ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հարցազրույց ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԵՏՈՂՈՐՄՅԱ ԿԱՆԵ՞Ն, ԹԵ՞ ՈՉ

09:40, դեկտեմբերի 25, 2018

Համայնքների խոշորացման ծրագիրը հեղափոխությունից հետո կանգ է առել։ Նոր կառավարությունը չի կողմնորոշվում՝ շարունակի՞, թե՞ կանգնեցնի։ Եթե շարունակեն, կստացվի՝ կողմ են նախորդ կառավարության այս ծրագրին, որը ժամանակին քննադատում էին, եթե կանգնեցնեն՝ համարելով, որ վատ է, կստացվի՝ այն համայնքները, որոնք խոշորացվել են, տուժած համայնքներ են ու կշարունակեն տուժել, իսկ մյուսները, որոնք պետք է խոշորացվեին, բայց չեն խոշորացվի, շահած դուրս կգան։ Արդյունքում կստեղծվի անհավասար իրավիճակ։ Կա նաեւ այլ տարբերակ, որի մասին ակնարկել է Նիկոլ Փաշինյանը, «ապամոնտաժել» այդ համայնքները, թողնել իրենց հայեցողությանը՝ ով դժգոհ է, թող դուրս գա խոշորացումից։ Նշենք, որ խոշորացման արդյունքում 465 համայնք ընդգրկվել է 52 համայնքում, այժմ ունենք 502 համայնք՝ նախկին 915-ի փոխարեն։ Ակնհայտ է, որ այս հարցում էլ հստակ ծրագիր կառավարությունը չունի։ Իսկ համայնքների հայեցողությանը թողնել կառավարման, վարչատարածքային բաժանման սկզբունքը, հենց դրա մասին է վկայում։

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մեզ հետ զրույցում հղում արեց վարչապետի հայտարարություններին, որ խոշորացում անելիս պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն այդ ռեֆորմի դրական կողմերին եւ այդ դրական կողմերն ազգաբնակչությանը ներկայացնելուն, որ կարողանան նրանց համոզել ու բերել կառավարության ընկալումների դաշտ։

«Կարծում եմ՝ հաջորդ տարում մենք կսկսենք էդ ուղղությամբ աշխատել, այսինքն՝ էլի կունենանք նոր նախագծեր խոշորացվող համայնքների, որոնք կսկսենք ազգաբնակչությանը ներկայացնել եւ քննարկել, համենայնդեպս՝ բնակչության հետ համաձայնությամբ։ Թե համաձայնության ֆորմատն ինչպիսին կլինի, դա դեռ պետք է մտածել, բայց պիտի հասնել նրան, որ մարդիկ տեսնեն դրա դրական ելքերը, արդյունքները»,- ասաց պարոն Տերտերյանը։

- Այսինքն՝ մինչեւ հիմա այդ դրական ելքերն ու արդյունքները չե՞ն տեսել։

- Ես նկատի ունեմ՝ նոր խոշորացվող համայնքների պարագայում, որպեսզի կարելի լինի բնակչությանն ավելի համոզիչ դրանք ներկայացնել։ Խոշորացվող համայնքների եւ դրանցում իրականացված աշխատանքների մասին տարբեր առիթներ ունեցել ենք ներկայացնելու, թե ինչ ծրագրեր ենք արել, ինչ հնարավորություններ են ձեւավորվել։ Հիմա խոսքը հետագա խոշորացումների մասին է։ Ի դեպ, էդ նոր խոշորացումները չեն ենթադրում, որ մենք չենք շարունակելու արդեն խոշորացվածներով զբաղվել։

- Հիմա այս եղած խոշորացված համայնքներում գո՞հ են, ձեր ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տալիս։

- Գիտե՞ք ինչ, Ձեր հարցը մի քիչ ընդգրկուն է, որովհետեւ, եթե վերցնենք, որ հենց խոշորացման պահին էլ, եթե մարդիկ որոշակի դժգոհություններ արտահայտում էին, էդ դժգոհությունների ճնշող մեծամասնությունը, համենայնդեպս, ուղղակիորեն կապված չէր խոշորացման հետ։ Իրենք դժգոհում էին շատ ու շատ այլ բաներից, ենթադրենք՝ նույն համայնքներում մեր ծառայությունների մատուցման որակից, աշխատանքների կազմակերպման, ենթակառուցվածքների եւ այլն։ Հիմա մենք խոշորացմամբ էդ խնդիրները լուծելու ավելի մեծ դաշտ ու մեծ հնարավորություն ենք ստեղծել։ Կարելի է բացել նայել բոլոր էդ խոշորացված համայնքներն ու տեսնել, որ առաջընթաց, այնուամենայնիվ, կա։ Հիմա պնդել, որ բնակչությունն էս պահին էդ խոշորացումից շատ գոհ է, ես էդ հարցն էդպես չէի դնի։

- Վարչապետը, կարծեմ, այդքան էլ չի ողջունում համայնքների խոշորացման ծրագիրը, նույնիսկ մի տեղ ակնարկել է, որ հնարավոր է հետողորմյա անեն, թողնեն համայնքների հայեցողությանը, եթե կցանկանան, թող առանձնանան։

- Մենք երբեք էլ չենք պնդել, որ որեւէ բարեփոխում կարող է երաշխավորված լինել, որ ոչ մի տեղ ոչ մի թերություն չի լինելու։ Իհարկե, կարող է լինել, էլ չեմ ասում, որ ժամանակն ամենալավ մոնիտորինգն է, որ կարող է շատ տեղերում ցույց տալ ինչ-որ բաներ, որոնք կարող էին էն ժամանակ տեսանելի չլինել։ Իհարկե, չի բացառվում, որ ինչ-որ բաներ կարող են անել, բայց, համենայնդեպս, ես էդպիսի տպավորություն չունեմ, որ պիտի Ձեր ասածով հետողորմյա անենք։ Ես ավելի հակված եմ, որ պիտի առաջ գնանք, իհարկե, հաշվի առնելով որոշ բաներ, ամենակարեւորը՝ այն քաղաքական հայտարարությունը, որ բնակչության հետ մենք պիտի ավելի ինտենսիվ ու ավելի խորքային աշխատենք։

Աղբյուրը՝ https://hraparak.am

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԵՏՈՂՈՐՄՅԱ ԿԱՆԵ՞Ն, ԹԵ՞ ՈՉ

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ