NEWS


Տեղական Ժողովրդավարության դպրոցը Լոռիում է

03:30, November 20, 2019

Նոյեմբերի 19-ին Վանաձորում մեկնարկեց Տեղական ժողովրդավարության դպրոցի առաջին եռօրյան։ Բացման խոսքում Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը նշեց, որ տեղական ժողովրդավարությունը սկսվում է մեր համայնքներից։ Կայացած և ուժեղ տեղական ինքնակառավարումը պետական կառավարման այլընտրանքն է։ Որքան ուժեղ լինի տեղական ինքնակառավարումը, այնքան պետության գործերը քչանում են և պետությունը սկսում է ավելի կարևոր, ռազմավարական նշանակություն ունեցող գործերով զբաղվել։ 

Ինչպես յուրաքանչյուր մարզային ՏԺԴ-ի ժամանակ, այս անգամ Եվրասիա համագործակցություն հիմնադրամից ծրագրի տնօրեն Միքայել Հովհաննիսյանը վարեց քննադատական մտածողության սեսիան, որի ժամանակ խոսք գնաց դոգմաների, կարծրատիպերի, կոնստրուկտիվ հաղորդակցության ու մեդիագրագետ լինելու մասին։ Հետո մասնակիցները բաժանվեցին չորս խմբի ու սկսեցին վերլուծել տարբեր տեքստեր առաջնորդվելով՝ ո՞վ է ասում, ի՞նչ է ասում, ինչի՞ է ասում սկզբունքով։ Իսկ թե ինչն է համարվում դոգմա, կարծրատիպ, Միքայել Հովհաննիսյանը մեկնաբանում է հետևյալ կերպ․ «Էն պայմանավորվածությունը, որը քարացել է, կարծրացել է, հնացել է ու շարունակում է կանոնակարգել մարդկանց հարաբերությունները, արդեն անկախ այդ մարդկանցից, կոչվում է դոգմա, իսկ այդ փոքրիկ քարացած պայմանավորվածությունները, կոչվում են կարծրատիպեր։ Դրա համար կարծրատիպ է, փափկատիպ չի։ Ինչի՞, որովհետև ինքը քարացել է, իրեն ջարդելը դժվար է, իրանից հրաժարվելը դժվար է։ Սա շատ կարևոր թեմա է, որովհետև Էդ պատկերացումները երբ հնանում են, երբ դադարում են իրենց կարգավորող գործառույթը կատարել, սկսում են խոչընդոտել մարդկության զարգացումը։ Ինչո՞ւ, որովհետև ինքը խանգարում է, որ ես իմ նոր պատկերացումները հարմարեցնեմ ու միջավայրը հարստացնեմ իմ նոր գիտելիքով»։

Համայնքների ֆինանսիստների միավորման փորձագետներից Աննա Ղորուխչյանը խոսեց տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների մասին։ Ահա մի փոքր մեջբերում նրա խոսքից․

«Տեղական ինքնակառավարման մարմինները ծառայում են մեզ, այսինքն՝ հաշվետու են հենց բնակիչների առջև։ Սահմանադրությանը և օրենքներին համաձայն, բնականաբար և սեփական պատասխանատվությամբ։ Սա էլ է շատ կարևոր։ Ի՞նչ է նշանակում սեփական պատասխանատվությամբ։ Եթե տեղական ինքնակառավարման մարմինների տեսնակյունից նայենք, ամբողջ ինքնակառավարումը իրականացնում են մարմինները տեղական ինքնակառավարման սեփական պատասխանատվությամբ։ Այսինքն՝ մարզպետը կամ այլ ավելի բարձր մակարդակներում գտնվող ինչ-որ մարմիններ չեն կարող միջամտել գործերին, իհարկե վերահսկողության տարբեր եղանակներ կան, բայց չեն կարող խառնվել գործերին ու կոնկրետ կարգադրել, թե ինչ անես ու ինչպես ծախսես միջոցներդ։ Տեղական ինքնակառավարման մարմիններն ընդհանրապես իրավասու են լուծելու համայնքային նշանակության խնդիրներ, այսինքն իրենք են որոշում, հենց ավագանու որոշմամբ թե որ խնդիրն ինչպես լուծել ու իրենք էլ հենց պատասխանատվություն են կրում իրենց կատարած քայլերի և որոշումների համար:»

ՏԺԴ-ի առաջին եռօրյայի ավարտին մասնակիցները կստանան տնային հանձնարարություններ, որոնց արդյունքները կքնարկվեն երկրորդ եռօրյայի ընթացքում։

Իսկ ավելի մանրամասն ընթացքին հետևելու համար կարող եք այցելել Տեղական ժողովրդավարության դպրոցի ֆեյսբուքյան էջ։


0



Calendar


No Data

SURVEYS


No Data

TOP NEWS


No Data

No Data

No Data