09:46, հոկտեմբերի 08, 2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի կարծիքով՝ երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո ժողովուրդը գիտակցում է, որ մասնակցում է իր կողմից իշխանության ձևավորմանը:
Վաչե Տերտերյանից հետաքրքրվեցինք՝ երկար տարիներ լինելով ոլորտում՝ կառավարության նոր ղեկավարության հետ աշխատանքի վերաբերյալ ի՞նչ տպավորություններ ունի, մասնավորապես տեղական ինքնակառավարման համակարգում բարեփոխումների իրականացման պատրաստակամության տեսանկյունից: Փոխնախարարը պատասխանեց. «Համընդհանուր որոշակի ակտիվությունը, քաղաքացիական դիրքորոշման կտրուկ վերելքը, էմոցիոնալ վերելքը բերում է քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը, ինչը տեղական ինքնակառավարման համար համակարգային եզրույթ ունեցող խնդիր է: Մշտապես իմ համոզմունքն է եղել, որ մեր տեղական ինքնակառավարման համակարգում անկախ ճիգերից, իրավական կարգավորումներից, մենք հաջողություն կարող ենք ունենալ անհրաժեշտ մի քանի հանգամանքների առկայության պարագայում, որոնցից ամենակարևորը բնակչության քաղաքացիական ակտիվության կեցվածքն է: Եթե բնակիչը քաղաքացիական ակտիվ կեցվածք իր համայնքում չունի, խոսել տեղական ինքնակառավարման մասին նույնն է, ինչ մի վերացական, ոչ մի հողեղեն հիմք չունեցող երևույթի մասին: Սա իսկապե մեր խնդիրն է եղել»:
Վաչե Տերտերյանը տեղի ունեցած փոփոխություններն ավելի շատ կապում է հանրային ակտիվության գիտակցության հետ. «Առավել քան համոզված եմ, որ մեր գործադիր իշխանության համակարգում ընդգրկված մարդկանց ճնշող մեծամասնությունը երկրի այն քաղաքացիներն են, որոնք ոգևորվում, ընկճվում են, լավատեսություն են իրենց մեջ կրում: Սա փոքր գործընթաց չէ, այլ ընդհանուր հասարակական վերելքի, զարթոնքի ակտիվության մի փուլ: Հիմա գործադիր իշխանությունը, մենք բոլորս պիտի կարողանանք համընդհանուր դրական մթնոլորտն իրացնել կոնկրետ ակնկալիքների և համաչափ, համբերատար լուրջ աշխատանքով հեռահար նպատակների արձանագրման համար»:
Վաչե Տերտերյանը փաստեց՝ իրականում այժմ դրական ֆոն է այն առումով, որ կա ոգևորվածություն. «Եթե մարդ ոգևորված է, իրենից կարելի է մի բան ստանալ, եթե ոգևորված չէ, հիասթափված է, իր հետ դժվար է: Մենք ունենք հասարակության շրջանում ակնհայտ դրական ուղղվածությամբ ոգևորություն. սպասելիքներ, ձգտումներ: Մեր բոլորի գործը պիտի լինի այս ամենն ուղղել դրական ուղղությամբ»:
Տվյալներ չկան
փետրվարի 06, 2019 0
փետրվարի 11, 2019 0