ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Արի զրուցենք»-ը Տաշիրում ծանոթացրեց ու համագործակցություն ստեղծեց երիտասարդների միջև

02:10, հուլիսի 06, 2021

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն Լոռու մարզում իրականացրել է Տեղական ժողովրդավարության դպրոցը: Դրա շրջանակներում 30–ից ավելի երիտասարդներ մասնակցել են դասընթացների, որից հետո հնարավորություն են ունեցել դրամաշնորհային ծրագրեր ներկայացնել և իրենց գաղափարների իրականացման համար ֆինանսավորում ստանալ։ 

Արմենուհի Մհերյանի «Արի զրուցենք» ծրագիրն իրականացվել է հենց այս ֆինանասավորման շնորհիվ:

Արմենուհին «Դասավանդիր Հայաստան»-ի կողմից գործուղվել է Լոռու մարզի Տաշիր քաղաք՝ որպես բնագիտական առարկաների ուսուցիչ: Այնտեղ բնակվելու ընթացքում նկատել է՝ Տաշիր խոշորացված համայնքի երիտասարդները ոչ միայն չեն ճանաչում իրար, այլև երբեմն նույնիսկ տեղյակ չեն մեկը մյուսի բնակավայրի գոյության մասին:

Իրավիճակը փոխելու, երիտասարդների միջև կապ ստեղծելու ու հետագայում նաև նրանց տեղական ինքնակառավարմանը մասնակից դարձնելու նպատակով Արմենուհի Մհերյանը նախաձեռնել է «Արի զրուցենք»-ը:  

- Տաշիրում հայտնվեցիք որպես ուսուցիչ, հետևաբար տեղացի շատ երիտասարդների, աշակերտների հետ շփվելու հնարավորություն կար, ի՞նչ տեսաք այնտեղ:

- Այո, «Դասավանդիր Հայաստան»-ն ինձ ու ամուսնուս գործուղեց Տաշիր: Մինչև այդ այնտեղ երբևէ չէի եղել: Սկզբում մի քիչ անսովոր էր՝ Երևանի ակտիվությունից, համալսարանական, աշխատանքային կյանքից հետո: Ես դասավանդում էի Տաշիր խոշորացված համայնքի Դաշտադեմ գյուղում։ Այստեղ ո՛չ տրանսպորտ կա, ո՛չ ճանապարհ, ո՛չ էլ այլ որևէ բան։ Հիշում եմ՝ մի անգամ համայնքի ավագանու նիստը հենց Դաշտադեմում էր անցկացվում, մասնակցեցի դրան ու հարցրեցի՝ ի՞նչն է խնդիրը, որ այսպիսի վիճակ է. ոնց որ կյանք չլիներ այդ գյուղերում, երիտասարդներն իրար հետ կապ չունեին մի համայնքում։ Պատկերացրեք՝ Երևանում Աջափնյակի ու Քանաքեռի երիտասարդները ոչ միայն իրար հետ որևէ առնչություն չունենան, այլև չիմանան, որ հարևանությամբ այդպիսի տարածք կա։ Խոշորացված համայնքի գյուղերը հիմնականում ոչ մի կերպ կապված չէին իրար հետ ՝ ճանապարհ չկար, հեռախոսակապի որակը վատն էր, չկար ինտերնետ:

Հետաքրքրվեցի՝ ինչպե՞ս լուծենք այս հարցը, պատասխանեցին, որ հաշվի առնելով ֆինանսական դրությունը՝ ճանապարհը նորոգել չեն կարող: Պետք է ասեմ, որ օրինակ Տաշիրում կա լավ վերանորոգված մշակույթի կենտրոն, որտեղ անվճար դասընթացներ են անցկացվում ու, եթե պարզապես տրանսպորտի հարցը լուծվեր, երիտասարդները հարակից գյուղերից կկարողանային գալ ու մասնակցել դրանց:

Հասկանալով, որ պետք է ինքնուրույն մի բան անել, մասնակցեցի Տեղական ժողովրդավարության դպրոցին, անցա բոլոր դասընթացներն ու ֆինանասավորում ստանալու նպատակով ներկայացրեցի իմ ծրագիրը:

- Խոսքն «Արի զրուցենք»-ի մասին է, ի՞նչ էիք փորձում անել դրա միջոցով։

- Ծրագրի հիմնական նպատակն էր, որ Տաշիր խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի երիտասարդներին ծանոթացնենք իրար հետ, ստեղծենք որոշակի ակտիվություն, որպեսզի վերջում նրանց հետ ակտիվ երիտասարդական կենտրոն ունենանք:

Ծրագիրն իրականացրեցի գործընկերոջս՝ Արման Ազոյանի հետ, ով Տաշիրից է։ Երբ մտածում էինք՝ ինչ տարբերակով ստեղծենք այդ կապը, եկանք եզրակացության, որ եթե դասընթացներ կազմակերպենք, ու դրանց ընթացքում երիտասարդները խմբերով իրար հետ աշխատեն, քննարկում անեն, առաջադրանքները միասին կատարեն, կծանոթանան ու կընկերանան։ Դիմեցինք Տաշիրի համայնքապետարան՝ երիտասարդական բաժին: Բաժնի ղեկավարը շատ դրական ընդունեց մեր նախաձեռնությունը և դասընթացների իրականացման համար մեզ տրամադրեցին համայնքապետարանի նիստերի դահլիճը:

Ի սկզբանե ծրագիրը նախատեսված էր 25 երիտասարդի համար, բայց առաջին օրվա հանդիպմանը 37 մարդ եկավ: Եթե անկեղծ, շատերին ստիպված էի մերժել, որովհետև տրանսպորտային խնդիր կար՝ այդքան մարդ տեղափոխելու, դահլիճն էլ էր փոքր։

Հիշում եմ՝ ծիծաղելի մի դեպք եղավ այդ օրը: Քանի որ սպասվածից շատ մասնակիցներ եկան, դահլիճում մի տղամարդ օգնում էր մեզ, որ արագ աթոռներ ավելացնենք: Հետո պարզվեց՝ քաղաքապետն էր, բայց ես իրեն այդ ժամանակ ընդհանրապես չէի ճանաչում, մտածում էի՝ մասնակիցներից մեկն է: Աթոռները մի քիչ աղմուկով էր դնում, ես էլ պտտվեցի թե՝ «մի քիչ կամաց էլի, սա քաղաքապետարանի գույքն է», զարմացած նայեց դեմքիս (ծիծաղում է-հեղ.):

Այդ առաջին հանդիպումը շատ լավ անցավ, մասնակիցները ոգևորված էին ու երկրորդ դասընթացի ժամանակ արդեն 42 մարդ եկավ: Տեղն այն աստիճանի չէր հերիքում, որ բացեցինք դահլիճի դռները, որպեսզի մասնակիցները գոնե միջանցքում կարողանան կանգնել: Հետագայում հանդիպեցինք նաև քաղաքապետի հետ, ով մեզ մշտական տարածք տրամադրեց, որպեսզի ծրագիրը շարունակական լինի:



–Իսկ ի՞նչ դասընթացներ էին։

–Առաջինը՝ ժողովրդավարությունը Հայաստանում և աշխարհում, երկրորդը՝ ժողովրդավարությունն ու ես, ՏԻՄ մարմիններն ու ՏԻՄ մարմիններն իմ կյանքում։ Դասընթացի ընթացքում քննարկում էինք, թե ՏԻՄ ոլորտում ինչ անելիք կարող են ունենալ երիտասարդները՝ հենց իրենք: Նրանցից շատերը չէին պատկերացնում, որ 16 տարեկանը լրանալուց հետո կարող են նստել ավագանու նիստում, մասնակցել քննարկումներին ու որոշումների կայացմանը:

- Տեսա՞ք ձեր ծրագրի արդյունքը։

- Քիչ-քիչ մեր այն նպատակը, որ այս դասընթացների ընթացքում տեղացի երիտասարդները ծանոթանան, շփվեն ու կապ կառաջանա, իրականացավ: Եթե որևէ մեկը բացակայում էր, միանգամից նկատում էին ու ասում՝ «բա այսինչ մարդը չի եկել»:

Դասընթացներից հետո բոլոր մասնակիցներով արշավ ունեցանք, գնացինք Սանահին, Հաղպատ, եթե նույնիսկ ես չէի լինում հետագա արշավներին, արդեն ինքնուրույն էին կազմակերպում, միասին գնում: Մի անգամ էլ զանգեցին ինձ, ասացին՝ «ձեզ տեղ ենք հրավիրում» (ժպտում է-հեղ.): Ամբողջ խմբով գնացինք համայնքի գյուղերից մեկը, այնտեղ փոքրիկ հյուրասիրություն էին կազմակերպել, ինձ համար գիրք էին նվեր գնել, այդպես շատ հաճելի օր անցկացրեցինք:
Այդ գյուղում տատիկները նայում էին, ասում՝ «այս ի՞նչ տուրիստներ են եկել մեր գյուղ», այն դեպքում, երբ բոլորը նույն համայնքից էին, հարևան գյուղերից, բայց իրար ընդհանրապես չէին ճանաչում։

Հիմա, երբ ունենք հիմնական տարածք, որոշել ենք կրթական ծրագրեր անել: Ոչ ֆորմալ կրթությունն այստեղ ընդհանրապես հասանելի չէ, ու երբ ինֆորմացիան մատուցում ես թեկուզ ամենապարզ պրեզենտացիայի տեսքով, խաղի միջոցով, դա աննկարագրելի ոգևորություն է առաջացնում ու նկատում ես՝ ինչ լավ է ընկալվում:

- Տաշիրում ձեր նկատած խնդիրներից մեկն այսպիսով փորձում եք լուծել՝ երիտասարդներին իրար եք կապում, իսկ այլ ի՞նչ խնդիրներ կան: Ի՞նչ կուզեիք, որ այլ կերպ լիներ մեր մարզաբնական երիտասարդների ու մասնավորապես՝ Տաշիրի երիտասարդների կյանքում:

–Առաջին հերթին կարծրատիպերը պետք է կոտրվեն։ Դրանք շատ–շատ են՝ թեկուզ ամենապարզ հարցերում։ Ես երբեք չէի պատկերացնում, որ նման խնդիրների կհանդիպեմ. գրանցման թերթիկի մեջ մարդիկ վախենում են նույնիսկ իրենց հեռախոսահամարը թողնել, որովհետև կարող է իմ օգնականը զանգել, իսկ ինքը տղա է ու ընտանիքում դրա պատճառով խնդիրներ կլինեն: Լինում է, որ մասնակցին ասում ես՝ դասընթացներին տեղափոխող մեքենան հենց ձեր տան դիմաց չի կարող մոտենալ, գյուղական ճանապարհ է, դու դուրս արի խաչմերուկ, ասում է՝ «չէ՜, ես հո չե՞մ գնալու կանգնեմ այնտեղ, գյուղի մեջ ես չեմ կանգնի»։ Չգիտեմ, անգամ տղաների հետ արշավ գնալը կարող է խնդիր լինել, կամ առհասարակ՝ «աղջիկն ի՞նչ գործ ունի գնա արշավ», «դու ի՞նչ գործ ունես այդ համայնքում»։ Հիշում եմ՝ համայնքներից մեկում «բեսեդկա» կար, ինչ-որ հարց էինք քննարկում ոտքի վրա, առաջարկեցի գնանք այնտեղ, հանգիստ նստենք զրուցենք, աղջիկները միանգամից՝ «չէ, չէ, այնտեղ չգնաք, չի կարելի», ասում եմ՝ «այսինքն չի՞ կարելի», պատասխանում են՝ «դե դա տղաների տեղ է, միայն տղաները կարող են նստել»:
Նաև շատ վաղ ամուսնություններ եմ նկատել, 16-17 տարեկան երեխաներն արդեն երեխաներ ունեն:

– Ի՞նչ անենք, որ առկա խնդիրներն ինչ–որ չափով լուծվեն։

– Անկեղծ ասած, այս ծրագիրը բավականին փոփոխություններ բերեց։ Առաջին օրը, երբ այդքան շատ մարդ էր եկել մասնակցելու, մի ալիք բարձրացավ, որ «հարևանի երեխեն գնացել է, իմն ինչո՞ւ չգնա», մոտավոր խանդի, նախանձի նման մի բան, ինչն ընդհանուր շատ վատ է, բայց այս դեպքում լավ ազդեցություն ունեցավ, մեզ շատ օգնեց, որ ծրագրի մասին ինֆորմացիան մաքսիմալ տարածվի ու շատ մարդ ներգրավվի։ Այդպես երիտասարդները, իրար նայելով, սկսեցին արշավներին մասնակցել, դասընթացներին գալ:

Հիմա եթե Տաշիր գաք ու ասեք՝ «Արի զրուցենք», միանգամից կասեն՝ «հա, ես գիտեմ, իմ այսինքչ բարեկամը մասնակցել է» (ժպտում է-հեղ.): Հույս ունեմ՝ հնարավորություն կլինի նման ծրագրերը շարունակական դարձնենք:

 


«Արի զրուցենք»-ը Տաշիրում ծանոթացրեց ու համագործակցություն ստեղծեց երիտասարդների միջև

0