Դիլիջանի համայնքապետարանում տեղի ունեցավ «Երիտասարդների մասնակցության խթանումը համայնքի զարգացման գործում» և «Երիտասարդի ձայնը լսելի է» փոքր դրամաշնորհային ծրագրերի ամփոփիչ հանդիպումը։
Ներկայացվեցին ծրագրերի շրջանակում իրականացված գործողությունները։ «Երիտասարդի ձայնը լսելի է» ծրագրով Հաղարծին համայնքում գործել են գրական և բանավեճի ակումբներ, անց են կացվել ՏԻՄ-երի վերաբերյալ դասընթաց։ «Երիտասարդների մասնակցության խթանումը համայնքի զարգացման գործում» ծրագրի շրջանակում Հովք, Հաղարծին, Աղավնավանք, Գոշ և Թեղուտ համայնքներից ընդգրկված երեխաները դասընթացների միջոցով ծանոթացել են ՏԻՄ համակարգին և գործառույթներին, 5-ամյա Զարգացման պլանի կառուցվածքին, մշակման գործընթացին, որոշումներ կայացնելու գործընթացում բնակիչների մասնակցության եղանակներին։
Վերոնշյալ ծրագրերն իրականացվում են «Տեղական ժողովրդավարության դպրոց» ծրագրի շրջանակում՝ Համայնքների ֆինանսիստների միավորման, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Տեղեկատվական համակարգերի զարգացման, վերապատրաստման կենտրոնի կողմից, «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակացությամբ։
Տեղական ժողովրդավարության դպրոցը Տավուշի մարզում իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի գործընկերությամբ։