ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ԱՆԴԱՄՆԵՐ


Համայնքների Ֆինանսիստների Միավորում

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1996թ. վերջին ՀՀ-ում սկսվեց տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորումը: Դրան աջակցելու նպատակով 1997-1999թթ. քաղաքների կառավարման միջազգային ասոցիացիան (ICMA) Հայաստանում իրականացնում էր ՙՏեղական ֆինանսների կառավարման արդիականացում՚ ծրագիրը, ՀՀ կառավարման դպրոցի հետ համատեղ: Ծրագրի մասնակիցներն Էին համայնքների ղեկավարների տեղակալներ և ֆինանսական ծառայությունների ղեկավարներ: Ծրագրի նպատակն էր մասնակիցներին ուսուցանել տեղական բյուջետավարման հմտություններ, նրանց հաղորդել համապատասխան գիտելիքներ, ծանոթացնել միջազգային փորձին:
Ծրագիրը ունեցավ մեծ հաջողություն և նրա դասախոսական կազմն ու մասնակիցները գտնելով, որ տեղական ինքնակառավարման համակարգի կայացման ու զարգացման համար մեծ նշանակություն ունի հասարակական կազմակերպությունների ստեղծումը: 1998թ. սեպտեմբերի 24-ին հրավիրեցինհիմնադիր ժողով և ստեղծեցին ՙՀամայնքների ֆինանսիստների միավորում՚ հասարակական կազմակերպությունը:

ՀՖՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ՀՖՄ առաքելությունն է՝ իր մասնագիտական գործունեությամբ նպաստել ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդմանն ու զարգացմանը՝ վեր հանելով բնագավառում առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները և մասնակցելով, մի կողմից, համայնքների ֆինանսական կառավարման բնագավառի զարգացման քաղաքականությունների, օրենսդրական կարգավարումների և մեթոդաբանական գործիքների մշակմանը, նրանց համապատասխանեցմանը ժամանակակից մեթոդներին ու միջազգային չափանիշներին և, մյուս կողմից, հետամուտ լինելով համայնքների ֆինանսական կառավարման բնագավառում առկա քաղաքականությունների, օրենսդրական պահանջների և հայեցակարգային մոտեցումների կիրառմանը և գործնականում իրագործմանը, համայնքների ֆինանսական ծառայությունների հզորացմանը և ֆինանսական ծառայողների դերի բարձրացմանը:

ՀՖՄ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Համայնքների ֆինանսիստների միավորումը ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի «մտքի» առանցքային կենտրոններից է՝ զինված գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսներով, տեղեկատվական և հաղորդակցության ժամանակակից համակարգերով, համալրված արհեստավարժ փորձագետներով ու մասնագետներով, և լայն ճանաչում ստացած Հայաստանում և արտերկրում: Կազմակերպությունը մասնագիտական բազմակողմանի քննարկումների ու երկխոսության մի հարթակ է տեղական ինքնակառավարման բնագավառում քաղաքականություն ձևավորող և իրականացնող պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի սուբյեկտների համար՝ ի նպաստ ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդման և զարգացման:

ՀՀ, ք. Երևան, Երվանդ Քոչարի 20

011531397

info@cfoa.am

http://cfoa.am


Տեղեկատվական համակարգերի զարգացման եվ վերապատրաստման կենտրոն հասարակական կազմակերպություն

«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՏՀԶՎԿ) հիմնադրվել է 2000թ-ին: Դեռևս 1993թ-ից կազմակերպությունը գործել է որպես տեղեկատվական վերլուծական կենտրոն, իսկ 2001թ-ի փետրվարին գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: 

ՀԿ-ի անդամները ՀՀ համայնքների ներկայացուցիչներ են, ովքեր ունեն տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու հարուստ փորձ և մասնակցել են բազմաթիվ համայնքային զարգացման ծրագրերի իրականացմանը:

Կազմակերպության շահառուներն են համայնքային ծառայողները, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների աշխատակիցները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և այլն:

ՏՀԶՎԿ կողմից ստեղծված «Բնակչության ռեգիստր», «Գործավարություն», «Համայնքային գույքի կառավարման համակարգ», «Ավագանի», «Բյուջետավարման համակարգ», «Համայնքի էլ-կառավարման համակարգ» ծրագրային միջոցները ներդրվել են բազմաթիվ համայնքներում և հաջողությամբ կիրառվում են:

Վերջին 6 տարիների ընթացքում կազմակերպությունը մոտ 580 համայնքներում և ՔԿԱԳ 54 տարածքային բաժիններում իրականացրել է  կառավարման տեղեկատվական համակարգերի մշակման և ներդրման, իսկ 10 քաղաքային համայնքներում` քաղաքացիների սպասարկման գրասենյակների ստեղծման աշխատանքներ: Ստեղծված համակարգերը շահագործելու նպատակով կազմակերպությունը ուսուցանել է մոտ 3670 մասնագետների:

ՀՀ. ք. Երևան, Կոմիտաս պող., 51 շ., 2-րդ հարկ

010238021

isintellect@yahoo.com

infosys.am

(+37410) 24-64-71, (+37410) 23-80-21

https://infosys.am


Երևանի մամուլի ակումբ (կոնսորցիումի անդամությունը՝ մինչև 2019 թ․)

Հիմնադրվել է 1995 թվականին` դառնալով լրագրողների առաջին մասնագիտական միավորումը հետկոմունիստական Հայաստանում: ԵՄԱ-ն եկամուտ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպություն է, որը միավորում է լրագրողների, հրատարակիչների, ԶԼՄ-ներիղեկավարների և փորձագետների՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից:

ԵՄԱ հիմնական նպատակն է՝

աջակցել ազատ, անկախ և որակյալ ԶԼՄ-ների զարգացմանը՝ նպաստելով Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը և ժողովրդավարական բարեփոխումներին:

ԵՄԱ հիմնական խնդիրներն են՝

  • պաշտպանել լրագրողների խոսքի ազատության իրավունքը և տեղեկատվության մատչելիությունը
  • նպաստել ԶԼՄ-ների օրենսդրական, տնտեսական բազայի կատարելագործմանը
  • աջակցել հայաստանյան և արտասահմանյան ԶԼՄ-ների և լրագրողների միջև կապեր ընդլայնմանը
  • ձգտել լրագրողական մասնագիտական էթիկայի ամրապնդմանը
  • աջակցել լրագրողների մասնագիտական վարպետության աճին՝ սեմինարների, գիտաժողովների, վերապատրաստման և այլ միջոցներով:

ՀՀ, ք.Երևան 0002, Ղազար Փարպեցու փողոց, 9բ

010530067

pressclub@ypc.am

http://www.ypc.am


Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան (կոնսորցիումի անդամությունը՝ մինչև 2019 թ․)

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների «ՀՌԿԿ» ծրագիրը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մայրաքաղաքներում հիմնադրված` ռեսուրսների և ուսուցման կենտրոնների ցանց է, որի նպատակն է` խթանել հասարակագիտական հետազոտություններն ու հանրային քաղաքականության վերլուծությունը Հարավային Կովկասում:

Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի համագործակցությամբ գործող ծրագիրը կոչված է ապահովելու բարձրորակ հետազոտական ռեսուրսների մատչելիությունը, զարգացնելու հետազոտական կարողությունները և ընդլայնելու հասարակական գիտությունների հետազոտողների և քաղաքական գործիչների միջև երկխոսությունն ու համագործակցությունը:

2003թ-ին, կենտրոնների բացումից հետո, ՀՌԿԿ-ն դարձել է Հարավային Կովկասում հասարակական գիտությունների համայնքի գործունեության կենտրոնական օղակ` հասարակական գիտությունների հետազոտողներին առաջարկելով անհրաժեշտ հիմնարար գրականություն, տվյալներ և մասնագիտական ուսուցում: Կենտրոններն առավել մեծ հնարավորություններ կընձեռեն հետազոտողներին կատարել ինքնատիպ աշխատանք, հետազոտական աշխատանքների հիմքում օգտագործել անցումային շրջանի փաստական տվյալներ և մասնակցել ներքին քաղաքականության հետազոտությամբ զբաղվող համայնքի աշխատանքներին:

Ա.Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մ/շ, 6-րդ հարկ, 602ս

010 574898

crrc@crrc.am

http://www.crrc.am


Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ (կոնսորցիումի անդամությունը՝ մինչև 2019 թ․)

Մենք համոզված ենք, որ խոսքի եւ արտահայտման ազատությունը յուրաքանչյուրիս եւ բոլորիս բացարձակ իրավունքն է, եթե անգամ այդ մասին որեւէ խոսք չլիներ ՀՀ Սահմանադրության մեջ:

Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբի հիմնադրումը նախաձեռնել են լրագրողական եւ հեռուստառադիոարդյունաբերության մեջ որոշակի փորձառություն ունեցող մարդիկ, իրենց անձնական կամավոր, աշխատանքային, դրամական եւ նյութական ներդրումներով:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հիմնվել է 1999 թվականին եւ գրանցվել է ՀՀ Արդարադատության նախարարությունում 2000 թվականի փետրվարի 28-ին, հետագայում կանոնադրական փոփոխությունները գրանցելու համար վերագրանցվել է 2003 եւ 2010 թվականներին:

ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից վերագրանցվել է 2010 թվի դեկտեմբերի 16-ին, վկայականի համարը` 03Ա (A)060758, նախարարի հրաման` համար 211.171.01845:

Գործունեության աշխարհագրությունը.

  • 2000-2003` Գյումրի, Շիրակի մարզ
  • 2004-2005` Շիրակի եւ Լոռու մարզեր
  • 2006-2008` Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզեր
  • 2007-2008` Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Թուրքիա, Վրաստան
  • 2008-2013` Ամբողջ Հայաստանը

Գործունեության հիմնական ուղղություններ.

  • Խոսքի, մամուլի, տեղեկատվության ազատության պաշտպանություն
  • ԶԼՄ որակի, վարկանիշերի, ընտրությունների, հանրային կառավարման որակի դիտարկումներ եւ հսկողություն
  • Մարդու իրավունքների պաշտպանություն

Կազմակերպության հիմնական ուղղությունները՝ 2014-2017թթ, ռազմավարական հայեցակարգի համաձայն.

1. Տեղեկատվության ազատության, թափանցիկության այլ գործիքների գործադրմամբ եւ հաշվետվողականության պարտադրմամբ հանրային վերահսկողություն հանրային ռեսուրսների (հանրային տարածքներ, հանքեր, գույք, սեփականություն, ֆինանսներ, բյուջե, վարկեր եւ այլն) նկատմամբ: Քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացում հանրային որակյալ վերահսկողության իրականացման համար:

2. Որակյալ, մասնակցային տեղական ինքնակառավարման կառուցում, հանրային սեփականության նկատմամաբ հսկողության, ԶԼՄ-տեղական ակտիվների համագործակցության խթանման, բյուջեի մոնիթորինգի, ՏԻՄ մարմինների, աշխատակիցների եւ տեղական հասարակական կառույցների կրթության եւ կարողությունների զարգացման միջոցով:

3. Նպաստել բանակային բարեփոխումների իրականացմանը, բանակի կյանքի, գնումների թափանցիկության ավելացմամբ, բանակային հացագործությունների հետեւողական բացահայտումների եւ ուսումնասիրությունների, հանրային իրազեկումների արշավների, բանակային կյանքի լուսաբանման վարպետության ուսուցման գործիքներով:

4. Հանրային ԶԼՄ համակարգի ստեղծում, որը կսպասարկի քաղաքացիական հասարակության կարիքները. թերթի, ինտերնետային ռադիոյի եւ հեռուստատեսության (հեռանկարում` եթերային ռադիոյի եւ հեռուստատեսության), վեբ կայքերի զարգացում, սեփական եւ գործընկեր հասարակական կառույցների տեղակատվական եւ շահերի պաշտպանության արշավների սպասարկման համար:

Կազմակերպությունում աշխատում են 18 աշխատակից լրիվ դրույքով: (08.08.2013)

Ներկայումս իրականացվող ծրագրերի թիվն է` 5:


Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ հասարակական կազմակերպության կանոնադրական նպատակներն ու խնդիրներն են.

1. Ժուռնալիստների մասնագիտական իրավունքների եւ շահերի պաշտպանություն:
2. Խոսքի, տեղեկատվության, մամուլի, արտահայտման ազատության պաշտպանություն: 
3. Ժուռնալիստիկայի եւ հարակից մասնագիտությունների (օպերատոր, խմբագիր, մոնտաժող, մեկնաբան, հաղորդավար, համակարգչային օպերատոր, թարգմանիչ) գծով հատուկ դասընթացների, փորձի փոխանակման կազմակերպում, իրականացում:
4. Ասուլիսների եւ բանավեճերի կազմակերպում, իրականացում:
5. Ժուռնալիստական եւ ԶԼՄ-ների աշխատանքների մրցույթների կազմակերպում, իրականցում:
6. Տեղի եւ հյուր ժուռնալիստներին տեղեկատվական, տեխնիկական եւ այլ աջակցության իրականացում:
7. Լրատվամիջոցների, հասարակական-քաղաքական, հասարակական կազմակերպությունների, իշխանությունների, նրանց ներկայացուցիչների աշխատանքի որակի, վարկանիշերի, հասարակական տրամադրությունների դիտարկումների, ուսումնասիրությունների, վերլուծությունների իրականացում:
8. Ժուռնալիստական Բարձրագույն դպրոցի եւ Պատանի ժուռնալիստների ուսումնական բազայի ստեղծում:
9. Ըստ անհրաժեշտության, օրենքով սահմանված կարգով, ստեղծել կազմակերպության նպատակների իրականացմանն ու դրված խնդիրների լուծմանն ուղղված զանգվածային լրատվամիջոցներ, առեւտրային կազմակերպություններ կամ մաս կազմել դրանց:
10. Տեղեկատվական կենտրոնի եւ լրատվական գործակալության ստեղծում: 
11. Վերը բերված նպատակների իրականացմանն ուղղված հրատարակչական գործունեություն:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդանիշը` տասը մուսաների համաձուլվածքն է, որ եզրափակվում է գրչածայրերով եւ ուղղված է աշխարհի չորս կողմերը:

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբը ստեղծվել է ամենագլխավոր նպատակով` բոլոր կամեցողներին ազատ արտահայտման հնարավորություն տալ: Մեր համոզմամբ՝ ցանկացած մարդ իրավունք ունի իր կամեցած մտքերը հայտնել հանրությանը:

Ով մեկ անգամ գործ է ունեցել «Ասպարեզ» Ակումբի հետ, գիտե, որ ցանկացած մարդ, անկախ քաղաքացիությունից, դավանանքից, ազգությունից, պաշտոնական կամ սոցիալական դիրքից, անկախ ամեն ինչից կարող է այստեղ մամլո ասուլիս հրավիրել եւ խոսել այն ամենի մասին, ինչ կկամենա:

Ակումբի գործունեության 14 տարում այստեղ տեղի է ունեցել մոտ 1100 մամլո ասուլիս, 270 քննարկում-բանավեճ: Այդ միջոցառումների համար ակումբն իր հնարավորությունները տրամադրում է անվճար եւ անհատույց: Չկա մարդ կամ կազմակերպություն, որ ասուլիսի կազմակերպման համար ակումբին դիմած լինի եւ մերժվի:

Ակումբը անցած 14 տարում մոտ 70 անգամ Շիրակում, Լոռիում, Տավուշում  եւ մյուս մարզերում անցկացրել է հանրային կարծիքի զանգվածային հարցումներ եւ հետազոտություններ, որոնցով պարզվել են ԶԼՄ-ների, իշխանությունների, հասարակական գործիչների վարկանիշեր, վարկանիշերի շարժերը, հանրության սպասելիքներն ու դժգոհությունները նրանցից:

Ակումբի հիմնադրման օրվանից ակումբի գլխավոր գրասենյակը գործում է շուրջօրյա:

Անցած 14 տարվա ընթացքում ակումբն իրականացրել է մոտ 60 զանազան ծրագիր, որոնցից 42-ը` դրամաշնորհային օժանդակությամբ:

Տարբեր ժամանակահատվածներում, զանազան ծրագրերի իրականացման ընթացքում ակումբն ունեցել է 6-45 աշխատող եւ մոտ 25 կամավոր:


Ակումբը 2004 թվականին հրատարակել է Գյումրու առաջին ուղեցույց քարտեզը, անգլերեն տարբերակը հրապարակել է 2013 թվականի հունիսին: Արդեն լույս է ընծայվել նաեւ ռուսերեն տարբերակով քարտեզը: 
2004 թվականին գործարկել է իր www.asparez.am կայքը (լուրեր, վերլուծություններ, քաղաքացիական հասարակություն, հետազոտություններ, ծրագրեր եւ այլն)

2009 թվականին գործարկել www.publicdata.am կայքը (համայքներից, մարզպետարաններից, դպրոցներից եւ այլ պետական ու հանրային նշանակության հիմնարկներից հարցումներով ստացվածտեղեկությունների բազա):

2011 թվականին հիմնել է Հայաստանի մարզերի առայժմ միակ օրաթերթը` «Ասպարեզ», այժմ մեծ տպաքանակով տարածվում է ամբողջ Հայաստանում:

Հայաստան-3102, Գյումրի, Պուշկինի 96

031250622

admin@asparez.am

http://asparez.am


Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) տեսլականն է նպաստել նրան, որ Հարավային Կովկասը կայանա որպես խաղաղ, հակամարտություններից զերծ և համագործակցող տարածաշրջան, և աչքի ընկնի քաղաքացիների ներգրավման բարձր մակարդակով, սոցիալապես պատասխանատու ձեռներեցությամբ ու կայուն, պատասխանատու և արդյունավետ հասարակությամբ:

ԵՀՀ առաքելությունն է հզորացնել մարդկանց` սոցիալական արդարության և տնտեսության ասպարեզներում էական փոփոխությունների հասնելու նպատակով, և իրականացնել կոնկրետ ծրագրեր, որոնք կօգնեն մարդկանց բարելավել իրենց համայնքը և կյանքը:

ԵՀՀ–ն անկախ տեղական հիմնադրամ է դարձել 2007 թվականին։ Այն Եվրասիա հիմնադրամի «ժառանգ» կազմակերպությունն է: ԵՀՀ Հայաստանը ծրագրային, կազմակերպական և ֆինանսական առումներով անկախ տեղական հիմնադրամ է, որը ցանցային կապերով կապված է Եվրասիա հիմնադրամի ցանցի հետ և ռազմավարական համագործակցության մեջ է Եվրասիայի մյուս գրասենյակների, հատկապես Վրաստանի և Ադրբեջանի Եվրասիա համագործակցություն հիմնադրամների  հետ։ ԵՀՀ-ն իրականացնում է տարածաշրջանային և խաղարարարական ծրագրեր՝ որպես իր մանդատի կենտրոնական բաղադրիչ։

ԵՀՀ-ն իր գործունեության քսան տարիների ընթացքում կուտակել է ծրագրերի արդյունավետ իրականացման, դրամաշնորհային ծրագրերի կառավարման և Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ համագործակցության զգալի փորձ։

ԵՀՀ-ն ձևավորել է գործունեության յուրահատուկ փաթեթ, որը թույլ է տալիս կազմակերպությունը բնորոշել որպես «մտագործող» («think and do tank») կառույց, որը մշակում և իրականացնում է ռազմավարություններ, միավորում է ցանցեր և կոնսորցիումներ, աշխատում է քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման, քաղաքականության հետազոտությունների և շահերի պաշտպանության, այլընտրանքային բովանդակություն ստեղծելու, քննադատական մտածողություն սերմանելու և խաղաղարարական գործընթացների կազմակերպման ուղղություններով։

ՀՀ, Երևան 0037, Ազատության պող. 1/21, բն. 23,

010251575

info-epf@epfound.am

http://www.epfarmenia.am