04:51, հուլիսի 14, 2023
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի կեսին, օրը դեռ պետք է նշանակի կառավարությունը, սակայն Հանրայինի եթերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացնելով օրենքի պահանջը՝ բացատրեց՝ քվեարկությունը պետք է անցկացվի սեպտեմբերի 10-20-ն ընկած առաջին կիրակի օրը, օրացույցով դա սեպտեմբերի 17-ն է։
«Ստացվում է՝ ամառային արձակուրդների թեժ շրջանում նաև սկսվելու է քարոզարշավ», - նշեց Հովակիմյանը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ մեկ տարի առաջ էր հայտարարել, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածուն նախկին փոխվարչապետ, ներկայիս փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է։ Խորհրդարանական ընդդիմությունը դեռ լուռ է։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր «Ազատությանը» միայն փոխանցեց, որ այդ մասին կխոսեն մեկ շաբաթից։ Խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում չհերքեց իր թեկնածության հավանականությունը՝ բայց հավելեց, թե հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ։
«Չբացառելով մասնակցությունը՝ վաղաժամ եմ համարում այն պարզ պատճառով, որ մեր երկիրը հիմա այնպիսի պրոցեսների մեջ է մտել և այնպիսի անվտանգային խնդիրներ կան, որ առաջնայինն այդ խնդիրներն են», - ասաց Թևանյանը:
«Պատիվ ունեմ»-ից էլ փոխանցեցին՝ այս հարցը դեռ խմբակցությունում չեն քննարկել։
33-ամյա Ավինյանից բացի, մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ցանկության մասին հայտնել են նաև երգիչ Ռուբեն Հախվերդյանը, գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալիա Ռոտենբերգը: Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն էլ անցած ամիս տեղեկացրեց՝ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն ինքն է լինելու։
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան