Համայնքների խոշորացումը էապես օգնում է արդյունավետ կառավարմանը: Հարցն այն է, որ այսօրվա վարչատարածքային բաժանումը ոչ միայն չի նպաստում, այլև խանգարում է համայնքային ծառայության պատշաճ մատակարարմանը: Ունենք անտրամաբանական չափերի փոքր, մի քանի տասնյակ բնակիչ ունեցող համայնքներ, որտեղ գործնականում անհնար է ինչ-որ բան անելը: Նման համայնքներին տրվել է կառավարման ինստիտուտ` համայնքի ղեկավարով, ավագանիով, բյուջեով, զարգացման ծրագրերով և այլն: Իրականում այդ համայնքները ոչինչ չունեն: Պարզապես սրանց համայնքապետարաններում մի քանի հոգի աշխատում և աշխատավարձ են ստանում: Ունեցած ֆինանսական միջոցներով այդ գյուղերում որևէ բան անել հնարավոր չէ: Նույնիսկ ֆինանսական լուրջ միջոցների առկայության դեպքում անիմաստ է 60, 100, 200 հոգանոց գյուղում մանկապարտեզ պահելը, այլ ծառայություններ մատուցելը:
Շրջանային խոշորացման տարբերակում մեկ նախկին շրջանի տարածքում գոյանալու է մոտավորապես 300 մլն դրամի տնտեսական էֆեկտ, փնջայինի տարբերակում՝ մոտավորապես դրա կեսը: Բայց հարցը դա չէ, փնջային խոշորացման տարբերակում խնայված գումարը շարունակելու է մնալ համայնքներում, պարզապես դրանք կծախսվեն այլ ուղղություններով, նոր ծրագրերի իրականացման կամ հների ընդլայնման վրա: Դա տնտեսում չէ, այլ ֆինանսական հոսքերի տարուղղորդում: Վարչական ծախսերի փոխարեն կարող են իրականացվել նոր ծառայությունների մատուցման կամ կապիտալ ծախսեր: Արդյունավետ կլինեն այն համայնքները, որոնցում կապիտալ ծախսերը կգերակշռեն ընդհանուր ծախսերում: Կրճատելով վարչական ծախսերը` մենք հնարավորություն ենք ունենում ավելացնել կապիտալը դրա մեջ
Համայնքների խոշորացումը նաեւ ենթադրում է բոլոր տեսակի ռեսուրսների համախմբում, այդ թվում մարդկային ռեսուրսների, ֆինանսական ռեսուրսների, տեղեկատվական ռեսուրսների եւ այլն, որոնք ներկայումս փոշիացված պայմաններում ուղակի զուր կորչում են: Համայնքների խոշորացումը նաեւ կնպաստի պատշաճ կառավարման իրականացմանը, որովհետեւ պատշաճ կառավարումը դա այնպիսի սկզբունքների եւ նորմերի իրականացում է, որոնց միջոցով կառավարումը դառնում է արդյունավետ, որակով՝ ի նպաստ քաղաքացիների: Նաեւ կոլեկտիվ կառավարման զարգացում է ենթադրում համայնքների խոշորացումը: Ի՞նչ է նշանակում կոլեկտիվ կառավարման զարգացում: Տեղական մակարդակում ներկայացուցչական մարմինը համայնքի ավագանին է եւ, երբ արդեն ձեւավորվեն բազմաբնակավայր համայնքներ, խոշորացված համայնքը ընդգրկելու է մի քանի բնակավայր, օրինակ, այժմ մոդելային երեք փունջ կա Հայաստանում, որտեղ մայիսի 17-ին անցկացվելու են տեղական հանրաքվեներ, դրանք խոշորացման ծրագրի մեջ են եւ դրանցից երկուսում 7 համայնքներ դառնալու են մեկ համայնք եւ երրորդում 8 համայնքներ դառնալու են մեկ համայնք: Այսինքն բազմաբնակավայր համայնքների մոդել է ձեւավորվելու: Եվ որպեսզի այս փոքր համայնքների ավագանու անդամները, իսկ ընտրությունը լինելու է այնպես, որ յուրաքանչյուր բնակավայրից առնվազն մեկ ավագանու անդամ լինի, կարողանան իրենց փոքր բնակավայրերի շահերը պաշտպանել «ստիպված են» լինելու կոալիցիա կազմել: Այսինքն, կոլեկտիվ, համատեղ աշխատանքը դառնալու է օրինաչափ երեւույթ:
Հաջորդը` համայնքների խոշորացումը կուժեղացնի նաեւ կուսակցություններին, որովհետեւ նախատեսվում է, որ մեծամասնական ընտրություններին զուգահետ ավագանիները կձեւավորվեն նաեւ համամասնական ընտրություններով, եւ կուսակցությունները արդեն պետք է համայնքների վերաբերյալ իրենց պատկերացումները, գաղափարները հանձնեն բնակչության դատին եւ, նրանց վստահությունը ակնկալելով, գան իշխանության, եթե բնակչությունը ընտրի: Դա կնպաստի, որպեսզի կուսակցությունները եւս ուժեղանան: Հիմա մեզ մոտ կուսակցությունների առումով խզում կա տեղական մակարդակի եւ պետական մակարդակի ընտրությունների միջեւ: Բոլոր կուսակցությունները պայքարում են պետական մակարդակում` Ազգային Ժողովի, նախագահական ընտրություններում հաղթելու համար, պայքարում են այդ ընտրություններում, իսկ տեղական ընտրություններում պայքարը թույլ է եւ այս առումով կուսակցությունների ուժեղացման համար համայնքի ավագանու համամասնական ընտրությունը եւս կարեւոր նշանակություն կունենա:
Օրինակ ռիսկերից մեկը հետեւյալն է, որ համայնքի ղեկավարը միշտ կընտրվի համեմատաբար մեծ բնակավայրից, այս մտավախությունը տարածված է, ամեն տեղ նշվում է դրա մասին: Բայց այդ ռիսկը երեւի թե սկզբնական տարիներին խոշորացումից հետո իրոք տեղի կունենա: Բայց դրա լուծման ուղին ո՞րն է, որ փոքր համայնքի ներկայացուցիչները կոալիցիաներ կազմեն եւ կարողանան պայքար մղել մեծ բնակավայրերից առաջադրված թեկնածուների հետ միասին: Իհարկե դժվար է լինելու, բայց կարծում եմ, որ տեղական ինքնակառավարման համակարգը զարգանում է եւ դրա զարգացման հետ միասին ռիսկերն էլ աստիճանաբար կնվազեն: Հաջորդ ռիսկը այն է, որ միշտ որտեղից, որ ընտրվի համայնքի ղեկավարը, այդ համայնքի մեջ ընդգրված բնակավայրերից միշտ ցանկություն է ունենալու ներդրումները կատարել իր բնակավայրում: Սա էլ այնպիսի ռիսկ է, որ տարիների հետ աստիճանաբար նվազելու է: Սրա, իմ կարծիքով, հիմնական լուծման ուղին փոքր համայնքներից ընտրված ավագանու անդամների համատեղ աշխատանքն է, որոշում կայացնող մարմինը համայնքի ավագանին է եւ, եթե կարողանան այդ փոքր համայնքները մեծամասնություն ապահովել, ապա որոշումները կընդունվեն այնպես, որ չվնասի իրենց, նույնիսկ կկարողանան ավելի շատ ներդրումներ տանել դեպի փոքր համայնքներ, քան թողեն, որ մեծ համայնքում լինի:
Հաջորդ ռիսկն այն կլինի, որ ուղղակի կիսատ կթողնվեն այս բարեփոխումները: Հաճախ է հնչում, որ, այ, եթե տեղական հանրաքվեներում բացասական արդյունքներ լինեն, խոշորացում չի լինի: Դա կարծում եմ, որ վտանգավոր թեզ է, կառավարությունը իրավունք ունի եւ պետք է օգտվի իր որոշում ընդունելու այստեղ՝ գերակա իրավունքից: Այսինքն, անկախ տեղական հանրաքվեների արդյունքներից, կարող է կառավարությունը խոշորացնել համայնքները եւ կարծում եմ, որ այս իրավունքից պետք է անպայման օգտվի եւ անկախ նրանից դրական, թե բացասական արդյունքներ կլինեն, իր գործը շարունակի: Իհարկե, լավ կլինի, որ դրական լինեն արդյունքները, բայց դրա համար էլ մեծ աշխատանքներ են պահանջվում. իրազեկման աշխատանքներ, ներդրումային ծրագրեր սկսել ժամանակից շուտ, ոչ թե սպասել` հանրաքվեից հետո անել դրանք, այլ` մինչ հանրաքվեները կարելի է սկսել ներդրումային ծրագրեր իրականացնելը այս խոշորացվող համայնքներում: Սրանք են հիմնական ռիսկերը, որոնք հաղթահարելի են:
Կարծում եմ, որ գործող ՏԻՄ համակարգը այլևս արդյունավետ չէ, սպառել է իրեն: Այն կատարել է իր կարևոր դերը, այն է` խորհրդային տիպի “ինքնակառավարումից” մենք անցել ենք իրական եվրոպական տիպի համակարգի, որն ինքնըստինքյան արդեն մեծ նվաճում է: Մեր ՏԻՄ համակարգը մեծապես համապատասխանում է ՏԻ Եվրոպական խարտիայի պահանջներին և զարգանալու տեղ ունի: Մենք արմատավորել ենք տեղական ժողովրդավարության հիմունքները մեր երկրում, մարդիկ գիտակցում են ՏԻ դերն իրենց համայնքում և իրենց քվեն պատրաստ են տալ իրենց ընտրյալին: Իշխանության որոշումների կայացման գործում բնակչության մասնակցության բազմաթիվ հնարավորություններ են ընձեռված, որոնք ամբողջությամբ դեռ չեն կիրառվում: Համեմատելով մեր համակարգը շատ հետխորհրդային երկրների հետ, կարող եմ ասել, որ զգալի առաջընթաց ունենք: Սակայն այս համակարգն արդեն վաղուց արդիականացման կարիք ունի: Այն պետք է զարգանա երկու ուղղությամբ՝ ավելի արդյունավետ համայնքային ծառայությունների մատուցում և ավելի լայն տեղական ժողովրդավարություն: Երկու ուղղությամբ էլ դեռ շատ անելիքներ կան: Հիմնական խոչընդոտներն են ֆինանսական միջոցների սղությունն ու ՏԻՄ-երի թույլ ինստիտուցիոնալ ու մասնագիտական կարողությունները:
Պատասխանող՝ Արթուր Դրամփյան
Երկու մոդելին էր ծանոթ եմ, անձամբ մասնակցել եմ և՛ մշակման և՛ քննարկման աշխատանքներին: Առավելություններն ու թերությունները հիմնականում քննարկվում եմ Քաունթերփարթի աջակցությամբ մշակված “ՀՀ համայնքների խոշորացման արդյունքում ակնկալվող ուղղակի և անուղղակի ծախսերի և օգուտների մոտարկված հաշվարկ” /Հայաստանի ամերիկյան համալսարան/ և “Համայնքների խոշորացման հետ կապված ծախսերի ու օգուտների գնահատման հաշվետվություն” /Հայաստանի ֆինանսիստների միավորում ՀԿ/ զեկույցներում: Կարճ հղում անեմ ՀԱՀ-ի հետազոտությանը. “Առաջին սցենարը (ըստ որի համայնքների թիվը նվազում է մինչև 300) երկրորդ սցենարի համեմատությամբ (որի համաձայն համայնքների թիվը նվազում է մինչև 50) գնահատվում է որպես ավելի քիչ ռիսկային, սակայն այն միաժամանակ ավելի քիչ օգուտներ է բերում:” Այսպիսով, եթե հարցաթերթիկի 1-ին հարցում քննարկված խնդրի լուծումը դիտարկում ենք համայնքների խոշորացման միջոցով, ապա գերադասելի է երկրորդ /շրջանային տարբերակը/ սցենարը: Սակայն սա չի նշանակում, որ չկան այլ տարբերակներ: Օրինակ, գտնում եմ, որ դեռևս ուշ չէ դիտարկել երկաստիճան ՏԻ-ը առանց խոշորացման, բայց լիազորությունների լուրջ վերաբաշխմամբ: Այս դեպքում առաջին մակարդակին կարելի է տալ ասիմետրիկ լիազորություններ /մեծ համայնքներին ավելի մեծ լիազորություններ, փոքրերին՝ ընդամենը մեկ-երկուսը/ 1 , մնացած լիազորությունները տալով երկրորդ մակարդակին: Ավելին, ստեղծելով և ամրապնդելով երկրորդ մակարդակը, նրան կարելի է փոխանցել մի շարք պետական լիազորություններ, որն էլ կհանդիսանա իրական ապակենտրոնացման դրսևորում:
Պատասխանող՝ Արթուր Դրամփյան
Կարծում եմ բոլոր ռիսկերը դեռ հաշվարկած չեն: Այսպիսի բարդ բարեփոխման պարագայում դժվար է ամեն ինչ նախատեսել, առավել ևս հաշվարկել: Սակայն երկու հանգամանք չի կարելի անտեսել: Առաջին՝ կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը ցույց տվեց, որ լավագույն բարեփոխում կարող է մեծ դիմադրության հանդիպել, եթե քաղաքացիների համար ակնհայտ չեն սպասվելիք օգուտները և եթե չի իրականացվել լայնածավալ տեղեկատվական արշավ և բացատրական աշխատանք: Երկրորդ՝ ապակենտրոնացման բարեփոխումներն իրականացվում են վատթարացող սոցիալ- տնտեսական իրավավիճակի, աղքատության բարձր ցուցանիշների պայմաններում: Հետևաբար` պետք է ավելի լավ հասկանալ խոշորացման հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա, կապել ՏԻ ոլորտի բարեփոխումները տեղական ու տարածքային տնտեսական զարգացման հետ, մի խնդիր, որ կարիք ունի լրացուցիչ ուսումնասիրության: Ինչ վերաբերում է փոքր համայնքներին, կարծում եմ զուտ տեղական իշխանության նստավայրի փոփոխությունը իր մեջ վտանգներ չի պարունակում: Հնարավոր ռիսկերը 1 Ըստ էության նման նախադեպ արդեն ստեղծվել է՝ Երևան համայնքնին տալով ավելի մեծ լիազորություններ քան մյուսներին: պետք է տեսնել հետագայում միացված փոքր բնակավայրերի նկատմամբ ուշադրության նվազման մեջ ֆինանսական կամ վարչական ռեսուրսների պակասի պատճառով: Անբավարար ռեսուրսների պարագայում մեծ հավանականություն կա ենթադրելու, որ դրանք կուղղվեն “փնջի” կենտրոնին, իսկ փնջի ծայրամասերը կարող են անտեսվել:
Պատասխանող՝ Արթուր Դրամփյան
Համայնքային ծառայությունները սովորաբար շարժուն են, մատուցող անձնակազմը կարող է արագ այցելել ցանկացած բնակավայր կամ մոտենալ հաճախորդին: Որպես օրինակ բերեմ աղբահանությունը, ջրամատակարարումը, սանմաքրումը և այլն: Այս ծառայությունները հնարավոր և անհրաժեշտ է խոշորացնել, հետապնդելով ծավալարդյունքի էֆեկտ: Դրանք իրենք են գալիս սպառողի մոտ: Նախադպրոցական կամ արտադպրոցական կրթության, արվեստի ու մշակույթի ծառայությունները խոշորացնելու հարցերում անհրաժեշտ կլինի ավելի զգուշավոր լինել: Հայտնի է, որ նշված հաստատություններից շատերը մի կողմից թերբեռնված են, մյուս կողմից էլ չունեն բավարար նյութատեխնիկական պայմաններ, մարդկային ռեսուրսներ ծառայությունները պատշաճ մակարդակի մատուցելու համար: Այս պարագայում, կարծես թե, ակնհայտ է դառնում այդ ծառայությունների կենտրոնացումը մեկ վայրում, կազմակերպելով քաղաքացիների տեղափոխումը դեպի նշված հաստատությունը: Սակայն նմանատիպ համայնքային ծառայությունների ամբողջ իմաստը քաղաքացուն մոտ լինելն է, հարևանությամբ, մեկ-երկու փողոցի հեռավորությամբ: Այդ սկզբունքով ենք կառուցել մանկապարտեզները, գրադարանները, մշակույթի տները և այլն: Ծառայությունների խոշորացումը խախտում է այդ սկզբունքը և հեռացնում դրանք սպառողից: Հետևաբար` որոշ դեպքերում ստիպված կլինենք նման ծառայությունները պահպանել սպառողին մոտ, հրաժարվել դրանց խոշորացումից, որի արդյունքում, ցավոք, կկորցնենք խոշորացման տնտեսական արդյունավետության որոշ մասը: Զուտ իշխանության ներկայացուցչի ֆիզիկապես հեռու-մոտ լինելը ինձ թվում է էական չէ: Հաճախ բերում են տեղեկանք տալու օրինակը, կարծում եմ “տեղեկանք” հասկացությունը շատ շուտով դուրս կգա մեր առօրյայից: Ժամանակակից համակարգչային տեխնիկայի ու հեռահաղորդակցության, տվյալների համընդհանուր շտեմարանների գործարկման պարագայում տեղեկատվության փոխանակումը բոլոր մակարդակի իշխանությունների համար շուտով կդառնա շատ սովորական գործելակերպ, բնակչից ոչ մի այլևս տեղեկանք չի պահանջվի:
Պատասխանող՝ Արթուր Դրամփյան
Խոշորացված համայնքի ավագանու ձևավորումը համամասնական ու մեծամասնական ընտրակարգերի համադրմամբ կարծում եմ օպտիմալ մոդել է: Այս եղանակով պահպանվում են և բնակչության մեծամասնության և փոքրամասնության շահերը: Նման համակարգը նաև շահագրգռում է քաղաքական կուսակցություններին առավել ակտիվ ներգրավվել ՏԻՄ ոլորտում և ձևավորել իրենց քաղաքական մոտեցումները համայնքների կառավարման գործում: Երևանի օրինակը ցույց է տալիս, որ համամասնական սկզբունքով ձևավորված ավագանին ավելի շահագրգիռ է և ինքնուրույն իր որոշումների կայացման մեջ: Համայնքի ղեկավարի անուղղակի ընտրությունը նշանակում է նրա լիազորությունների որոշակի թուլացում և ավագանու դերի ուժեղացում: Դա կարող է բերել ավելի արհեստավարժ, շահագրգիռ ու գործուն ավագանու ձևավորմանը, որն ավելի խորն է ներգրավված համայնքի ընթացիկ հարցերում, քան հիմա: Այդ պետք է ավելի հաճախ նիստեր գումարի, աշխատի հանձնաժողովներում, հրավիրի փորձագետներ ու ներգրավի բնակիչներին իր աշխատանքներում: Անհրաժեշտ է փաստորեն ապահովել ավագանու բնականոն աշխատանքը, դարձնելով առնվազն ավագանու խոսնակին ու հանձնաժողովների նախագահներին մշտական աշխատող համապատասխան վարձատրությամբ: Ի վերջո` այս մոդելը հանգեցնում է հարցերի ավելի կոլեգիալ քննարկմանն ու լուծմանը, բայց նրա իրականացումը պահանջում է լրացուցիչ ռեսուրսներ, որոնք կարծում եմ բարեփոխման հաշվարկների մեջ նախատեսված չեն: Եթե համայնքի ղեկավարի ընտրությունը լինի ուղղակի, կարծում եմ կունենանք նորից թույլ ավագանի և դոմինանտ համայնքի ղեկավար: Գոյություն ունի և երրորդ տարբերակ: Համայնքի ավագանին իր կազմից ընտրում է խոսնակ /կամ նախագահ/, իսկ գործադրի ղեկավարին նշանակում է: Այսպիսի մեխանիզմը հնարավորություն կընձեռի ընտրել արհեստավարժ մասնագետ, համապատասխան կրթությամբ ու աշխատանքային փորձով: Գործադրի ղեկավարը, ըստ էության լինում է կառավարիչ, համայնքային ծառայող: Այս մոդելում կարելի է նույնիսկ դիտարկել կառավարչի ու աշխատակազմի ղեկավարի պաշտոնների համադրումը, որը հնարավորություն կտա տնտեսել մեկ հաստիք: Բնակավայրի ընդհանուր ժողովի գաղափարը կարծում եմ հետագա զարգացման կարիք ունի: Վստահ չեմ, որ այն կառավարման գործուն մեխանիզմ է դառնալու: Նմանատիպ փորձ գոյություն ունի Ուզբեկստանում: Համայնքի ժողովն /Сход (собрание) граждан/ ընտրում է համայնքի նախագահ /аксакал/, ժողովը նաև օժտված է որոշ վերահսկողական լիազորություններով: 2 Փորձը ցույց է տալիս, որ համայնքային ժողովների մասնակցությունն ապահովելը շատ բարդ խնդիր է, լավագույն դեպքում հավաքվում են 60- 80 հոգի, որոնց մի զգալի մասը պասիվ են ժողովի ընթացքում: Այս պարագայում ապահովել ամբողջ բնակչության շահերը խնդրահարույց է: Առաջարկում եմ դիտարկել տեղական հանրաքվեների ինստիտուտի գործարկումը տարին 1-2 անգամ, որոնց միջոցով բնակավայրի ազգաբնակչությունը կարտահայտի իր կարծիքը և կամքը կարևորագույն խնդիրների վերաբերյալ: Սա ամենևին չի բացառում համայնքային ժողովների անցկացումը, որպես կարծիքների փոխանակման, քննարկման հարթակ, որտեղ նաև տեղական իշխանությունները հաշվետու կլինեն կատարված աշխատանքի ու հետագա ծրագրերի վերաբերյալ: Սակայն որոշումները տվյալ բնակավայրին վերաբերող կենսական հարցերի շուրջ առաջարկվում է ընդունել տեղական հանրաքվեի միջոցով: Բնակավայրը կարող է նաև ուղղակի ընտրել իր վարչական ներկայացուցչին և ավագանու անդամին: Կարելի է դիտարկել այդ երկու պաշտոնների համադրումը:
Պատասխանող՝ Արթուր Դրամփյան
Այո, խոշորացման արդյունքում առաջանում է միջոցների որոշակի տնտեսում և այդ խնայված միջոցները կարող են ուղղվել այլ ծրագրերի ու ծառայությունների: Սակայն ես կողմնակից եմ, որ տնտեսված միջոցներն ուղղվեն ավելի շատ հենց վարչական ծախսերի /օրինակ աշխատավարձ, ենթակառուցվածքների պահպանում և շահագործում և այլն/: Իմ խորին համոզմունքն է, որ կապիտալ ծախսերի զգալի մասը պետք է կատարվի փոխառու միջոցներ ներգրավելու միջոցով, իսկ ետ վճարումը վարչական բյուջեներից, կամ ծառայությունների դիմաց գանձված վճարների հաշվին:
Պատասխանող՝ Արթուր Դրամփյան
Տվյալներ չկան