ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՏԻՄpulse-ի մեկնարկը տրված է

07:01, սեպտեմբերի 27, 2018

Սեպտեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում մեկնարկեց 2017թ․ Մարդամեջ սոցիալ նորարարական հավաքի ընթացքում ստեղծված և մշակված ՏԻՄպուլս մասնակցային խաղը, որի նպատակն է համայնքի երիտասարդ բնակիչների մասնակցության միջոցով բարձրացնել ավագանու անդամների աշխատանքի որակն ու արդյունավետությունը։ Ըստ խաղի կանոնների՝ մասնակիցները բաժանվում են թիմերի, որոնցից յուրաքանչյուրը ողջ խաղի ընթացքում աշխատում է ավագանու մեկ անդամի հետ՝ փորձելով նրա միջոցով վերհանել համայնքի հրատապ խնդիրներն ու նպաստել դրանց լուծմանը։

Դեռևս 2017թ․ ձևավորված ՏԻՄպուլս խաղի ադմինիստրատիվ թիմը, Մարտունու ԻնֆոՏան համակարգողների օգնությամբ ներկայացրեց խաղը համայնքի հիմնական  և ավագ դպրոցներում՝ հրավիրելով բարձր դասարանցիներին մասնակցել խաղին։ Արդյունքում հավաքագրվեցին 14-16 տարեկան 26 մասնակիցներ, որոնց հետ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին, Մարտունու ինֆոտանը։ Հանդիպման նպատակն էր երիտասարդներին տեղեկություններ հաղորդել ՏԻՄ կառուցվածքի, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների լիազորությունների, բնակիչների մասնակցային մեխանիզմների վերաբերյալ, ինչպես նաև  ծանոթացնել խաղի հիմնական կանոններին և տալ առաջին հանձնարարությունը։

Միջոցառման առաջին հատվածում Համյնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) ներկայացուցիչ Դավիթ Մարգարյանը մասնակիցներին պատմեց, թե ի՞նչ է ՏԻՄ-ը, որո՞նք են համայնքի ավագանու անդամների գործառույթները, ինչպե՞ս է տեղի ունենում համայնքային խնդիրների առաջնահերթությունների սահմանումը և ինչպե՞ս են համայնքում որոշումներ կայացվում։ Այնուհետև Եվրասիա համագործակցություն (ԵՀՀ) հիմնադրամի Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը մասնակիցներին բացատրեց խաղի կանոնները և ընթացքի վերաբերյալ կարևոր մանրամասները։

Քանի որ Մարտունի համայնքում ավագանու անդամները թվով 12-ն են, ձևավորվեց 12 խումբ։ Մասնակիցները ստացան իրենց առաջին հանձնարարությունը․ յուրաքանչյուր թիմ մեկ շաբաթվա ընթացքում պետք է հարցազրույց անցկացնի իր գործընկեր ավագանու անդամի հետ, դրա հիման վրա կազմի նրա կենսագրությունը, որն այնուհետև կտեղադրվի համայնքի կայքում, ինչպես նաև խաղի  timpulse.am կայքում։ Այսպիսով՝ յուրաքանչյուր հանձնարարության կատարումից հետո թիմերը ստանալու են նոր հանձնարարություն և դրա ուղղությամբ աշխատելու են մինչև ավագանու հերթական նիստը։ Իսկ կատարված աշխատանքների արդյունքները պարզ կդառնան երկու ամիսը մեկ խաղի ադմինիստրատիվ թիմի կողմից իրականացվող ավագանու անդմաների աշխատանքի գնահատումից, որն իրականացվելու է հատուկ մշակված մեթոդաբանությամբ։

 

Որպեսզի խաղի մասնակիցներն ավելի լավ յուրացնեին հանդիպման առաջին հատվածում տրված գիտելիքները և անձամբ ծանոթանային համայնքապետարանի կառուցվածքին, միջոցառման երկրորդ մասում նրանք ուղևորվեցին Մարտունու համայնքապետարան, հանդիպում ունեցան Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի հետ, ով իր խոսքում կարևորեց երիտասարդների ներգրավվածությունը համայնքի ինքնակառավարմանը և ողջունեց մասնակիցների պատրաստակամությունը, ներկայացրեց համայնքապետարանի ընթացիկ աշխատանքները։ Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև համայնքի ղեկավարին ուղղել համայնքի վերաբերյալ մի շարք հարցեր, բարձրաձայնել իրենց համար հրատապություն ունեցող խնդիրներ։ Այնուհետև, համայնքի ղեկավարի և ավագանու անդամ Տիգրան Ստեփանյանի ներկայությամբ տեղի ունեցավ վիճակահանություն, որի արդյունքում յուրաքանչյուր խումբ պարզեց իր գործընկեր ավագանու անդամին։

Խաղի մեկնարկը տրված է, և մասնակիցները պետք է մրցեն իրար հետ՝ իրենց համայնքում դրական փոփոխություն իրականացնելու գործում։

 


1



Anonymous

Հետաքրքիր գաղափար է

11:49, սեպտեմբերի 30, 2018


Օրացույց

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ