ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տեղի ունեցավ Տեղական ժողովրդավարության դպրոցի շրջանավարտների ցանցի ֆորումի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը

10:12, նոյեմբերի 03, 2021

Ինչպես արդեն հասցրել էինք տեղեկացնել՝ հոկտեմբերի 15-16–ին «Բեսթ Ռեզորթ» Աղվերան հյուրանոցում տեղի ունեցավ Տեղական ժողովրդավարության դպրոցի շրջանավարտների ցանցի ֆորումի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը։
Արարողությանը ներկա էին ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ գործընկեր միջազգային կառույցների և «ՀաՄաՏեղ» ծրագրի ներկայացուցիչներ, ինչպես նաև յուրաքանչյուր մարզից ընտրված, Տեղական ժողովրդավարության դպրոցի մարզային խորհուրդների 5-ական անդամներ։
Բացման խոսքով ֆորումի մասնակիցներին ողջունեց Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը։
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։
Վերջիններս իրենց ելույթներում երկուստեք կարևորեցին երիտասարդների շրջանում ժողովրդավարական կարողունակության զարգացման և տեղական ժողովրդավարության գործընթացներին ներգրավման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև դպրոցի շրջանավարտների ունեցած դերակատարումը մարզերում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ։
Ողջույնի խոսքին Լիանա Զաքարյանը և Դավիթ Մարգարյանը ներկայացրեցին Տեղական ժողովրդավարության դպրոցի անցած ճանապարհը, ձեռքբերումները, հակիրճ թվային տվյալներ դպրոցի գրանցած արդյունքների մասշտաբայնության վերաբերյալ։ Խոսվեց նաև դպրոցի առաջիկա անելիքների և հեռահար նպատակների մասին։
Միջոցառման հաջորդ մասում տեղի ունեցավ ընդգրկուն պանելային քննարկում՝ նվիրված ոչ ֆորմալ կրթության կարևորությանը ժողովրդավարության կայացման գործընթացներում։ Քննարկման բանախոսներն էին Արթուր Մարտիրոսյանը (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ), Լուսինե Հակոբյանը (ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի համակարգող), Եսթեր Հակոբյանը (Դի-Վի-Վի ինթերնեյշնալ հայաստանյան գրասենյակի տնօրեն)։ Քննարկումը վարում էր Միքայել Հովհաննիսյանը (ԵՀՀ, ծրագրի տնօրեն)։
ՏԺԴ շրջանավարտների ֆորումի առաջին օրվա երկրորդ կեսում մարզային խորհուրդների անդամները բաժանվեցին 5 խմբերի և սկսեցին քննարկել և նախանշել ՏԺԴ ռազմավարության 4 հիմնական ուղղությունները, ինչպես նաև մշակել ՏԺԴ նոր ձևավորված մարզային խորհուրդների օրինակելի կանոնադրությունը։
Ֆորումի 2-րդ օրը նշանավորվեց ՏԺԴ մարզային խորհուրդների կողմից մարզային առաջնահերթությունների քննարկմամբ և մարզային խորհուրդների նախագահների ընտրությամբ։
Հանդիպման վերջում յուրաքանչյուր մարզային խորհրդի նախագահ իր հետ տարավ տվյալ մարզի խորհրդանիշը՝ հետագայում հաջորդ նախագահին փոխանցելու ավանդույթով։
Առաջիկայում ՏԺԴ-ում սպասվում են նշանակալի զարգացումներ, որոնց մասին մեր դպրոցի գործունեության հետևորդներին անպայման կտեղեկացնենք։


Տեղի ունեցավ Տեղական ժողովրդավարության դպրոցի շրջանավարտների ցանցի ֆորումի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան