04:18, July 04, 2018
Հունիսի վերջին օրերին Աղվերանում էին հավաքվել Հայաստանի տարբեր մարզերի 70 երիտասարդներ: Նրանց բոլորին միավորել էր Մարդամեջ 2018 սոցիալ-նորարարության հավաքը, որի նպատակն է նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների (սոցիալական, ապակենտրոնացման, թափանցիկության և հաշվետվողականության, մարդու իրավունքների) գործընթացների մասին տեղեկատվության, հանրային իրազեկության և մասնակցության բարձրացմանը:
Երիտասարդները հնարավորություն ունեցան չորս հագեցած օրերի ընթացքում դուրս բերել գաղափարներ, որոնք հետագայում վերածվեցին իրագործելի ծրագրերի: Մարդամեջի մեթոդաբանության հիմքում ընկած է նորարարության խթանումը և բարեկեցիկ համայնքներ ունենալու մղումը: Եվ հենց այս երկու շարժառիթներով ոգևորված երիտասարդները ստեղծեցին ինը ծրագիր, որոնցից հինգը իրագործվելու հնարավորություն ստացավ:
Ծրագրերից մեկը Ուստախցանն էր, որը նորարար լուծումներով փորձելու է վերաիմաստավորել աղբի օգտագործումը: Աղբի վերաիմաստավորումն իր հերթին կլուծի բնապահպանական, ինչպես նաև համայնքին բնորոշ որոշ խնդիրներ:
Գյուղամեջ ծրագրով ստեղծելու են էլեկտրոնային հարթակ, որը կնպաստի գյուղատնտեական շուկայի ընդլայմանն ու առաջխաղացմանը, կազմակերպելու է և հեշտացնելու արտադրողի և վաճառողի միջև կապը։
Ամենաբարի ծրագրերից մեկը Երազանքների կատարման կյանքի կոչման startup լաբորատորիան է: Ծրագրի հեղինակները առողջական լուրջ խնդիր ունեցող մարդկանց պատմությունների ներկայացման միջոցով ստեղծելու են երազանքների կատարման հարթակ, որի օգնությամբ ցանկացած մարդ կկարողանա կատարել ինչ-որ մեկի երազանքը:
Խմբերից մեկը մշակել էր «խելացի աղբամանի» ծրագիրը: կայքը, որի միջոցով բնակիչները հնարավորություն կունենան նախօրոք գրանցվելու և ստանալու անհատական կոդ, որը թույլ կտա հավաքելով այն աղբամանի վրա, կուտակել միավորներ գցած աղբի քանակին համապատասխան։
Կորած մոլորված Հայաստան ծրագրի նպատակն է ուշադրություն բևեռել Հայաստանի լքված և լքվող բնակավայրերի ցավոտ հարցերի շուրջ։ Ծրագրի մասնակիցներն ստեղծելու են օնլայն հարթակ, որտեղ ոչ միայն կզետեղեն այդ համայնքների պատմությունն ու տեսարժան վայրերը, այլ կառաջարկեն դրանց ռեաբիլիտացիայի ալտերնատիվ և ստեղծագործ մոտեցումները։
Մարդամեջի մասնակիցներին մաղթում ենք հաջողություն, իսկ ծրագրերի իրականցման մասին ավելի մանրամասն կգրենք:
Սոցիալ նորարարության ճամբարն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» և «Հանրային մասնակացություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրերի շրջանակում: