ՏԺԴ կանոնադրական նպատակներից մեկն է տեղական ինքնակառավարման համակարգում գիտելիքների և հմտությունների տարածումը։ Համայնքային իշխանությունների շրջանում մասնագիտական պատրաստվածության բարձրացումը էականորեն նպաստում է ամուր տեղական ժողովրդավարություն կառուցելուն։ Իսկ քաղաքական թիմերի պատրաստակամությունը` բարձրացնել իրենց ավագանու անդամների կարողությունները, հանդիսանում է համայնքներում կառավարման դրական փոփոխություններ գրանցելու մեծ գրավական։
ՏԺԴ-ն, բացի երիտասարդների համար ոչ ֆորմալ կրթության հնարավորություն ստեղծելուց, իրականացնում է վճարովի մասնագիտացված կրթական ծրագրեր նաև տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների աշխատակազմի և այլ շահագրգիռ խմբերի համար։ Այս առումով արդյունավետ համագործակցություն հաստատվեց «Ապրելու երկիր» կուսակցության հետ։ Դրա շրջանակներում կուսակցության կողմից առաջադրված և համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու անդամների համար կազմակերպվեց և իրականացվեց «Համայնքի ավագանու անդամների ուսուցում» խորացված ծրագիրը։
Դասընթացի 2 օրերի ընթացքում մասնակիցներին մատուցվեցին տեղական ինքնակառավարման ոլորտին և թիմի կարիքներին վերաբերող այնպիսի առանցքային թեմաներ, ինչպիսին են՝
Ավագանու գործունեության կազմակերպումը
Համայնքի կառավարման և զարգացման գործիքակազմերը
ՏԻՄ-եր - համայնքի բնակիչներ հարաբերություններ/համագործակցությունը
Համայնքի տնտեսական զարգացումը
Համայնքային (հանրային բնույթի) ծառայությունների մատուցումը
ՏԺԴ-ն ողջունում է «Ապրելու երկիր» կուսակցության շահագրգռվածությունը տեղական ինքնակառավարման համակարգում ընդգրկված իր անդամների կարողությունների զարգացման հարցում և հրավիրում մյուս քաղաքական թիմերին նույնպես նման, կամ առավել ընդլայնված ուսումնական ծրագրով զարգացնել իրենց կարողությունները։
Դասընթացի բովանդակությունը առավել մանրամասն ներկայացված է ՏԺԴ կայքում՝ «Վճարովի ուսուցում» հատվածում՝ https://celog.am/hy/2/Package/Paid