ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀՀ-ում կստեղծվի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները կանոնակարգող լիազոր մարմին

12:10, մարտի 21, 2018

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ՀՀ ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը նպատակ ունի կարգավորել կոշտ կենցաղային թափոնների տեղափոխման ու տեղադրման հարցերը:

Նախարարի խոսքով` օրենսդրական փաթեթի ամբողջ գաղափարախոսության հիմքում դրված է հստակեցնելը` ինչ են իրենցից ներկայացնում կոշտ կենցաղային թափոնները: «Առ այսօր այս ոլորտում հստակ լիազոր մարմին չունենք, և այս օրենքով կառավարությունը կհստակեցնի այն լիազոր մարմինը, որը կկանոնակարգի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ՀՀ-ում։ Նախագծով հստակեցվել է, թե ինչպես պետք է կառավարել թափոնները, ինչպիսի միջանկյալ հասկացություններ պետք է գործեն, պետք է լինեն այնպիսի տերմիններ, գործառույթներ, ինչպիսիք են` աղբի տեսակավորում, փոխաբեռնման կայաններ, աղբի տեղակայում: Սա նախկին օրենսդրական կարգավորումներում բացակայել է»,- ասել է Դավիթ Լոքյանը:

Համաձայն նախարարի՝ ՀՀ-ում օրական միջինը մեկ շնչի հաշվով գոյանում է 0,4-0,6 կգ աղբ` տարեկան 6600 տոննայի չափով, դա հսկա ծավալով կոշտ կենցաղային թափոն է, որն անհրաժեշտ է կանոնակարգված ձևով հեռացնել, պահեստավորել, աղբավայրերում ծածկելու, նույնիսկ նոր ժամանակակից տեխնոլոգիաներով այրելու, նաև համապատասխան բնապահպանական խնդիրների լուծումը կապահովվի:

«Սահմանված էր համայնքներում աղբահանության համար վճարել առավելագույնը 400 դրամ, սակայն ներքին շեմ սահմանված չէր, ուստի շատ համայնքներ չէին վճարում աղբահանության համար: Հիմա սահմանել ենք նվազագույնը` 50, առավելագույնը` 400 դրամ աղբահանության համար։ Փաթեթում նաև հստակ երևում է` ինչ կարգի միջոցներ ենք փորձում իրականացնել, որ կարողանանք պայքարել մաքուր Հայաստան, բնապահպանական նորմալ վիճակ ունենալու համար»,- նշել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ կարգավորվել է նաև այս կամ այն սուբյեկտից աղբահանության գումարներ գանձելու գործառույթը: «Առանձնացրել ենք շուկաներ, հյուրանոցներ, կրթական հաստատություններ, արտադրական ձեռնարկություններ` յուրաքանչյուրում փորձելով գտնել այնպիսի տրամաբանություն, որ չդառնա խիստ ճնշող տվյալ բիզնեսի այս կամ այն գործունեության համար, մյուս կողմից` հնարավորություն ընձեռվի համայնքին, որպեսզի կարողանա այս ծառայությունը իրականացնել այդ գումարի միջակայքում»,- եզրափակել է նա:
Նախագծով կոշտ կենցաղային են համարվում այն թափոնները, որոնք առաջանում են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում ու կազմով նման են բնակելի տարածքներում ֆիզիկական անձանց կողմից սպառման ընթացքում առաջացող թափոններին:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել աղբաթափությունը, բարելավել աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակը: Սահմանվում են աղբահանության տարբեր դրույքաչափեր՝ կախված աղբի տեսակից, ծավալից, շինության տեսակից և այլն:

 

ՀՀ-ում կստեղծվի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները կանոնակարգող լիազոր մարմին http://mtad.am/hy/news/item/2018/03/21/mtad5468/

0



Օրացույց

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ