ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Խոշորացված համայնքներում գոհ են եկամուտների հավաքագրման ցուցանիշից

10:01, հունվարի 17, 2019

Մոտ 3 տարի առաջ փորձագետները պնդում էին, թե ՀՀ-ում համայնքների խոշորացման գործընթացը կարող է բացասաբար ազդել բնակավայրերի սեփական եկամուտների հավաքագրման վրա, կամ դժվարություններ ստեղծել հավաքագրման աշխատանքներում:

«Ասպարեզը» տարբեր մարզերի խոշորացված համայնքների ղեկավարներից հետաքրքվել է, թե 2018 թվականին բնակավայրերում ինչպիսի ցուցանիշ է ապահովել սեփական եկամուտների հավաքագրումը, արդյո՞ք այդ ցուցանիշները տարբերվում են համայնքների` մինչ խոշորացումը եւ խոշորացումից հետո:

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքը կազմավորվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում 09.06.2017 թվականի ՀՕ-93-Ն կատարված փոփոխության արդյունքում՝ Գեղարքունիքի մարզի Սոթք, Ազատ, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Դարանակ, Կախակն, Կութ, Կուտական, Նորաբակ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ գյուղական համայնքների միավորումից:
Խոշորացված համայնքի կենտրոնը Սոթքն է։ Գեղամասարը, ըստ 2016 թվականի տվյալների, ունի 9 հազար 611 բնակիչ:

Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը նշում է, որ համայնքում 2018 թվականի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը նորմայի սահմաններում է:

«Գեղասարում ամեն ինչ նորմալ է: 2018 թվականին մենք պարտքը հասցրել ենք նվազագույնի, չնչին գումար է մնացել հավաքելու: Հիմնականում հավաքագրվել է գույքահարկ եւ հողի հարկ: Իսկ մինչ խոշորացումը համայնքների վիճակը եղել է շատ վատ, խնդիրները շատ էին, գյուղերն ունեին սեփական եկամուտների խոշոր պարտքեր»,-ասում է նա:

Համայնքի ղեկավարի խոսքով` թերացումը հիմնականում եղել է ապառքների պատճառով, թեպետ արդեն որոշակիորեն հավաքագրվել են նաեւ ապառքները:

2018 թվականի ընթացքում սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշով աչքի է ընկել Սոթք բնակավայրը: Համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի տեղեկացմամբ` եկամուտները որոշակիորեն թերի են հավաքագրվել գյուղական երեք բնակավայրերում, եւ խիստ պահանջ է դրվել մինչեւ 2019 թվականի առաջին եռամսյակում ապահովել բարձր ցուցանիշ:

2016 թվականի հուլիսին «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջով Տավուշի մարզի խոշորացված Այրում համայնքում ընդգրկվել են Այրում քաղաքային եւ Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Դեղձավան, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան գյուղական համայնքները: 2016 թվականի սեպտեմբերի տվյալներով, խոշորացված Այրում համայնքում բնակվում է 11 հազար 97 մարդ:

Համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանն ասում է, որ 2018 թվականին սեփական եկամուտների հավաքագրումը 98-99 տոկոս է եղել: Ամենամեծ խնդիրը, ըստ համայնքի ղեկավարի, հողի հարկն է: Սահմանամերձ մարզում եւ, մասնավորապես, Լճկաձոր գյուղական համայնքում բնակիչները թեպետ ունեն սեփական հողամասեր, սակայն հարկ չեն վճարում: Նրանք տարիներ առաջ արտագաղթել են, իսկ հողամասերը թողել են անմշակ:

«Մենք այդ մարդկանց նկատմամբ լծակներ չունենք, որ մարդկանց պարտադրենք վճարել հողի հարկերը, բայց լավ աշխատանքի արդյունքում ապառքները վճարեցին, եւ հողի հարկի հավաքագրման պլանը գերակատարեցինք, 110 տոկոս է եղել»,-ասում է նա:

Համայնքի ղեկավարը չի առանձնացնում թերի եւ բարձր ցուցանիշ ապահովող բնակավայրերը: Վստահեցնում է`բոլոր բնակավայրերն էլ ակտիվ են եղել, միաժամանակ նշում, որ պլանի գերակատարում կամ մոտ 100 տոկոս հավաքագրման ցուցանիշ երբեւէ չի արձանագրվել մինչ խոշորացումը Այրումում եւ կազմի մեջ մտնող յուրաքանչյուր բնակավայրում:

Շիրակի մարզի Արփի համայնքը կազմավորվել է 2016 թվականի հոկտեմբերին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջով:

Արփի համայնքում ընդգրկվել են Ալվար, Աղվորիկ, Արդենիս, Գառնառիճ, Զարիշատ, Զորակերտ, Ծաղկուտ, Շաղիկ եւ Բերդավան բնակավայրերը: Համայնքի կենտրոնը Բերդաշենն է: 2016 թվականի տվյալներով` խոշորացված համայնքն ունի մեկ հազար 811 բնակիչ:

Համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանը եւս գոհ է սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշից: Եթե մինչ խոշորացումը այս բնակավայրերից յուրաքանչյուրում հնարավոր է եղել սեփական եկամուտներն հավաքագրել մոտ 40-50 տոկսով, ապա այսօր` մոտ 70-80: Բնակավայրերում առաջնայինը հավաքագրվել են գույքահարկն ու հողի հարկը:

Համայնքների ղեկավարները սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշը պայմանավորում են նոր աշխատաոճով, նաեւ համայնքների վարչական ներկայացուցիչների փոփոխությամբ եւ պահանջկոտ աշխատանքով:

Անի Մկրտչյան

Խոշորացված համայնքներում գոհ են եկամուտների հավաքագրման ցուցանիշից http://www.asparez.am/arpi-geghamasar-ayrum-hy/#.XEAZzlUzaM8

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ