06:27, սեպտեմբերի 30, 2016
Ինչպես արդեն հայտնել էինք, հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են լինելու Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի եւ Լոռու մարզերում: Հոկտեմբերի 2-ին Վայոց Ձորում համայնքապետ կընտրեն 20 բնակավայրերում: Վայոց Ձորի քաղաքային համայնքներում՝ Ջերմուկում եւ Եղեգնաձորում, պայքար չկա, իսկ Վայքում գործող քաղաքապետ Արագած Սաղաթելյանի հետ իր ուժերն է որոշել փորձել անկուսակցական Թարո Ավետյանը: Հետաքրքրիր զարգացումներ են սպասվում Վայոց Ձորի Արենի համայնքում: Համայնքի ղեկավարը իր թեկնածությունը չի առաջադրել, իսկ գյուղապետի աթոռի համար կպայքարեն 6 թեկնածուներ, բոլորն էլ անկուսակցական եւ տարբեր բնագավառների աշխատողներ՝ ՍՊ-ի տնօրենից սկսած մինչեւ Վայոց Ձորի մարզպետարան ներքին աուդիտի բաժնի պետ: Շատին գյուղում կպայքարեն գործող ՀՀԿ-ական գյուղապետ Մամիկոն Սմբատյանը եւ Շատինի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Տիգրան Խուդոյանը: Սյունիքի մարզի 45 համայնքներից 24-ում միակ թեկնածունները համայնքի ղեկավարներն են, կարելի է ասել` նրանք վերընտրվել են: Ամենաթեժ եւ շիկացած ընտրությունները սպասվում են Սիսիանում եւ Կապանում: Հոկտեմբերի 2-ին Կապանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն ՀՀԿ կողմից առաջադրված, գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ՀՅԴ կողմից առաջադրված, նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը և ինքնառաջադրված, ԲՀԿ անդամ Արթուր Մարտիրոսյանը։ Այստեղ Աշոտ Հայրապետյանի օգտին ձայներ հավաքելու գործին լծվել է ողջ իշխանական ապարատը՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարների գլխավորությամբ: Սիսիանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի որդին՝ Արթուր Սարգսյանը, ով զբաղեցնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նախաբացթողումային հսկողության բաժնի պետի պաշտոնը, ԲՀԿ-ն լքած, գործող քաղաքապետ, առայժմ անկուսակցական Աղասի Հակոբջանյանը, ով այս անգամ ինքնաառաջադրվել է: Ըստ շրջանառվող լուրերի` Հակոբջանյանին կաջակցի ՀՀԿ-ն: Սիսիանում ընտրապայքարին հետաքրքիր ընթացք է ապահովում «Լուսավոր Հայաստանի» շարքերը համալրած, Սիսիանի ավագանու անդամ, լրագրող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության տեղի գրասենյակի ղեկավար Սրբուհի Գրիգորյանը: Ինտրիգներով լի ընտրություններ են սպասվում նաեւ Լոռու մարզում: Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները երկուսն են՝ գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը եւ «Ալբերտ Ղարաքեշիշյան» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ճավրուշյանը: «Ալբերտ Ղարաքեշիշյան» ՍՊԸ-ն պատկանում Ստեփանավանի գործող քաղաքապետի որդուն՝ Ալբերտ Ղարաքեշիշյանին: Ախթալայում ընտրություններին մասնակցում է երեք թեկնածու՝ անկուսակցական, Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամրազյանը, ՀԱԿ-ական, «Ախթալա» արհեստակցական կազմակերպության նախագահ Սասուն Վարդումյանը եւ գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը: Այստեղ նույնպես հիմնական պայքարը ընթանում է նախկին եւ ներկա քաղաքապետերի միջեւ: Նշենք, որ Հայկազ Խաչիկյանը ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, թոշակների յուրացման համար դատապարտված ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի եղբայրն է: Վանաձորում ընտրությունները ոչ պակաս թեժ են անցնելու: Եթե մյուս համայնքներում բացի ՀՀԿ-ից, մնացած քաղաքական ուժերը հիմնականում բացակայում են, ապա այստեղ նրանք բավականին ակտիվ են: Վանաձորի քաղաքապետի ընտրություններին կմասնակցի 8 կուսակցություն` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, ՔՊ, ԼՀ, «Հայկական վերածնունդ», «Համախմբում»: Շնողի գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել են 5 թեկնածու՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի մարկշեյդեր, անկուսակցական Արմեն Առաքելյանը, ՀՀԿ-ական Դավիթ Ղումաշյանը (շնողցիների պատմելով՝ վերջինս ՌԴ-ից է վերադարձել ՀՀ, որպեսզի գյուղապետ ընտրվի), անկուսակցական, գործող գյուղապետ Հովիկ Սահակյանը, Թեղուտ ՓԲԸ-ի տեղամասի պետ Հայկազ Քոչինյանը եւ Անդրանիկ Մելիքսեթյանը, որը Թումանյանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետն է: Շնող գյուղում հիմնական ընտրապայքարը տեղի է ունենալու նախկին եւ ներկայիս գյուղապետերի միջեւ: Լոռու մարզի Հոբարձի համայնքում գործող համայնքապետ Մարտուն Միրզոյանն այս ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրել: Այստեղ թեժ պայքար կծավալվի գյուղապետի տեղակալ, անկուսակցական Գագիկ Ղարաջյանի, գյուղապետարանի հաշվապահի որդու՝ անկուսակցական, 33-ամյա Ռուսլան Ղարաջյանի և նախկինում որպես գյուղապետ աշխատած Մուրադ Ղարաջյանի միջեւ:
Նելլի Կարապետյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան