ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Տեղական ինքնակառավարումը Հայաստանում։ 2017» գրքի ներկայացումը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում

11:21, դեկտեմբերի 14, 2018

Շուրջ 20 տարի առաջ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (այն ժամանակ՝ ՀՀ կառավարման դպրոց) երրորդ հարկի սենյակներից մեկում Հայաստան երկրի պետականաշինությամբ մտահոգ մի խումբ մարդկանց ջանքերով ստեղծվեց «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպությունը: Գոյության 20 տարվա ընթացքում կազմակերպության հիմնական նպատակը եղել է ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդմանն ու զարգացմանը մասնագիտական գործունեությամբ նպաստելը: Նպատակի իրագործման համար Միավորումը մշտադիտարկման է ենթարկում Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգը և արդյունքները պարբերաբար հրապարակում «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում» գրքում: Այսօր արդեն ընթերցողի սեղանին է այդ շարքի 10-րդ գիրքը, որն ամփոփում է 2017 թվականի մշտադիտարկման արդյունքները: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այնտեղ, որտեղ սկսվել էր «Համայնքների ֆինանսիստների միավորման» ճանապարհը՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հպարտությամբ նշեց այդ փաստը և խոսեց համայնքների բյուջեի պլանավորման, ֆինանսական գործառույթների կարգավորման, համայնքների ֆինանսավորման համահարթեցման և այլ հարցերում Միավորման կողմից կատարված արդյունավետ ու հայրենանվեր աշխատանքի և մեծ դերակատարման մասին: «Հիմնադրման պահին ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ ճամփա կանցնի և ինչ դեր կունենա համայնքների զարգացման գործում «Համայնքների ֆինանսիստների միավորումը»,- ասաց Արսեն Լոքյանը և ներկաներին ներկայացրեց հասարակական կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանին, որը Միավորման ստեղծման հիմնադիրներից է: Ներկայացնելով «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում» գրքի 10-րդ թողարկման պատրաստման ուղղությամբ կատարված աշխատանքը՝ Վահան Մովսիսյանն ասաց, որ իրենք ոչ միայն ուսումնասիրել, այլև համակողմանի վերլուծության են ենթարկել Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգը և ներկայացրել որպես մշտադիտարկման 2017 թվականի զեկույց: Նրա խոսքով՝ գրքի հասցեատերերը ամենից առաջ տվյալ ոլորտում քաղաքականություն մշակողներն են, ապա՝ տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների շահագրգիռ անձինք, ինչպես նաև ուսանողներն ու հասարակության լայն շրջանակները: «Համայնքների ֆինանսիստների միավորման» նախագահը խոսեց այն դժվարությունների մասին, որոնք հաղթահարել են կազմակերպության կայացման ճանապարհին: Չունենալով գնահատման որևէ չափանիշ, ՏԻՄ տարեկան ինդեքսի հաշվարկման որևէ մեթոդ՝ նախանձախնդիրների իրենց խումբը երկար ճանապարհ է անցել՝ մշակելով և՛ մեթոդաբանությունը, և՛ չափանիշները: Արդյունքում այսօր ունեն հրատարակված տասը գիրք Հայաստանում տեղական ինքնակառավարման մասին: «Հեռու ենք այն մտքից, թե գրքում միայն քննադատություն պետք է լինի: Այստեղ արտացոլվում են նաև հաջողությունները և մատնանշվում այն հնարավորությունները, որոնք ոլորտի առաջընթացն են ապահովելու»,- նշեց Վահան Մովսիսյանը: Նա հպարտությամբ նշեց, որ այսօր Միավորման անդամներից շատերը Եվրոպայում միջազգային փորձագետներ են: «Համայնքների ֆինանսիստների միավորում» փորձագիտական խմբի անդամ Դավիթ Մարգարյանը հնարավորինս հակիրճ, բայց և հանգամանորեն ներկայացրեց «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում» գրքի 10-րդ թողարկման բովանդակությունը իր յոթ խոշոր բաղադրիչներով: ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը վստահեցրեց, որ գիրքը չափազանց օգտակար կլինի նաև Պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտների համար, որոնցից շատերի մագիստրոսական թեզերի թեմաներն առնչվում են տեղական ինքնակառավարման ոլորտին:


«Տեղական ինքնակառավարումը Հայաստանում։ 2017» գրքի ներկայացումը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում https://paara.am/texakan-inqnakaravarman-hamakargy/

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ