ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Մեկնաբանություններ Հայաստանի համայնքների միության նախագահի կողմից համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հայտնած մտքերի վերաբերյալ

12:51, հոկտեմբերի 04, 2018

Մեկնաբանություններ 
Հայաստանի համայնքների միության նախագահի կողմից համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հրապարակայնորեն հայտնած մտքերի վերաբերյալ

Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի՝ համայնքի բնակիչների ու համայնքների լսված լինելու իրավունքի հետ կապված սահմանումն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015թ. փոփոխություններում, մասնավորապես՝ 190-րդ հոդվածում և այդ առումով Հայաստանը կատարել է կոնվենցիայից բխող իր պարտավորությունները: 
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության 190-րդ հոդվածով սահմանված համայնքների կարծիքը լսելու Ազգային ժողովի պարտավորության վերաբերյալ ներպետական օրենսդրության մեջ սահմանված չլինելու հանգամանքին և առանց դրա որևէ որոշում ոչ իրավաչափ դիտարկելու տեսակետին, ապա միանգամայն տեղին է մեջբերել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի դրույթն առ այն, որ «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ», հետևաբար` Սահմանադրությամբ նախատեսված նորմերը կարող են գործել անմիջականորեն և ուղղակիորեն: Եվ սահմանադրական նորմի` ՀՀ օրենսդրությամբ իրացված չլինելը, չի նշանակում, որ սահմանադրական նորմն անմիջականորեն չենք կարող կիրառել, և այդ տրամաբանությամբ էլ իրականացվել է վարչատարածքային բարեփոխումների ընթացքում համայնքների կարծիքը լսելու գործընթացը:
Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականից նախաձեռնված համայնքների խոշորացման բոլորը փուլերն ուղեկցվել են իրավաչափության և իրավակիրառության պայմաններում: 2015 թվականին նախաձեռնված համայնքների խոշորացման գործընթացը կազմակերպվել է ՀՀ Սահմանադրության 2005 թվականի փոփոխությունների համատեքստում՝ տեղական հանրաքվեի նշանակման և անցկացման հնարավորության պայմաններում, իսկ ինչ վերաբերում է խոշորացման մյուս փուլերին, ապա դրանք իրականացվել են խորհրդարանական լսումներ կազմակերպելու և անցկացնելու միջոցով: Անհրաժեշտ է արձանագրել, որ եթե ՀՀ Սահմանադրության 2005թ. փոփոխությունները համայնքների միավորման դեպքերում համայնքների կարծիքը լսելու պարտավորություն էր սահմանել կառավարության համար, ապա ՀՀ Սահմանադրության 2015թ. փոփոխություններն այդպիսի պարտավորություն են սահմանել Ազգային ժողովի համար, և այս պարագայում այդ կարծիքը՝ խորհրդարանական լսումներ կազմակերպելու և անցկացնելու միջոցով լսելը, միանգամայն տեղավորվում է օրենսդիրի՝ խորհրդարանական հնարավորությունների և իրավասությունների շրջանակում: 
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են բացառապես «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, և նշված օրենքով օրենսդիրի համար որևէ կարծիք լսելու հնարավորությունը ընձեռնվում է բացառապես խորհրդարանական լսումների կազմակերպման և անցկացման միջոցով: Ազգային ժողովը չունի այլ իրավական հնարավոր գործիքակազմեր համայնքների կարծիքն անմիջականորեն լսելու համար, իսկ Սահմանադրությունը համայնքների կարծիքը լսելու պարտավորությունը Ազգային ժողովի համար սահմանել է անմիջականորեն:
Համայնքների միավորման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում վարչատարածքային բարեփոխում իրականացնող պետական լիազոր մարմինն առաջնորդվել է ՀՀ Սահմանադրության 190-րդ հոդվածով սահմանված նորմերով: Համայնքների կարծիքը լսելու իրականացված մեխանիզմը ընտրվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի Ազգային ժողովի համար ընձեռնված իրավական հնարավորություններից, այն է՝ խորհրդարանական լսումների կազմակերպման և իրականացման միջոցով:
Վարչատարածքային բարեփոխումներ իրականացնող պետական լիազոր մարմինը համայնքների միավորման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում հետևել է օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Համայնքների միավորման առաջին փուլում այն իրականացվել է տեղական հանրաքվեներ տվյալ համայնքներում նշանակելու և իրականացնելու միջոցով, իսկ 2016-2017թթ. երկրորդ և երրորդ փուլերով կատարված համայնքների միավորման գործընթացը կազմակերպվել և իրականացվել է խորհրդարանական լսումների միջոցով: Խորհրդարանական լսումները կազմակերպվել են ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աջակցությամբ: Բացի այդ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը բազմիցս կազմակերպել է հանդիպումներ միավորվող համայնքների բնակիչների հետ տեղերում: 
Վերոգրյալը հաշվի առնելով կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում 2015-2017թթ. իրականացված համայնքների միավորման գործընթացում հաշվի են առնվել միավորվող համայնքների կարծիքն այդ պահին գործող սահմանադրական նորմերի համատեքստում, և ըստ այդմ էլ` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված համապատասխան օրենսդրական փոփոխություններն իրավաչափ են եղել և համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանաբար թե՛ 2005թ. և թե՛ 2015թ. փոփոխություններին:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչություն


0



Օրացույց

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ