ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Մարդամեջ 2019 սոցիալ-նորարարության հավաք․ արդյունքների ամփոփում

03:20, մարտի 29, 2019

Մարտի 22-24-ը տեղի ունեցավ Մարդամեջ 2019 սոցիալական նորարարության հավաքը, որին այս տարի մասնակցեցին շուրջ 60 երիտասարդներ Հայաստանի բոլոր համայնքներից։ Հավաքի ընթացքում մասնակիցները մտագրոհի միջոցով գեներացրին և մշակեցին իրենց համայնքային խնդիրները հասցեագրող մի շարք նորարարական գաղափարներ։ Առաջին օրվա ավարտին քվեարկության միջոցով ընտրվեցին 8 ամենահետաքրքիր գաղափարներն, ու թիմերը սկսեցին դրանց ծրագրային ձևակերպումներ տալ։ Եռօրյա աշխատանքների արդյունքում մշակված ծրագրերը ժյուրիին ներկայացվեցին հավաքի վերջին հատվածում, որոնցից ժյուրիի անդամներն ընտրեցին 4 հաղթող ծրագիր։ Հաղթած ծրագրերի կարճ նկարագրություններն են՝

«Ոտնահետք» ծրագրի նպատակն է քարտեզագրել համայնքներում հաշմանդամներին հարմարեցված կառույցները (համայնքապետարան, հիվանդանոցներ, խանութներ, հուրանոցներ և այլն)՝ դրանք առանձնացնելով մեկ ընդհանուր լոգոյի միջոցով և ստեղծել նման կառույցների ցանց։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև իրականացնել թիրախավորված դրամահավաք՝ չհարմարեցված կառույցներում թեքահարթակներ և այլ անհրաժեշտ հարմարություններ տեղադրելու նպատակով։

 «Պարզ մեխանիզմ» ծրագիրը ծառայելու է որպես պլատֆորմ՝ համայնքներում առկա առանձին խնդիրների լուծման համար (սահմանամերձ գյուղի մանկապարտեզի վերանորոգում, խոցելի ընտանիքներին/խմբերին աջակցություն)՝ կազմակերպելով թիրախավորված սոցիալական արշավներ, որում ներգրավված կլինեն բիզնես կառույցներն ու հասարակ քաղաքացիները։ Թիմի անդամները պատրաստվում են ստեղծել արշավի համար հատուկ բրենդ և բանակցել սննդի, կենցաղային պարագաների արտադրությամբ զբաղվող բիզնես կազմակերպությունների հետ, որպեսզի վերջիններս տեղադրեն բրենդն ու QR կոդերն իրենց ապրանքների տուփերի վրա։ Նմանատիպ տուփով վաճառված յուրաքանչյուր ապրանքի արժեքի մի փոքր մասը կտրամադրվի բարձրացված խնդրի լուծմանը։ QR կոդի միջոցով սպառողը կկարողանա սոցիալական արշավի վերաբերյալ ավելի համապարփակ տեղեկություն ստանալ և հավելյալ մասնակցություն ունենալ ծրագրի իրականացմանը (նվիրատվություն, կամավորական աշխատանք կամ աջակցության ցանկացած այլ տարբերակ)։

«Չսմարթ վահանակ» ծրագրի շրջանակներում Վայքի, Սիսիանի, Գորիսի և Գյումրու հիվանդանոցների, համայնքային շինությունների, կրթական հաստատությունների հարևանությամբ տեղադրվելու են նորարարական վահանակներ․ բացի փողոցի անվանումից, այս վահանակների վրա՝ կախված կառույցի տեսակից, կարևոր տեղեկություններ են լինելու տվյալ կառույցի գործառույթների, քաղաքացու իրավունքների, կրթության, առողջապահության պարզ կանոնների վերաբերյալ։ Վահանակների վրա լինելու են նաև QR կոդեր, որոնք կուղղորդեն մարդկանց դեպի համայնքապետարանի, նախարարությունների կամ այլ կառույցների կայքեր՝ տվյալ տարածքի մասին առավել մանրամասն տեղեկություն ձեռք բերելու նպատակով։

«Թազա tեղ» ծրագրի նպատակն է տեխնիկական լուծումների միջոցով համախմբել տարբեր մարզերի երիտասարդներին՝ զարգացնելու իրենց համայնքները։ Ծրագիրը իրենից ենթադրում է չաթ բոթ՝ հավելված, որը կցվում է ֆեյսբուքյան մեսենջերին։ Չաթ բոթի որոնողական համակարգի միջոցով սպառողը փնտրում է իրեն հետաքրքրող ինֆորմացիա որևէ համայնքի տուրիստական վայրերի, հուշարձանների, գյուղմթերքի, տեղական խոհանոցի մասին, իսկ համայնքների երիտասարդները չաթ բոթի միջոցով տրամադրում են անհրաժեշտ մանրամասները, կապում անհրաժեշտ անձանց, էքսկուրսավարների և տնտեսվարողների հետ, ովքեր հենց այդ համայնքների բնակիչներ են։

Ընտրված ծրագրերը կֆինանսավորվեն և առաջիկա վեց ամիսների ընթացքում կիրականացվեն Հայաստանի տարբեր մարզերում։

 

Մարդամեջ սոցիալական նորարարության հավաքն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» և «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրերի շրջանակներում։



0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ