04:15, February 21, 2019
Փետրվարի 17-ին Իջևան քաղաքում տեղի ունեցան ավագանու ընտրություններ: Այս առիթով Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը և Իջևանի ինֆոտունը կազմակերպել էին նախընտրական բանավեճ: Բանավեճի ընթացքում բնակիչները ֆեյսբուքյան էջում հնարավորություն ունեցան թեկնածուներին ուղղելու իրենց հետաքրքրող հարցրեը և լսել նրանց առաջարկները լուծման վերաբերյալ։ Բանավեճն ուղիղ հեռարձակվում էր ֆեյսբուքում։
Բանավեճի ընթացքում քննարկվեցին Աղստևի աղտոտումը և աղբահանության խնդիրները, տուրիզմի զարգացման հեռանկարները, հանրային տարածքների վերաիմաստավորման հնարավորությունները, համայնքի կառավարման հաշվետվողականության բարձրացումը, համայնքում մշակութային և սպորտային կյանքի զարգացումը, և իհարկե, ՏԻՄ-քաղաքացիական հասարակություն համագործակցության վերաբերյալ թեկնածուների առաջարկները։ Հատկանշական է, որ Աղստևի աղտոտման հարցը բարձրացվեց հենց թեկնածուների կողմից, ինչը վկայում է, որ Իջևանի ինֆոտան՝ վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպած հանրային քննարկումներն ու համայնքային նախաձեռնությունները գետի աղտոտման մշտական խնդիրն արդիականացրել են և դարձրել համայնքի օրակարգի առաջնային հարցերից մեկը։
Հրավիրված ավագանու անդամի 32 թեկնածուներից հանդիպմանը մասնակցեցին միայն 9-ը՝ առավելապես երիտասարդ, նոր սերնդի թեկնածուները։ Վերոնշյալ թեմատիկ ուղղություններով յուրաքանչյուր թեկնածուին տրվեցին 3-ական հարցեր՝ հաշվի առնելով նրանց ներկայացրած նախընտրական ծրագրերը, մասնագիտացումը և մինչ այս ծավալած գործունեությունը:
Մասնակից բոլոր թեկնածուներն իրենց խոսքում ողջունեցին քննարկումը՝ ընդգծելով, որ սա նպաստում է ավագանու անդամների նկատմամբ բնակչության վստահության բարձրացմանը:
Հանդիպմանը մասնակցած 9 թեկնածուներից ավագանու անդամ ընտրվել են 3-ը՝ Արման Մատինյան, Թաթուլ Աթաբեկյան և Խաչատուր Համզյան: Ընտրված ավագանու երիտասարդ անդամները կարևորում են ավագանու ինստիտուտի կայացումը և ցանկանում են ամեն ինչ անել՝ դարձնելու համայնքի կառավարումը ավելի հաշվետվողական և թափանցիկ:
Բանավեճի ուղիղ հեռարձակում-ն իրականացվել է Իջևանի Ինֆոտան և ՀաՄաՏեղ ֆեյսբուքյան էջերով: Իսկ քննարկմանը ներկա էին նաև քաղ. հասարակության ներկայացուցիչներ, ովքեր, ըստ օրակարգի, վերջում հնարավորություն ունեցան նաև իրենց հարցերն ուղղել թեկնածուներին:
Որպես հետագա գործողություն՝ Իջևանի ԻնֆոՏունը նախատեսում է կազմակերպել հետընտրական բանավեճ արդեն նորընտիր ավագանու անդամների հետ, որպեսզի քննարկվեն ՏԻՄ-քաղաքացիական հասարակության համագործակցության հնարավոր տարբերակները։