NEWS


Մարդամեջ սոցիալական նորարարության ճամբար 2021

05:27, March 16, 2021

ԵՀՀ-ն իր գործունեության ողջ ընթացքում մշտապես արժևորել է ծրագրերի ստեղծման և իրագործման  ստեղծագործ մոտեցումները։ Ստեղծագործականությունը մշտապես դիտվում է որպես ծրագրերի գնահատման կարևոր չափանիշ։ Այս առումով ԵՀՀ-ն մշակել է հատուկ մեթոդաբանությամբ միջոցառում, որը բրենդավորվել է որպես Մարդամեջ սոցիալական նորարարության ճամբար։ Այն ամենամյա միջոցառում է, որի նպատակն է համախմբելով բոլոր մարզերի երիտասարդներին, մշակել սոցիալական նշանակության ստեղծագործ և նորարար ծրագրեր։ Մարդամեջը իրականացվում է սկսած 2014 թվականից։ Այն ամեն տարի միավորում է թվով արդեն 80 երիտասարդների բոլոր տասը մարզերից։ Մարդամեջի բուն միջոցառումը եռօրյա հավաք է, որը բաղկացած է դասախոսություններից, գաղափարների մտագրոհից և խմբային աշխատանքից, որից հետո մասնակիցները ներկայացնում են իրենց կողմից մշակված ծրագրերը ժյուրիի դատին։ Լավագույնները ֆինանսավորվում են և իրագործվում։ Համաճարակի բռնկման պատճառով ԵՀՀ-ն մշակել է նաև Մարդամեջ սոցիալ նորարարության հավաքի առցանց տարբերակը, որը բաղկացած է 6 օրերից։ Ֆորմատը հարմարեցվել է օնլայն տիրույթի հնարավորություններին և այդ պատճառով արդեն երկրորդ տարին է, ինչ թիմերը ձևավորվում են մարզային սկզբունքով։ Այս տարվա ծրագրերը ևս ունեին համայնքային նշանակություն․ մշակված տասը ծրագրերից ֆինանսավորվել են վեցը, որոնք կիրագործվեն մասնակիցների կողմից հետևյալ մարզերում՝ Սյունիք, Վայոց ձոր, Արարատ, Տավուշ, Շիրակ և Լոռի։

Հաշվի առնելով արտակարգ իրավիճակների բարձր հավանականությունը երկրում, Սյունիքի մարզային թիմը մշակեց «Կանաչ խնձոր» ծրագիրը, որի նպատակն է վրանային ճամբար կազմակերպելով մասնակիցներին սովորեցել արտակարգ իրավիճակների, առաջին բուժօգնության և բնության պահպանության մասին։ Մասնակիցները վարելու են բլոգ, որտեղ պարբերաբար տեղադրվելու են ճամբարի ընթացքում մշակված օգտակար նյութերը՝ տեքստային և աուդիովիզուալ։

Հին հայկական խաղերին նոր շունչ հաղորդելու և վերակենդանացնելու նպատակով Վայոց ձորի թիմը մշակել է «Խաղեցի ենք միասին» ծրագիրը, որը նպատակ ունի ուժեղացնել համայնքների միջև եղած միջմշակութային կապերը խաղերի կազմակերպման միջոցով։ Ստեղծվելու են նաև խաղեր և նյութեր, որոնք կպարունակեն ինֆորմացիա հին  և մոռացված խաղերի մասին։

Արարատի մարզային թիմը որոշեց վերաիմաստավորել հանրային տարածքները՝ «Գեղամեջ» ծրագրի շրջանակներում կենտրոնանալով Մրգավանի միջնակարգ դպրոցին կից այգու վրա։ Կստեղծվի ռեկրեացիոն այգի, որը կծառայի միջավայրային  և ոչ ավանդական միջոցներով կրթության զարգացմանը։

Մեկ այլ ծրագիր էլ մշակվեց Տավուշի թիմի կողմից ուղղված հանրային տարածքների վերաիմաստավորմանը։ Իջևանում գտնվող Քանդակների այգին կվերածվի կրթական և հանրային միջոցառումների կազմակերպման հարթակի։

Շիրակի մարզում հատուկ կարևորություն տրվեց համայնքային գրադարանների վերաիմաստավորմանը և ընթերցանության խրախուսմանը։ Կվերցվի մեկ համայնքային գրադարան, որը ֆունկցիոնալ առումով կվերափոխվի։

Եվ վերջապես Լոռու թիմը կստեղծի «ԱնտիՓանձի» խաղը, որի շնորհիվ երիտասարդները կլուծեն իրենց ժամանցի կազմակերպման խնդիրը, միաժամանակ ուսումնասիրելով ՏԻՄ կառուցվածքը և ստանալով գիտելիքներ նորագույն տեխնոլոգիաների մասին։

 


0



Calendar


No Data

SURVEYS


No Data

TOP NEWS


No Data

No Data

No Data