների դեպքում որոշակի ֆինանսական ներդրումներ կատարվել են, ինչը հեշտացրել է համայնքների ձևավորման աշխատանքը, ապա մնացածի դեպքում այդպես չէ:

«Հաջորդ 34 խոշորացված փնջերում իմ համոզմամբ դեռևս որևէ ներդրում չի եղել, և տեղերում, մեծ հաշվով, որևէ էական փոփոխություն չի երևում: Բացի այդ, նշված համայնքների խոշորացումից դեռ երկար ժամանակ չի անցել, որպեսզի հնարավոր լինի հստակ ախտորոշում իրականացնել, սակայն հայեցակարգից շեղումներով իրականացված գործընթացը մտահոգություններ է առաջացնում»,– ասաց Վ. Մովսիսյանը:

Նրա խոսքով ավելի վաղ ձևավորված 18 փնջերում հիմա վիճակը զգալի տարբերվում է նախկինից, քանի որ համայնքապետարանի աշխատակիցների կրճատման հետևանքով հնարավոր է դարձել բնակիչների համար նոր ծառայություններ մատուցել:

«Աղբի մեքենա է հայտնվել, հնարավոր է դարձել բոլոր 6–7 նախկին համայնքների ճանապարհները հարթեցնել, կոմբայն կարողացան ունենալ, որը համայնքի բոլոր բնակիչների ցորենը կհնձի: Այսինքն, եթե նախկինում դրանք ամեն մի համայնք չէր կարող ունենալ, ապա հիմա ձեռք բերված տեխնիկան կարող է սպասարկել բոլորին: Այլ է վիճակը հաջորդ քայլով խոշորացված 34 համայնքներում: Դեռևս հասկանալի չէ, թե ինչ իրավիճակ է տեղերում տիրում: Հայտնի չէ, թե ինչ սկզբունքով են խոշորացել համայնքները, ինչ հաշվարկ է եղել դրա տակ, ինչու են հատկապես այդ փնջերով խոշորացվել համայնքները: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված 34 համայնքներում խոշորացումը ավելի մեծ փնջերով է իրականացվել: Օրինակ՝ Ղափանում, Սիսիանում 30–ից ավելի համայնք է միավորվել, որը սարսափելի է»,– ասաց Վ. Մովսիսյանը:

 

Փորձագետի կարծիքով համայնքների խոշորացման գաղափարը համայնքների ուժեղացման ու զարգացման նպատակ է հետապնդում, որպեսզի հնարավոր լինի լիազորությունները մարզպետարաններից համայնքներ փոխանցելու միջոցով ապակենտրոնացում իրականացնել և մարզպետարանների աշխատանքը թեթևացնել, իսկ մեծ փնջերով խոշորացնելով, հետևանքները կարող են անկանխատեսելի լինել:

«Ասում են համայնքապետերով հավաքվեցին, այդպիսի առաջարկ արեցին: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մինչև հիմա համայնքապետերն ինչ ուզել են, պետական պատկան կառույցներն արել են: Բայց խնդիրն այն է, որ հստակ հայեցակարգ կա, որը դեռևս 2011 թվականին է ընդունվել կառավարության կողմից, որով էլ պետք էր առաջնորդվել: Այնտեղ հստակ չափորոշիչներ կան սահմանված, որոնք պետք էր պահել, ոչ թե օրինակ՝ համայնքների միջև սահմանված հեռավորությունը դարձնել 70 կիլոմետր, ոչ թե մի քանի հոգով հավաքվեին ու անհասկանալի որոշումներ կայացնեին»,– ասաց Վ. Մովսիսյանը:

Անհասկանալի չափանիշներով միավորված համայնքրեը կարող են փաստի առաջ կանգնել

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ