11:58, դեկտեմբերի 28, 2016
Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը, որի ընթացքում նախարարը ներկայացրել է նախարարության 2016 թվականի աշխատանքները, պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Լրագրողների հետ հանդիպման ժամամակ նախարարը, մասնավորապես, անդրադարձել է տեղական ինքնակառավարման ոլորտի վարչատարածքային, օրենսդրական մի շարք բարեփոխումների, ՏԻՄ-երում էլէկտրոնային կառավարման համակարգի ներդրմանը, ռազմավարական և ներդրումային ծրագրերի և մի շարք այլ հարցերի:
***
Տեղեկանք 2016 թվականի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատանքների վերաբերյալ
1. Վարչատարածքային բարեփոխումներ (համայնքների խոշորացում)
Մշակվել են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Հունիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է վերոնշյալ օրենքները, որոնց համաձայն՝ ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր, ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Սարապատ, Արփի, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Գորայք, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Այրում, Կողբ համայնքներում համայնքների միավորման միջոցով ձևավորվել են համայնքային փնջեր: Թվով 118 համայքների միավորման արդյունքում ձևավորվել են թվով 15 համայնքներ: Այսպիսով, իրականացվել են համայնքների խոշորացման 18 ծրագրեր, ինչի արդյունքում 140 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 18 համայնք:
Խոշորացվող համայնքներում իրականացվել են վերլուծություններ՝ համայնքային փնջերի ծրագրային առաջնահերթությունների վերաբերյալ, ինչի արդյունքում հրապարակվել է այդ վերլուծությունների ամփոփ հաշվետվությունը (այն զետեղված է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքում):
Վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակներում կիրականացվեն ներդրումային ծրագրեր խոշորացվող համայնքներում՝ ԱՄՆ ՄԶԳ (8.6 մլն ԱՄՆ դոլար) և Շվեյցարական դաշնային զարգացման գործակալության (2,4 մլն ԱՄՆ դոլար) ֆինանսավորմամբ:
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ երեք միավորված համայնքները՝ Դիլիջան, Տաթև և Թումանյան, շուտով կստանան լուրջ տեխնիկական վերազինում: Մեքենաների գնման գործընթացն արդեն սկսված է և առաջին տեխնիկան կժամանի մինչև նոր տարի:
Թումանյան համայքը կստանա 1 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, մեկ բեռնատար մեքենա, մեկ ժամանակակից աղբատար, երեք միկրոավտոբուս: Համայնքի 6 բնակավայրերում կկառուցվեն 6 ավտոբուսային կանգառներ, իսկ Երևան տանող մայրուղու վրա՝ մեկ բազմաֆունկցիոնալ կանգառ-շուկա: Համայնքի համար կկառուցվի մեքենաների և տեխնիկայի կայանատեղ: Թումանյան համայնքի բոլոր գյուղերում այսուհետև կիրականացվի մշտական աղբահանություն:
Տաթև համայնքի համար կգնվի մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, մեկ ավտոգրեյդեր, մեկ ինքնաթափ բեռնատար, երկու հացահատիկ հավաքող կոմբայն և մեկ աղբատար մեքենա, բոլոր գյուղերում կդրվեն աղբամաններ և կիրականացվի մշտական աղբահանություն:
Դիլիջան միավորված համայնքին կտրամադրվի մեծ թվով մեքենաներ և տեխնիկա, մասնավորապես՝ երկու բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, երեք բեռնատար ինքնաթափ, երեք աղբ հավաքող մեքենա, մեկ ավտոգրեյդեր, մեկ քաղաքային կոմունալ ձյուն մաքրող և մեկ փոշեկուլ կոմունալ մեքենա, ամբողջովին կփոխարինվեն Դիլիջան քաղաքի արտաքին լուսավորության հին սարքերը և երկու տարի հետո մենք կունենանք լիովին ժամանակակից լուսադիոդներով լուսավորված համայնք՝ Դիլիջան քաղաքով և 6 գյուղերով: Այս տարվա դեկտեմբեր ամսից Դիլիջանի, Թեղուտի, Հաղարծինի և Գոշի դպրոցներում իրենց աշխատանքն են սկսել ինժեներական լաբորատորիաները, որտեղ արդեն սովորում են 170 ապագա ծրագրավորողներ, եռաչափ նախագծող-ինժեներներ և ռոբոտային տեխնիկայի մասնագետներ:
2017-2018 թվականներին համանման տեխնիկական վերազինում կիրականացվի ևս 15 միավորված համայնքներում, որի շնորհիվ մենք կարձանագրենք համայնքային կարողությունների լուրջ աճ: Համայնքները այսուհետև իրենց տրամադրության տակ ունենալով անհրաժեշտ գործիքակազմ, իրենք կլուծեն իրենց հարցերն ու կբավարարեն կոմունալ կարիքները: Սա շատ լուրջ առաջընթաց կլինի համայնքների ինքնուրույնության բարձրացման և կարողությունների հզորացման ճանապարհին:
2. Օրենսդրական բարեփոխումներ
• «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ նոր օրենք: Նախատեսվում է պետական բյուջեից համայնքներին համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների բաշխման նոր մեխանիզմ, բնակչության թվից առավելապես կախված բաշխումից անցում է կատարվում բազմագործոն բաշխման, լրացուցիչ հաշվի առնելով համայնքների տրանսպորտային հասանելիությունը (մարզկենտրոն, Երևան), բարձրադիրությունը, համայնքում ընդգրկված բնակավայրերի քանակը, բնակչության տարիքային կազմը, մասշտաբի էֆեկտը։ Անցումային էտապում հիմքում դրված է 2016 թ. փաստացի դոտացիայի ծավալից չնվազելու սկզբունքը, նոր տրամաբանությամբ բաշխվում է հավելաճը։ ՀՀ Ազգային ժողովի կողմից օրենքն ընդունվել է 2016թ. հոկտեմբերի 20-ին:
• «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենք, որի նպատակն է հստակորեն սահմանել եւ տարանջատել «տեղական տուրքեր» եւ «տեղական վճարներ» հասկացությունները, վեր հանել տեղական տուրքերի եւ վճարների հետ կապված ՀՀ օրենսդրությունում առկա թերությունները եւ բացերը, միատեսակ մոտեցում ցուցաբերել տեղական տուրքերի եւ վճարների տեսակները եւ դրանց դրույքաչափերը սահմանելիս եւ հստակեցնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն այդ հարցում: ՀՀ Ազգային ժողովի կողմից օրենքն ընդունվել է 2016թ. դեկտեմբերի 16-ին:
• «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենք: Այն անդրադառնում է ինչպես Հայաստանի Հանրապետության 2015թ. Սահմանադրությունից բխող փոփոխություններին և լրացումներին, այնպես էլ առավել լայն մասշտաբով օրենսդրական կարգավորումների փոփոխություններին և լրացումներին, որոնք պայմանավորված են Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայով, Տեղական իշխանությանը մասնակցելու իրավունքի մասին Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի լրացուցիչ արձանագրությամբ (Ուտրեխտի արձանագրություն), ինչպես նաև միջազգային լավագույն փորձով: ՀՀ Ազգային ժողովի կողմից օրենքն ընդունվել է 2016թ. դեկտեմբերի 16-ին:
• «Միջհամայնքային միավորումների մասին» ՀՀ օրենքի նախագիծ: Օրենքի նախագիծը սահմանում է միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, գործունեության կարգը, լիազորությունները և դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները: Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:
• «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ: Նախագծով նախատեսվող փոփոխությունների և լրացումների ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մի շարք իրավակարգավորող փոփոխությունների կատարումն ու «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանեցումը: Նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 22- ի նիստում և կներկայացվի ՀՀ ԱԺ:
• «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենք: Օրենքի ընդունման արդյունքում ապահովվել է «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման կիրարկման իրավաչափությունը:
3. Համայնքների զարգացման ծրագրեր և բյուջեներ
Կատարելագործվել է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մշակման և կառավարման մեթոդաբանությունը; Այդ մեթոդաբանությունը ներկայացնելու նպատակով իրականացվել են աշխատանքային այցեր ՀՀ բոլոր մարզեր: Սկսած 2017 թվականից, այդ ծրագրերի կազմման և իրականացման հիմքում ակնկալվում է ունենալ առավելագույն իրատեսություն, համայնքի զարգացմանն ուղղված միջոցառումներ և համայնքում բիզնեսին աջակցող ծրագրեր:
Մշակվել է համայնքների բյուջեների կազմման մեթոդաբանությունը, այն ունիֆիկացվել է և պետք է միտված լինի եկամուտների աճի և տնտեսական ակտիվության խրախուսման:
4. Էլեկտրոնային կառավարում
• Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ)
ՀՀ 792 համայնքներից 559-ում, կամ համայնքների 70%-ում, շահագործվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար նախատեսված Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգեր (ՀԿՏՀ): Այս համակարգը նպաստում է ՏԻՄ-երի, դրանց աշխատակազմերի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, դրանք առավել մատչելի դարձնելուն, համայնքային բյուջեների և գույքի առավել արդյունավետ կառավարմանը, քաղաքացիների կողմից ՏԻՄ-երի գործունեության վերահսկմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
ՀԿՏՀ-ի՝ խոշորացված համայնքների համար մշակված տարբերակը, որի շնորհիվ մեկ միասնական տեղեկատվական միջավայրի մեջ են ներառվում համայնքապետարանի և վարչական ներկայացուցիչների գրասենյակները, ներդրված է խոշորացված 18 համայնքներից 9-ում:
ՀԿՏՀ-ի մշակման և կիրառման ուղղությամբ ներդրված ջանքերը բարձր գնահատականների են արժանացել նաև միջազգային հարթակներում:
ՀԿՏՀ-ն, որպես ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ներկայացված նախաձեռնություն, հաղթող ճանաչվեց նաև ս.թ. նոյեմբերի 10-11-ը Թբիլիսիում կայացած՝ Վրաստանի Կիբերանվտանգության և ՏՀՏ նորարարության 9-րդ տարածաշրջանային համաժողովի (GITI) շրջանակներում անցկացված մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն տարածաշրջանային համայնքային էլ. ծառայություն» անվանակարգում:
• Համայնքապետարանների համացանցային կայքեր
Ներկա դրությամբ համացանցային կայքեր ստեղծել են 195 համայնքապետարաններ: Համայնքային այս կայքերում հրապարակվում են բոլոր այն տվյալները, որոնք պահանջվում են «Տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքներով:
Համայնքապետարանների համացանցային կայքերի ճնշող մեծամասնությունը գործարկվել է ՀԿՏՀ-ի հենքի վրա: Կայքեր ունեցող համայնքները կազմում են ՀԿՏՀ-ով ապահովված համայնքների 35 տոկոսը, և բոլոր համայնքների 24 տոկոսը:
• Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ (ՔՍԳ)
Հայաստանի Հանրապետության թվով 21 համայնքապետարաններում գործում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ (ՔՍԳ), որոնցից 8-ը խոշորացված համայնքների կենտրոններում:
ՔՍԳ-ներում, որպես գրասենյակի կողմից քաղաքացիներին (բնակչությանը) մատուցվող ծառայությունների տրամադրման հիմնական էլեկտրոնային գործիքակազմ, կիրառվում է նույն ՀԿՏՀ-ն:
Ընթացքի մեջ են խոշորացված ևս 10 համայնքներում (Ամասիա, Արփի, Աշոցք, Սարապատ, Այրում, Նոյեմբերյան, Կողբ, Տեղ, Գորայք) ՔՍԳ-ների հիմնման աշխատանքները:
• Համայնքային նշանակության հանրային միջոցառումների առցանց հեռարձակում
ՀՀ թվով 28 համայնքներ, որոնց մեծ մասի բնակչության թիվը գերազանցում է 10000-ը, ապահովված են համայնքային նշանակության միջոցառումների (ավագանու նիստեր, ՏԻՄ-երի ասուլիսներ, հանրային քննարկումներ) առցանց հեռարձակումներ իրականացնելու հնարավորությամբ:
Վերջին երկու ամիսների ընթացքում առցանց հեռարձակվել են Սիսիան, Եղվարդ, Կապան, Չարենցավան, Հրազդան, Էջմիածին, Գյումրի և Գորիս համայնքների ավագանու նիստերը:
Նախարարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատանքներ են տարվում հեռարձակումների հանրային իրազեկման ընդլայնման ուղղությամբ: Այդ նպատակով «Youtube» ծառայության ալիքներ են բացվել նախարարության, մարզպետարանների և հեռարձակումներ իրականացնող համայնքապետարանների կողմից, որտեղ, բացի պաշտոնական կայքերից, տեղադրվում են այս մարմինների գործունեությունը լուսաբանող տեսանյութերը:
• Կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով միկրոհարցումների անցկացում
Սկսած 2013թ.-ից Հայաստանում իրականացվում է Համայնքային միկրոհարցումներ ծրագիրը: Այն նախաձեռնվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցության արդյունքում: Համայնքային միկրոհարցումների ծրագրի շրջանակներում հանրապետության մի շարք համայնքներում (Գյումրի, Աշտարակ, Գորիս, Արենի, Նոր Երզնկա, Ջանֆիդա, Եղվարդ, Բյուրեղավան, Քասախ, Ջրվեժ և Արզական) փորձարկվել է կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով համայնքային որոշումների կայացմանը բնակիչների մասնակցության մեխանիզմը:
Համայնքային միկրոհարցումների ծրագրի արդյունքներն ու հաջողությունները ներկայացվեցին ս.թ. նոյեմբերի 16-19-ը Բասկերի երկրում, Դոնոստիա-Սան-Սեբաստյան քաղաքում կայացած՝ «Ժամանակակից Ուղիղ Ժողովրդավարություն» 6-րդ Գլոբալ Ֆորումի (6th Global Forum on Modern Direct Democracy) շրջանակներում, հայաստանյան պատվիրակության կողմից, որի կազմում ընդգրված էր նաև ՀՀ ՏԿԶ նախարարության ներկակացուցիչը: Ֆորումին մասնակցել են ավելի քան 200 ակտիվ քաղաքացիներ և ժողովրդավար մասնակցության համայնքի ներկայացուցիչներ 5 մայրցամաքներից, 31 երկրից և 120 համայնքներից:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
2016 թվականի հուլիսի 29-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ ՀՀ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը, որը, մասնավորապես, նախատեսում է տարածքների մրցունակության բարձրացում և մարզերի միջև առկա անհամաչափությունների մեղմում։ Այդ նպատակով կմշակվի միջոցառումների ծրագիր, նաև յուրաքանչյուր մարզի համար տարածքային զարգացման ռազմավարություն։ Վերոնշյալ ռազմավարական նպատակների համար սահմանվել են հետևյալ ռազմավարական քանակական չափորոշիչները։
2025թ.-ի դրությամբ առանձին վերցված յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավել քան 30%-ը։
2025թ.-ի դրությամբ բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների և ակտիվ ձեռնարկությունների թվաքանակը կաճի առնվազն 10 տոկոսով` համեմատած 2016թ.-ի հետ:
ԵՄ հետ նախնական համաձայնություն կա և քննարկվում է բյուջետային օժանդակություն ստանալու հարցը։
2016 թ. դեկտեմբերի 8-ին հավանության է արժանացել ՀՀ 2017-2036թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը: Փաստաթղթի նպատակն է հանրապետության ողջ տարածքում ստեղծել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ԵՄ չափանիշներին բավարարող, ինտեգրված համակարգ, որը տեխնիկական, ֆինանսական և բնապահպանական առումներով կայուն և ծախսարդյունավետ ծառայություններ է տրամադրելու բնակչությանը և հիմնարկներին:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
• «Ինտեգրված աջակցություն գյուղական զարգացմանը․ համայնքների դիմակայության ամրապնդում» ծրագիր
(Դրամաշնորհ, 5.0 մլն ԱՄՆ դոլար)
Նախատեսվում է ՀՀ Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքներում փոքրածավալ համայնքային զարգացման ծրագրերի իրագործում։ Այդ թվում, 45 համայնքներում կարիքների գնահատում և համայնքային զարգացման պլանների ստեղծում մասնակցային ինտեգրված մեթոդոլոգիայով, 90 փոքրածավալ ջերմոցային տնտեսությունների հիմնադրում, 120 հա նոր այգիների հիմնադրում կամ առկա այգիների բարելավում, 30 փոքրածավալ արտադրամասերի ստեղծում, համայնքային փնջերի համար 4 գյուղմեխանիզացիայի պարկերի հիմնում, համայնքային փնջերի համար 3 գյուղմթերքների հավաքման կետերի/սառնաևանային տնտեսությունների հիմնում, 6 վերապատրաստման դասընթացներ և 7 ուսուցողական այցեր ՌԴ, 10 համայնքային ենթակառուցվածքների վերանորոգում/էներգաարդյունավետության բարձրացում, 50 հա տարածքում ջուր խնայող տեղնոլոգիաների ներդնում, 6 համայնքներում մաքուր և անվտանգ խմելու ջրի հասանելիության ապահովում, լավագույն փորձի փոխանակում մարզի այլ բնակավայրերի հետ։
• «Գյուղական զբոսաշրջության ինտեգրված զարգացում» ծրագիր
(Դրամաշնորհ, 3.0 մլն ԱՄՆ դոլար, Զուգահեռ հնարավոր ֆինանսավորում՝ 5.0 մլն ԱՄՆ դոլար (ՓՄՁ ԶԱԿ); 1.3 մլն ԱՄՆ դոլար (KFW))
Նախատեսվում է տեղական մակարդակի տարաբնույթ շահառուների շրջանում ստեղծել սիներգետիկ օգուտներ՝ ներգրավելով տեղի մարդկային ռեսուրսները սոցիալական խտրականության դեմ պայքարին ուղղված արժեքների ստեղծման, տեղում առավելագույն օգուտների պահպանման նպատակով՝ կիրառելով և լրացուցիչ արժեքավորելով առկա ռեսուրսները և հիմնվելով բնակչության պահանջների, հնարավորությունների և արժեքների վրա, ինչպես նաև ապահովելով կայուն զարգացում՝ հաշվի առնելով շրջակա միջավայրի պահպանման պահանջները: Ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչից.
• Կայուն ինտեգրացված գյուղական զբոսաշրջության պլանավորում – կբացահայտվեն, կգնահատվեն և ըստ առաջնահերթությունների կդասակարգվեն համայնքի զբոսաշրջության ակտիվները, որից հետո կմշակվեն փորձագետների նախնական գնահատումները և մասնակցային պլանավորման մեխանիզմները, որոնք կներկայացնեն համայնքում գյուղական զբոսաշրջության զարգացման տեսլականը և ռազմավարությունը՝ տեղի շահառուների հետ լայն քննարկումների և մասնակցության միջոցով:
• Եկամուտների աղբյուրների ընդլայնում համայնքում զբոսաշրջության ապրանքների և ծառայությունների դիվերսիֆիկացման միջոցով – մարդկային ռեսուրսների զարգացում՝ ոլորտին բնորոշ վերապատրաստումների միջոցով (բիզնեսի կառավարում, սննդի մշակում, վաճառք, շուկայավարում, տեղի էքսկուրսավարների վերապատրաստում, և այլն)՝ այդպիսով նպաստելով գիտելիքների պակասի լրացմանը և նախապատրաստելով տեղի համայնքներին՝ զբոսաշրջության ձեռնարկությունների արդյունավետ կառավարմանը: Միևնույն ժամանակ, արտադրության, ծառայությունների մատուցման և կառավարման ասպարեզներում միաժամանակ ներգրավված անձինք կստանան վերապատրաստում զբոսաշրջության ակտիվների կայուն շահագործման և իրենց գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման մեխանիզմների յուրացման ուղղությամբ: Բացի այդ, ծրագիրը կհեշտացնի տեղական զբոսաշրջային ձեռնարկությունների համար ՓՄՁ ԶԱԿ վարկավորման մեխանիզմի միջոցով ֆինանսավորման բաշխման հասանելիությունը:
• Զբոսաշրջային նշանակության վայրերի կայուն կառավարում - հաստատությունների հիմնում, որոնք տեղական շահառուներին կներգրավեն համայնքի՝ որպես զբոսաշրջային նշանակության վայրի կառավարման և զարգացման գործում: Միևնույն ժամանակ, ՄԱԶԾ-ն կապահովի սիներգետիկ կապեր իր առաջիկա ծրագրերի պլանավորման ընթացքում՝ օգտագործելով «խոշոր տվյալներ» և Երևանում հիմնելով ժամանակակակից տեղեկատվական կենտրոն՝ նպատակ ունենալով զարգացնել նոր զբոսաշրջային նշանակության վայրերը: Ավելին, ծրագիրը կօգնի նոր զբոսաշրջային նշանակության վայրերին՝ իրենց զբոսաշրջային ծառայությունները վաճառել ՏՀՏ գործիքների միջոցով:
• Տարածքային զարգացման փորձարարական ծրագրեր /PRDP/
(ԵՄ, Դրամաշնորհ /7մլն եվրո/, տեխնիկական աջակցություն /1.5 մլն եվրո/, պետական համաֆինանսավորում /1.75մլն/)
Հիմնական ոլորտները` ՏՏ, վերականգնվող էներգիա, շրջակա միջավայրի պահպանում(թափոնների կառավարում), գյուղատնտեսություն և սննդի վերամշակում, զբոսաշրջություն:
- Մոտավորապես 500 նոր, կայուն աշխատատեղեր, գրեթե 2000 մարդ զբաղվածության ավելի լավ հնարավորություններ կունենան;
- Կայուն ենթակառուցվածքներ և հմտություններ, ինչը կարող է խթանել հետագա սոցիալական և տնտեսական առաջընթացը մարզերում:
• Քաղաքացիական հասարակության և ՏԻՄ զարգացման աջակցություն
(ԵՄ, Դրամաշնորհ /2մլն եվրո/, տեղական համաֆինանսավորում /0.5 մլն եվրո/)
1. Հաջորդ կանգառը` Եվրոպա – Շարժի պլանավորում և կայուն ռազմավարություններ` Դիլիջան համայնքի փնջի հանրային տրանսպորտի արդյունավետության բարելավման համար, Բյուջե` 500,000 Եվրո (լրացուցիչ համաֆինանսավորում` 50,000 Եվրո):
2. Մաքուր ալյանս` հասանելի ծառայություններ Գորիսի և Սառնակունքի համայնքների փնջի համար, Բյուջե` 496,174 Եվրո (լրացուցիչ համաֆինանսավորում` 86,121 Եվրո)
3. Նպաստել ենթակառուցվածքների (գյուղատնտեսական և տրանսպորտային) զարգացմանը, ինչպես նաև Վայոց Ձորի մարզի Վայքի կլաստերի 5 համայնքների թիրախային խմբերի կարողությունների զարգացմանը, Բյուջե` 384,000 Եվրո (լրացուցիչ համաֆինանսավորում` 42,700 Եվրո)
4. Ուրցաձոր համայնքի կլաստերում աղքատության նվազեցում` ինքնազբաղվածության հնարավորությունների զարգացման միջոցով: Բյուջե` 500,000 Եվրո (լրացուցիչ համաֆինանսավորում` 63,270 Եվրո)
• Արևելյան համագործակցության տարածաշրջանային համագործակցության ծրագիր-Հայաստան Վրաստան
(ԵՄ, Դրամաշնորհ /1.5 մլն եվրո/)
Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության խթանման ծրագրեր են իրականացվել Ախալցխեի հասարակության զարգացման կենտրոնի (Վրաստան), Իջևանի քաղաքապետարանի (Հայաստան), Բոլնիսի լեզվի տան (Վրաստան), Մարնեուլիի ժողովրդավարական կանանց հասարակության, ՀԿ կենտրոն ՔՀ զարգացման կազմակերպության (Հայաստան), CIDA քաղաքացիական զարգացման գործակալության (Վրաստան), Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի (Հայաստան), Մեղվիկ ՀԿ-ի (Հայաստան), Համայնքային զարգացման և սոցիալական աջակցության կենտրոնի (Հայաստան) մասնակցությամբ:
• «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր
Աղբյուրը` ՎԶԵԲ, Արժողությունը` 11 մլն. Եվրո, Վարկային բաղադրիչ` 5.5 մլն. Եվրո
Դրամաշնորհային բաղադրիչներ`
1 - 3.5 մլն. Եվրո` ԵՄ Հարևանության Ներդրումային Գործիք (NIF)
2 - 2 մլն. Եվրո` Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջական միջավայրի գործընկերության (E5P))
Ծրագրի շահառուներ` Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 12 քաղաքներ
1 - ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայրի կառուցում Հրազդան համայնքում:
2 - Համայնքների աղբահանության ենթակառուցվածքների արդիականացում
• «Վանաձոր քաղաքի կոշտ կենցաղային աղբի համակողմանի կառավարման հայեցակարգ» ծրագիր (վարկային պայմանագիրը դեռ չի ստորագրվել)
Աղբյուրը` Գերմանական զարգացման բանկ (KfW)
Արժողությունը` 10.3 մլն. Եվրո
Վարկային բաղադրիչ` 6.3 մլն. Եվրո
Դրամաշնորհային բաղադրիչներ`
1 - 2 մլն. Եվրո` Գերմանական կառավարության կողմից
2 - 2 մլն. Եվրո` ԵՄ Հարևանության Ներդրումային Գործիք, որից հնարավոր են ներդրումային ծախսեր՝ աղբավայրերի փակման, նաև ծրագրի նպատակով կատարելու համար
1 - ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայրի կառուցում Քարաձոր համայնքում` սպասարկելու Վանաձոր, Սպիտակ և Դիլիջան համայնքներին, հետագայում` ողջ Լոռու մարզին:
2 - Փոխաբեռնման կայանի կառուցում Դիլիջան համայնքում` աղբը տեղափոխվում է Քարաձորի աղբավայր
3 - Լոռու մարզի աղբահանության ենթակառուցվածքի արդիականացում
4 - ՀՀ Տավուշի մարզի իրագործելիության ուսումնասիրության իրականացում: Հետագա ֆինանսավորման պարագայում Լոռու մարզի մնացած քաղաքների ներգրավում ծրագրում
• Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր
Աղբյուրը` Ասիական զարգացման բանկ
Արժողությունը` 107.0 մլն. ԱՄՆ դոլար
Վարկային բաղադրիչ` 88.3 մլն. ԱՄՆ դոլար
ՀՀ կառավարության համաֆինանսավորում՝ 18.7 մլն ԱՄՆ դոլար
46 հիմնական, միջնակարգ, ավագ դպրոցների կառուցում կամ ուժեղացում դպրոցաշինության քաղաքաշինական նոր մոտեցումների, էներգոարդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ, կառուցապատման սեյսմիկ նորմերի, ուղեցույցների վերանայում, 8 դպրոցներ արդեն իսկ ընտրված են։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
• ԵԽ Կոնգրեսի հետ Հետմոնիտորինգային երկխոսության շրջանակներում ստորագրվել է «Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2016-2018 թթ. ծրագիրը»:
• 2016թ. ապրիլի 28-ին ԵՀ Էներգետիկայի գլխավոր տնօրինության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև կնքվել է գործընկերության համաձայնագիր, համաձայն որի՝ Նախարարությունը ստանձնել է ԵՀ-ի «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության Ազգային համակարգողի դերը Հայաստանում:
• Կազմակերպվել և հոկտեմբերի 26-ին անց է կացվել ԵՄ Արևելյան Գործընկերության տեղական և տարածքային իշխանությունների հանձնաժողովի (CORLEAP) «Արևելյան գործընկերության երկրներում» համաժողովը:
• ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կողմից կազմակերպվել և հոկտեմբերի 14-ին անց է կացվել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովը:
2011թ-ից պարբերաբար անցկացվող միջտարածաշրջանային համաժողովները նպաստում են Հայաստանի մարզերի ու Ռուսաստանի ռեգիոնների միջեւ տարբեր ուղղություններով համագործակցության խորացմանը և խնդիր ունեն նպաստել երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային մակարդակով առկա փոխգործակցության մեծ ներուժի բացահայտմանը, միջտարածաշրջանային մակարդակով գործակցության նոր ուղղությունների նախանշմանը, նոր կապերի հաստատմանը:
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան