Փետրվարի 06-ին ՀՀ Կառավարության հերթական նիստի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին» նախագիծը։
Նախագծով նախատեսվում է միավորել Լոռու մարզի Լերմոնտովո և Անտառաշեն համայնքները՝ Լերմոնտովո վարչական կենտրոնով և անվանումով։ Այս երկու համայնքների միավորումը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ ՀՀ-ում տեղի են ունենում վարչատարածքային բարեփոխումներ, այլ նաև նրանով, որ այստեղ մեծամասամբ բնակվում են ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ ու սրանով ապահովված կլինեն
Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի դրույթներից բխող ՀՀ ստանձնած պարտավորությունները:
Ըստ «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանում հրապարակված տեղեկատվության
Լերմոնտովո գյուղի բնակչությունը կազմում է 933 մարդ, որի 80%-ը ռուս, 15%-ը հայ և 5%-ը եզդի ազգի ներկայացուցիչներ են, իսկ ահա
Անտառաշենի բնակչությունը կազմում է 226 մարդ։
Նույն նախագծով նախատեսվում է միավորել նաև նախկին Իջևանի շրջանի համայնքները և ձևավորել Իջևան բազմաբնակավայր համայնքը 18 գյուղական համայնքների (Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջ.), Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն) և Իջևան քաղաքի միավորմամբ։
Նախագծով առաջարկվում է 2020 թվականի հունիսի 14-ին վերը նշված համայնքներում անցկացնել համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ընտրություններ` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո, Անտառաշեն, Տավուշի մարզի Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջ.), Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած. այդ նույն օրը միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները ստանձնում են իրենց լիազորությունները:
Նախագիծն ընդունվեց Կառավարության նիստում։ Այն կուղարկվի Ազգային Ժողով։