հայտարարություններ


Հետազոտական դրամաշնորհ՝ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակում

07:15, փետրվարի 27, 2018

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան) հրավիրում է տեղական ինքնակառավարման հարցերով հետաքրքրված երիտասարդ հետազոտողներին դիմելու «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» («ՀաՄաՏեղ») ծրագրի շրջանակում անցկացվող փոքր դրամաշնորհային ծրագրին: Վերջինս նպատակ ունի զարգացնել դրամաշնորհառուների հետազոտական կարողությունները և օգտագործել նրանց հետազոտության արդյունքները ՏԻՄ-երում ՀՀ քաղաքացիների ակտիվ և իրազեկ մասնակցությունը խրախուսելու համար: 2016 և 2017 թթ.-երի դրամաշնորհառուների հետազոտական աշխատանքների արդյունքները զետեղված են ՀՌԿԿ-Հայաստանի

կայքում

Ծրագիրը բաց է հանրային կառավարման, քաղաքագիտության, տնտեսագիտության, սոցիոլոգիայի և հարակից այլ մասնագիտությունների երիտասարդ հետազոտողների, այդ թվում՝ մագիստրատուրայի ուսանողների և ասպիրանտների համար: Դիմորդները պետք է ունենան գիտական գրավոր շարադրանքի փորձ: Անգլերենի և վիճակագրական վերլուծության ծրագրային փաթեթների (օրինակ՝ STATA, SPSS) իմացությունը խիստ ցանկալի է:

 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CVև հետազոտական նախագիծ՝ հայերեն կամ անգլերեն լեզվով (առավելագույնը 4 էջ):
Ներկայացված հետազոտական ծրագրերը կարող են տևել առավելագույնը 4 ամիս: Ընտրված երեք դրամաշնորհառուներից յուրաքանչյուրը կստանա համախառն 200.000 ՀՀ դրամ՝ կատարած հետազոտական աշխատանքի համար:
 
Հետազոտական նախագիծը կարող է վերաբերել հետևյալ թեմաներից որևէ մեկին՝ 
  • համայնքների խոշորացում. մարտահրավերներ ու հաջողություններ 
  • հանրային ծառայությունների մատուցում տեղական մակարդակում
  • տեղական ընտրություններ 
  • տեղական իշխանությունների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը 
  • հանրային մասնակցության գործոնները տեղական ինքնակառավարմանը 
  • էլեկտրոնային կառավարումը տեղական մակարդակում
 
Դիմորդներն ազատ են նախագծեր ներկայացնել ՀՀ հանրային կառավարմանը վերաբերող այլ հարցերի շուրջ ևս: 
Միաժամանակ հետազոտական նախագծերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին: Մասնավորապես, նախագծերը պետք է. 
  • վերաբերեն կոնկրետ խնդրի (վերացական/ընդարձակ թեմաներով հայտերը չեն քննարկվի) 
  • ունենան «աշխատանքային» վերնագիր 
  • հստակորեն ներկայացնեն հետազոտական խնդիր(ներ)ը՝ ներառյալ հետազոտական հարցը և հիպոթեզը (առավելագույնը 1 էջ) 
  • քննարկեն գիտական գրականության առնվազն 3 միավոր՝ բացատրելով, թե ներկայացվող հետազոտական խնդիրն ինչպես է առնչվում այդ գրականությանը (առավելագույնը 1 էջ) 
  • նկարագրեն հետազոտության մեթոդաբանությունը (առավելագույնը 1 էջ) 
  • ներկայացնեն հետազոտական աշխատանքի ժամանակացույց 
Դիմորդներն իրենց հետազոտական նախագծերում կարող են առաջարկել թե՛ որակական, և թե՛ քանակական մեթոդներ: Որպես քանակական հետազոտության աղբյուր, ՀՌԿԿ- Հայաստանը խրախուսում է օգտագործել «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում 2015 թվականին հավաքագրված տվյալները (կարող եք գտնել այստեղ): 
Մրցույթով ընտրվածները կարող են մասնակցել տվյալների վերլուծության դասընթացի, օգտվել ՀՌԿԿ-Հայաստանի, Համայնքների ֆինանսիստների միավորման անձնակազմերի խորհրդատվությունից, օգտագործել առկա հետազոտական ռեսուրսները և տվյալադարանները, ինչպես նաև ստանալ աջակցություն հետազոտության արդյունքները հանրայնացնելիս: 
Ակնկալվող արդյունքները
Ծրագրի ավարտին հետազոտողները պետք է ներկայացնեն վերլուծական նյութ (10 էջի սահմաններում): Հետազոտության արդյունքները և առաջարկությունները կներկայացվեն ՀՌԿԿ-Հայաստան գրասենյակում, ինչպես նաև շահագրգիռ կողմերին, օրինակ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին և այլոց:  
 
Դիմելու կարգը
Փետրվարի 22–ին ժամը 15:00-ին ՀՌԿԿ-Հայաստանի գրասենյակում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում՝ դիմորդների հնարավոր հարցերին պատասխանելու համար: 
Եթե հետաքրքրված եք դրամաշնորհային ծրագրով, ապա խնդրում ենք մինչև սույն թվականի մարտի 11-ը ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և հետազոտական նախագիծը fellowship@crrc.am էլեկտրոնային հասցեով՝ նամակի թեմայի տողում նշելով «ՀաՄաՏեղ» փոքր դրամաշնորհ: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Մարիամ Առաքելյանին նշված էլեկտրոնային հասցեով կամ զանգահարելով (+374-10) 57 48 68 (ext 104) հեռախոսահամարով: 
«ՀաՄաՏեղ» ծրագրի մասին 
«ՀաՄաՏեղ» ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) առաջնորդությամբ՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և ՀՌԿԿ-Հայաստանի հետ համատեղ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրին մանրամասն ծանոթանալու համար հետևեք այս հղմանը
ՀՌԿԿ-Հայաստանի մասին 
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը անկախ հետազոտական կենտրոն է, որն իր գործունեությունն սկսել է 2003 թվականին: Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ծանրակշիռ աջակցությամբ՝ 2013թ. հուլիսին ՀՌԿԿ-Հայաստանը ստացել է անկախ հիմնադրամի կարգավիճակ՝ հետամուտ լինելով Հայաստանում հասարակագիտության և հանրային քաղաքականության ոլորտներում հետազոտությունները խթանելու իր հիմնական առաքելությանը:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան https://www.facebook.com/CRRC.Armenia/posts/1729486233786266?pnref=story.unseen-section


Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ