02:06, մայիսի 14, 2021
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում 18-30 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդներն այսուհետ իրենց ակտիվ մասնակցությունը կունենան համայնքային կյանքին։ «Հավասարություն բոլորի համար» ծրագրի միջոցով երիտասարդները փորձելու են Վանաձորն ավելի հարմարեցված դարձնել։ Ծրագրի ղեկավար Մադլեն Մինասյանը, ծրագրի համակարգող Նարե Կոստանդյանը և ծրագրի մասնակից Օֆելյա Վիրաբյանը Sputnik Արմենիայի տաղավարում ներկայացրել են այս նախաձեռնության մանրամասները։
21–ամյա Մադլենը մեծ երազանքներ ունեցող ակտիվ երիտասարդ է։ Նա սովորում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում։ Այս 4 տարիներին, աշխատելով հաշմանդամություն ունեցող երեխաների հետ որպես լոգոպեդ, հստակ որոշել է պայքարել նրանց իրավունքների համար։
«Ես ծնունդով Վանաձորից եմ ու որոշեցի հենց իմ քաղաքում այսպիսի ծրագիր իրականացնել։ Հաշմանդամություն ունեցող անձինք կան, որ երբևէ չեն եղել թատրոններում, թանգարաններում, պատճառն իհարկե մեկն է. շենքերից շատերը հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այս ծրագրով մենք փորձելու ենք հետազոտել այդ շենքերի մատչելիությունը, որպեսզի երիտասարդներին տանք այդ շինություններն այցելելու հնարավորություն»,–ասաց նա։
Մադլենը վստահ է, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր երիտասարդ ներգրավված լինելով համայնքային կյանքում կարող է ապրել լիարժեք և երջանիկ կյանքով։
Ծրագիրը կազմված է 3 փուլից։
Տվյալներ չկան